Հայոց բանակի սերմնացաններից շատերը տուն չվերադարձան…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 28, 2013 14:14

Երբ սկսվեց արցախյան ընդվզումը, ու մինչ մենք դռնեդուռ ընկած արդարություն էինք պահանջում, մեր խաղաղ պահանջներին ի պատասխան թուրքը պատերազմ պարտադրեց: Տարիներ շարունակ առանձին-առանձին գործող, պարտիզանական կռիվ մղող ջոկատներից բանակ ստեղծելն այնքան էլ դյուրին գործ չէր, քանի որ ակնհայտ էր` իսկական հաղթանակը դեռ հեռու է: Իսկ երբ Շուշիի և Քաշաթաղի հաղթանակներին հետևեցին Շահումյանի և Մարտակերտի անկումները, պայքարի առաջամարտիկները գիտակցեցին, որ ձեռք բերված հաղթանակներն արդյունավետ կլինեն միայն կանոնավոր բանակի դեպքում: 1992 թ. օգոստոսի 15-ին ԼՂՀ վեց  շրջաններում ստեղծվեցին պաշտպանական կոմիտեներ, իսկ Հայաստանում՝ 5 -րդ բանակային գունդը, որին զինվորագրված 18-20 տարեկան նորակոչիկները հետագայում  փորձառու մարտիկներ դարձան:

Ցավոք, հայոց նորաստեղծ բանակի սերմնացաններից շատերը տուն չվերադարձան: Հերոսացան: Սերունդների շուրթերին նրանց օրինակները երգեր ու լեգենդներ դարձան, խառնվեցին ազգի հերոսական տարեգրությանն ու դարձան նրա մշտական ուղեկիցը:

ԳԵՎՈՐԳ   ՂԱԶԱՐՅԱՆ՝ նորաստեղծ բանակի 2-րդ զորահավաքի քաջ մարտիկ:  1993 թ. հունիսի 7-ից ծառայում էր մայրաքաղաքային գնդում: Իսկ մինչ այդ ավարտել էր մայրաքաղաքի Լեոյի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ոսկեձեռիկ ոսկերիչ վարպետ էր ուզում դառնալ: Ու կդառնար, եթե երկիրը խաղաղ լիներ: Կամավոր զինվոր դարձավ ու   կամովի էլ մարտի դաշտ մեկնեց:

1993 թ. նոյեմբեր- հոկտեմբերին իրավիճակը պայթյունավտանգ էր հատկապես Զանգելանի հատվածում, որտեղ և տեղափոխվեց Գևորգը: Ջոկատում տարիքով ամենափոքրն էր, բայց  իրեն մեծավարի էր պահում: Գորիսի իր ծանոթ- բարեկամի տված մի կտոր լավաշը, պանիրը միշտ կիսում էր ընկերների հետ: Թեև ոչ իր փորն էր կշտանում, ոչ էլ ընկերների, բայց դրանով շահում էր նրանց համակրանքը, սեը և հարգանք էր ձեռք բերում: Ընկերները հասկանում էին, որ իսկը մարտի դաշտի ընկեր է:

Մասնակցել է Զանգելանի (այժմ Կովսական)  ազատագրմանը, որն իրականություն դարձավ 1993 թ. հոկտեմբերի 29-ին:

1994 թ. հունվար-փետրվարն էր, երբ թշնամին փորձում էր վերջին ճիգով, շեշտակի հարվածով ճեղքել Օմարի լեռնանցքում տեղակայված ղարաբաղյան ուժերի պաշտպանական շղթան:  Խիստ ձմեռ էր: Ռումբերից այրված, մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած, բզկտված Օմարի հողը ծածկված էր ձյան հաստ շերտով: Վերջին, որովհետև քանիցս համառ մարտեր են մղվել այդ լեռնանցքի համար: Ի վերջո, հաղթում է նա, ում ոգին ավելի զորավոր է: Վկան` Շուշին: Այդ ոգին հաղթեց նաև Օմարում: Թշնամու առջև այլևս փակ էր երկրի արևելյան դարպասը: Բայց այդ  մարտից չվերադարձածները շատ էին, այդ թվում նաև հրամանատար Վոլոդյա Վերդյանը, Վովան (Գլեբ) և նորակոչիկ զինվոր Գևորգ Ղազարյանը:

Ահեղ մարտում զոհվում է մարտական ընկեր Վովան (Գլեբ): Հրամանատար Վոլոդյա Վերդյանն ու Գևորգը «Ուրալ» մեքենայով գնում են զոհված ընկերոջ դին բերելու և ընկնում թշնամու կրակի տակ: Վիրավորվում է հրամանատարը: Թեպետ դիրքից իջնելու հրամանն արդեն եղել էր, Գևորգը խախտում է զինվորական կարգապահությունը և վիրավոր հրամանատարին օգնության հասնում, բայց  չի հասցնում: Թշմանին արդեն շրջապատում է նրանց:  Վիրավոր հրամանատարն ու զինվորը գերադասում են մեռնել, քան գերի ընկնել: Ու մինչ թշնամին նրանց կհասներ, ուժգին պայթյուն է լսվում, որից թշնամին էլ անկորուստ չի մնում: Իսկ դա 1994 թ. հունվարի 19-ն էր:

Հիմա երեք ընկեր միասին են Եռաբլուրում՝ կողք կողքի: 1997 թ. սեպտեմբերի 27-ին քաջ մարտիկներն արժանացան «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

ԱՐՇԱԿ ԳՈՔՈՐՅԱՆ, ծնվել է 1975 թ. ապրիլի 5-ին Երևանում: Խաղաղ կենցաղով ապրող ընտանիքի երրորդ զավակը սովորել է մայրաքաղաքի թիվ 31 դպրոցում, այնուհետև` մեքենաշինական տեխնիկումում: Մարզասեր էր:  Զբաղվում էր կարատեով, բռնցքամարտով: Երբ «Հայէլեկտրամեքենա» գործարանում պրակտիկա էր անցնում, իր ձեռքով պատրաստեց  սիրած զենքը՝ նինձյայի թուրը, կարեց սամուրայի մարզական սև հագուստը: Հայրենասիրությամբ տոգորված պատանին ամենօրյա  պարապմունքներով հմտանում էր: Բայց դե այդ ամենը պատանեկան նախասիրություններ էին: Երբ բոլորեց 18-ը, առանց հապաղելու գնաց իր պարտքը հայրենիքին տալու: Լավ մարզված, պարթևահասակ նորակոչիկին հատուկ նշանակության ջոկատում ընդգրկեցին: 1992 թ. նոյեմբերն էր: Շուրջ վեց ամիս ծառայեց մայրաքաղաքային գնդում:

1993 թ. գարնանն  իրավիճակն առավել լարվեց  Հայաստանի հարավային սահմաններում: Ստեփանավանում տեղակայված հատուկ նշանակության ջոկատը, որտեղ էլ ծառայում էր Արշակը, Նյուվադիի պաշտպանական դիրքեր տեղափոխվեց: Սահմանամերձ գոտիները թուրքաթափ անելն արդեն հրամայական էր դարձել: Ապրիլին 10-օրյա ժամկետով Քարվաճառ էր մեկնել,մասնակցել նրա ազատագրմանն ու  անփորձանք զորամաս վերադարձել:

1993 թ. հոկտեմբերի վերջին Զանգելանի հիմնական դարպաս համարվող Գարաբազդազ բարձունքն ազատագրելու առաջադրանք է տրվում, իսկ բարձունքն ազատագրող Գրիգոր Բեգլարյանի «Ռեմբո» 18 հոգանոց ջոկատի մարտիկներին թեժ մարտեր էին սպասում:  Տղաների անակնկալ հարձակումն առաջին պահին շփոթեցնում է թշնամուն: Կես ժամ տևած մարտը  տղաներն են շահում, բայց  մեկ օր են կարողանում պահել բարձունքը: Հերթական հրետակոծության ժամանակ արկի բեկորից էլ զոհվում է 18-ամյա անվախ մարտիկը, որի մարմինը 1993 թ. հոկտեմբերի 27-ին հանգիստ առավ Եռաբլուրում:  Իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի 29-ին, վրեժի ցասումով լցված ընկերները կրկին ազատագրում են բարձունքը, այնուհետև` Զանգելանը:

Եռաբլուրում հանգչող զինվորի հոգին էլ  է խաղաղ ու հանգիստ, ինչպես իր ազատագրած բարձունքը:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply