Պետությունը շարունակելու է աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 14:34

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ծրագրի իրականացման համար 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ: Ըստ նախարարի` կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։
Ծրագրի նպատակներն են`պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել երկրում ՓՄՁ-ի զարգացմանը, ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ի զարգացման միջոցով նպաստել երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը և ապահովել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակի բարձրացում, ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
Տ.Դավթյանը տեղեկացրել է, որ նախատեսված է աջակցության ընդհանուր ծավալների 92 %-ն ուղղել դեպի մարզեր:
«Պետությունը հստակ ձևաչափով շարունակելու է աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին »,– ասել է Տ.Դավթյանը:
Նշենք նաև, որ ՓՄՁ տեսակարար կշիռը ՀՆԱ-ում տարեցտարի ավելանում է, և, ըստ փորձագիտական գնահատականների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 43%:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply