ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը կողմ է Դիլիջանի կոմպոզիտորների տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2013 19:16

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված 3 հարցերն էլ ընդունվեցին գրեթե առանց վիճահարույց քննարկումների:

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն վերաբերող հարցն ընդունվեց միաձայն: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը նշեց, որ հարցը բացատրության կարիք չունի, քանի որ բոլորն են ճանաչում ու գնահատում Միրզոյանի ներդրումը մեր արվեստում:

Վարդազարյանը տեղեկացրեց, որ ժամանակին Միրզոյանն է Անտոն Քոչինյանին համոզել, որ հենց այդտեղ կառուցվի կոմպոզիտորների տունը: «Յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր թուփ այնտեղ զգում է նրա ձեռքի շփումը,-ասաց Վարդազարյանը,-սա կլինի ամենամեծ վերաբերմունքը և ամենաճիշտ մոտեցումը»:

Ներկաներից մեկը հիշեցրեց, որ Կոմպոզիտորների միությունն այդ հարցում առայժմ չի հայտնել իր դիրքորոշումը: Այնուամենայնիվ, ենթահանձնաժողովի անդամները որոշեցին, որ կոմպոզիտորների միության դիրքորոշումը որևէ կերպ չի կարող ազդել իրենց որոշման վրա. «Արդեն երեք ամիս է` հարցը բարձրացված է և կոմպոզիտորների միությունում է, բայց միությունը մինչ օրս չի արձագանքել»,-ասաց Մարտին Վարդազարյանը` միաժամանակ նշելով, որ սա այն հարցն է, որին որևէ մեկը չպետք է դեմ լինի:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի թիվ 44 դպրոցը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի անվամբ անվանակոչելուն: Քննարկմանը ներկա էր նաև նկարչի դուստրը, որը ներկայացրեց մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի` իր հորն ուղղված խոսքը. «Չգիտեմ` իմ Աբու-Լալա Մահարին ինչքան կյանք կունենա, Հրաչ ջան, բայց քո Սայաթ-Նովան անմահ է»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ներկաներին տեղեկացրեց, որ իրենց միության վարչության անդամները կողմ չեն եղել այդ հարցին` հիմնավորմամբ, որ շատ այլ անվանի նկարիչներ կան, որոնց անունով կարելի է դպրոցներ անվանակոչել:

Մարտին Վարդազարյանը նկատեց. «Գուցե սա լավ շարժառիթ լինի, որպեսզի հայ մեծ նկարիչների անուններով դպրոցների անվանակոչումները շարունակական լինեն»:

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի թանգարան հիմնելուն: Հանրային խորհուրդ էր դիմել Մանթաշյանի ծոռնուհի ներկայացող Նինա Մանթաշյանը` հայտնելով, որ մասնավոր անձի կողմից իրեն տրամադրվել է տարածք, որտեղ հնարավոր կլինի հիմնել թանգարանը: Նրա պահանջը մասնավորապես վերաբերում էր տարածքին թանգարանի կարգավիճակ տալուն և նվազագույն աշխատակիցներով ապահովելուն և պետական ֆինանսավորմանը:

Մշակույթի ենթահանձնհաժողովը կողմ քվեարկեց միայն Մանթաշյանի թանգարան հիմնելու գաղափարին, ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը պարզաբանեց, որ դրանք պետական համապատասխան գերատեսչությունների գործառույթների մեջ են մտնում:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply