«Ամերիկյան բանտերում դատապարտյալներն ավելի լավ են ապրում, քան արվեստագետները՝ Հայաստանում». քանդակագործ (ֆոտոսրահ)

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 26, 2013 7:06

Անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի արվեստանոցում ցուրտ էր, սակայն մթնոլորտն աստիճանաբար տաքացավ, երբ շուրջս տեսա Նարեկացուն, Սարյանին, Չարենցին, Սահյանին, Բակունցին, Վազգեն Առաջինին, Առնո Բաբաջանյանին, Հրանտ Մաթևոսյանին և էլի շատ մեծերի…

Բրոնզաձույլ, մետաղական, քարե քանդակներն իսկական թանգարանային միջավայր էին ստեղծել, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո դժվարությամբ էիր ուզում հեռանալ:

Այդ պահին քանդակագործը մեծ հայագետ Ռաֆայել Իշխանյանի կիսանդրին էր պատրաստում՝ կավե հիմքի վրա: Կավը գրեթե պատրաստ էր, քիչ բան էր մնացել անելու, որպեսզի Իշխանյանի բարի ու ազնիվ հայացքն ամբողջական տեսք ստանար: Կավի վրա աշխատանքն ավարտելուց հետո արվեստագետը նույնը պետք է ստանա նաև գիպսով, ապա ամփոփի բազալտե քարի վրա: Կիսանդրին տեղադրվելու է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի մուտքի մոտ:

Արվեստանոցի մի հատվածում ուշադրությունս գրավում է մի յուրօրինակ քանդակ՝ պատրաստված մետաղաձողերով: «Սարյա՞նն է»,- հարցնում եմ: «Այո, Սարյանն է, 80-ականներին եմ պատրաստել՝ մրցույթի մասնակցելու նպատակով, բայց, ցավոք, որևէ մրցանակի չարժանացավ,- պատմում է նա,- քննադատեցին՝ ասելով, թե երեխաները կվախենան, ոնց որ կախարդ լինի: Բայց ես հենց կախարդի կերպար էլ ցանկացել էի ստանալ՝ գույների կախարդի, որի ձեռքի վրձինն էլ հրաշքներ գործող կախարդական փայտիկն էր: Ինչ վերաբերում է իմ նոր տեխնոլոգիային՝ մետաղալարերին, դա էլ քննադատվեց. մակարոններ անվանեցին…»:

Չնայած քննադատություններին՝  աշխատանքը մեծ արձագանք է ստանում մամուլի կողմից, դրա մասին գրում են միութենական թերթերը:

Մետաղական կտորներով աշխատելու ոճը նորարարություն էր նրա կողմից, որն այսօր շատ արվեստագետներ են կիրառում: Տպավորիչ են նաև քանդակագործի մետաղի և քարի համադրությամբ քանդակները: Մի շարք կա, որում արվեստագետը բազմաթիվ կերպարներ է ստեղծել լճի կամ գետի ընդամենը երկու քարի համադրությամբ: Այդպիսի մի քանդակ էլ Հրանտ Մաթևոսյանի կերպարանքով է: Ձեռքի ափի մեջ տեղավորվող աշխատանքը երկու քարի յուրօրինակ միաձուլում է. իսկապես Մաթևոսյանն է… «Մի ցուցահանդեսի ժամանակ այդ գործն էլ էի ցուցադրել, երբ ներս եկավ ինքը՝ Մաթևոսյանը,- հիշում է Գետիկ Բաղդասարյանը,- ցույց տվեցի, ասացի՝ սա Դուք եք: Նայեց ինձ, մատը տնկեց, թողեց-գնաց: Հաջորդ օրը, երբ եկա ցուցասրահ, տեսա՝ ինքն էլ է այնտեղ: Մոտեցավ ինձ, նայեց այդ աշխատանքին, ասաց՝ գիտե՞ս, բայց լավն է…»:

Գետիկ Բաղասարյանի արվեստանոցի բակում հոգևորականի կերպարանքով մի հսկայական մետաղական արձան էր կանգնած՝ մոտ հինգ մետր բարձրությամբ: Ասում է, որ դրա վրա գրեթե մեկ տարի աշխատել է և մոտ երկու տոննա մետաղ ծախսել. «Երևի ես ախմախ եմ, որ հինգմետրանոց մետաղական քանդակ եմ պատրաստել»,- ասում է նա՝ բացատրելով, որ այսօր քանդակագործությունն աստիճանաբար փոքրանում է, գրպանի քանդակների հասնում, քանի որ մեծ գործերը ծախսատար են, իսկ գնող կամ պատվիրող չկա:

Բարեբախտաբար, այս արձանը Երևանի քաղաքապետարանում շատ են հավանել և խոստացել են այն գնել ու տեղադրել Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակի բարձրադիր հատվածում:

Հավանաբար շատերն են տեսել Զանգեզուրի դարպասները: 1987 թվականին կառուցված հուշարձանի ճարտարապետն Արեգ Իսրայելյանն է, քանդակագործը՝ Գետիկ Բաղասարյանը: Քանդակներից մեկն արծիվ է՝ իր բնով: «Հետաքրքիր բան էր տեղի ունեցել,- պատմում է նա,- այդ բնի մեջ արծիվն իսկապես բույն էր դրել ու ձագ հանել: Ցավոք, արծվին կրակել, սպանել էին: Գնդակների տեղերը մինչ հիմա կան քանդակի վրա»:

ՀՀ Պետական և Նախագահի մրցանակների դափնեկիր, վաստակավոր արվեստագետի կոչում ստացած քանդակագործը (ի դեպ, երբ նրան հարցրի, թե ինչ կոչումներ ունի, դժվարությամբ հիշեց), որը ժամանակին հանդես է եկել ցուցահանդեսներով Հայաստանում և արտերկրում, վերջին անգամ 90-ականներին է անհատական ցուցահանդես կազմակերպել: «Մեծ ծախսերի հետ է կապված,- ասում է նա:- Բացի այդ, անիմաստ է, եթե միայն քեզ համար ես անում, և գնահատող քիչ կա»:

Ասում է, որ մեկ տարի որևէ գործ չէր ունեցել, վերջին պետական պատվերը մրցույթով ստացել է 2007-ին՝ Ներսես Աշտարակեցու քանդակը, որն այժմ գտնվում է Աշտարակ քաղաքում, և որի համար ՀՀ նախագահի մրցանակ է ստացել: «Գործ չենք ունեցել, բայց ֆոկուսնիկ ենք երևի, որ ապրել ենք,- կատակում է արվեստագետը, ապա խնդրին առավել լուրջ երանգ տալիս,- ո՞նց կարելի է այս պայմաններում ապրել: Երևի ամերիկյան բանտերում դատապարտվածներն ավելի լավ են ապրում, քան արվեստագետները՝ Հայաստանում»:

Ուզած թե չուզած՝ հիշում է խորհրդային տարիները, երբ ստեղծագործական միություններն իսկապես գործում էին, պետպատվերներ էին կատարում: «Իսկ այսօր պետական պատվերներ գրեթե չկան, ստեղծագործական միությունները դարձել են գարեջուր խմողների, շուն պահողների և այլ միությունների պես բաներ: Ուսանողները քանդակի բաժինն ավարտում են, հետո չգիտեն՝ ինչ անեն. ո՛չ արվեստանոց կա, ո՛չ գործ: Մենք քանդակագործությամբ մրցունակ ենք, բայց եթե ծառը չես ջրում, չորանում է, պտուղ չի տալիս կամ փոքր պտուղ է տալիս»:

Քանդակագործը, որ նաև Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնի ղեկավարն է, ասում է, որ այս տարի աննախադեպ քիչ թվով դիմորդներ են ունեցել: Եթե նախկինում 8-9 տեղի համար պայքարում էր 35-40 դիմորդ, այս տարի ընդամենը 7 հոգի է դիմել, 7-ին էլ ընդունել են… «Տեղը փակվելու խնդիր կա, բան կա»,-բացատրում է նա:

Հայաստանում ապրող, ստեղծագործող և չհեռացող բոլոր արվեստագետներին Գետիկ Բաղդասարյանը հերոսի կոչում կտար. «Ցավոք, որոշ արվեստագետներ գնում են արտերկիր, հանձնվում, հետո մեկ էլ լսում ես` Հայաստանում նրանց մրցանակներ են տալիս: Եթե ոչ մի բան չեն արել էս երկրի համար, թողել, փախել են, ինչի՞ եք մրցանակ տալիս»:

Հետաքրքիր է անվանի քանդակագործի կարծիքը մայրաքաղաքում տեղադրված հայ մեծերի արձանաշարքի վերաբերյալ. «Ակադեմիայում ամեն ինչ անում ենք ուսանողներին բարձր չափանիշներով կրթելու, նրանց արվեստի բարձունքներին հասցնելու համար, հանկարծ մի օր նստարանի վրա ցածրաճաշակ Չարենց է հայտնվում: Խնդրեմ, արե՛ք, բայց բարձր որակով արեք»:

Հիացած չէ նաև Կասկադի տարածքում տեղադրված արտասահմանյան քանդակներով. «Մեկ ա, ինձ համար լուրջ քանդակը Թամանյանն է, ես կարող եմ կռիվ տալ, պայքարել դրա համար: Եվ ընդհանրապես մեր շատ քանդակներ համաշխարհային մակարդակի քանդակներ են, թող նախ դրանք գնահատեն, հետո օտարներինը…»:

Դիտվել է 4618 անգամ:
Print Friendly

Leave a Reply