Նոր զարգացումներ զբոսաշրջության ոլորտում. Ի՞նչ կարելի է ակնկալել այս տարի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 26, 2013 15:05

Զբոսաշրջային ոլորտում նախորդ տարին հատկապես նշանավորվել է  համաշխարհային տեսանկյունից: Միայն մեկ տարվա ընթացքում աշխարհի մակարդակով գրանցվել է  մոտ 1 մլրդ զբոսաշրջիկի այցելություն, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` Հայաստան է ժամանել 603 074   զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ցուցանիշների համեմատ 9,4% աճ արձանագրելով: Աճ է արձանագրվել նաև արտագնա զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջության նպատակով նույն ժամանակահատվածում հանրապետությունից մեկնել է 608 175 զբոսաշրջիկ` նախորդ տարվա  համեմատ արձանագրելով 11,4% աճ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի լավատեսական գնահատականներով` վերջնական տվյալների ամփոփումից հետո, տարեվերջյան ցուցանիշները զբոսաշրջային այցելությունների առումով կապահովեն երկնիշ աճ և կհատեն այցելուների  800 հազարի սահմանը: «Զբոսաշրջության ոլորտում նախորդ տարի լավ արդյունքներ ունեցանք»,- ասում է փոխնախարարը` զուգահեռ անցկացնելով համաշխարհային զբոսաշրջության ծավալների աճի հետ, որում այն կազմում է 3-4%: Առաջընթաց է արձանագրվել նաև  արտագնա տուրիզմի ոլորտում, ինչը փոխնախարարը պայմանավորում է բնակչության կենսամակարդակի աճով, որն  արտացոլվում է, իհարկե,  հանգստի մեկնել ցանկացողների թվաքանակով:

 Սակայն որքան էլ Հայաստանը մեծացնում է  իր գրավչությունը միջազգային շուկայում, և որքան էլ մեր երկիրն ինտելեկտուալ տուրիզմի բավարարման երկիր է, և այցելուները, հստակ պատկերացնելով մեր երկրի պատմամշակութային նշանակությունը, գալիս են իրենց պատկերացրածը վիզուալ իրացնելու նպատակով, այդուհանդերձ, զբոսաշրջիկները կարիք ունեն առավել ընդլայնելու տուրիստական բազմազանությունը: Ուստի կամաց-կամաց ավելանում է ազգային և տեղական նշանակության փառատոների կազմակերպումը ողջ հանրապետության տարածքում, որոնցից հատկապես հատկանշական են ավանդական և ժողովրդական դարձած մի քանի փառատոներ: Այդ միջոցառումներից են, մասնավորապես, Արենի գյուղում գինու փառատոնը, Ախթալայի` տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոնը: Նման փառատոների միջոցով ամեն տարի շուրջ 30-40%-ով ավելանում է զբոսաշրջային տուրիստական խմբերի մասնակցությունը:

Այս տարի նախատեսվում է Գյումրիում անցակցնել արհեստների և արվեստների փառատոն` հաշվի առնելով այդ վայրում պահպանվող ավանդույթները: Այդ փառատոնի շնորհիվ զբոսաշրջության տեսանկյունից նոր շունչ է հաղորդվելու Գյումրիին: Փառատոնի շրջանակներում բոլոր արհեստագործներն ու արվեստագործները, ինչպես նաև հին մասնագիտություն ունեցողները, հանդիպելով միմյանց, հնարավորություն կունենան խորացնելու իրենց հմտությունները կամ փորձ փոխանակելու:

Արենիի գինու փառատոնն աստիճանաբար դառնում է սիրված ու ավանդական միջոցառումներից մեկը Հայաստանում: Նման փառատոները, Արա Պետրոսյանի գնահատմամբ, առհասարակ հանգեցնում են  համաչափ տարածքային զարգացման կարևոր խնդրի լուծմանը, որպեսզի տուրիզմը ապակենտրոնացվի:

Հյուրանոցաշինությունը` շահավետ բիզնես

Այն, որ հանրապետության տարածքում լայն թափով զարգանում է հյուրանոցաշինությունը, փաստ է, սակայն հարց է, թե որքանով է այդ կերպ լրացվում առկա պահանջարկը: Միայն անցած տարվա ընթացքում հանրապետությունում կառուցվել և վերականգնվել է մոտ 7 հյուրանոցային համալիր, չորսը մարաքաղաքում, երեքը` մարզերում: Թե ինչն է  հանգեցնում հյուրանոցաշինության ակտիվության, Արա Պետրոսյանի խոսքով, պատճառն այցելուների և հյուրանոցներում թափուր տեղերի անհամապատասխանությունն է, որը կամաց- կամաց կարգավորվում է: Նրա գնահատմամբ` Հայաստանում հյուրանոցային բիզնեսը ինտենսիվորեն զարգանում է և մեծ շահութաբերություն է ապահովում: Սեպտեմբերից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում այցելուների թիվը համեմատաբար ավելի շատ է լինում հյուրանոցային առաջարկից: Ինչպես տեղեկացրեց զրուցակիցս, զբոսաշրջության ոլորտում հիմնական նպատակներից մեկը տուրիստական սեզոնի երկարաձգումն է, որը, սակայն, առանց տուրիստական արտադրանքի դիվերսիֆիկացման, անհնար է լուծել: «Եթե մենք դիվերսիֆիկացման, հետևաբար սեզոնի երկարաձգման արդյունքում կարողանանք պահպանել աճի այս տեմպերը, ապա  հինգ տարի հետո կկարողանանք վստահորեն խնդիրը լուծված համարել: Այսօր տուրիստական այցելություններ ենք ունենում նույնիսկ ձմռան սեզոնին: Կամաց-կամաց ստեղծվել են նախադրյալներ ձմեռային սպորտաձևերի և առողջարանային տուրիզմի միջոցով զբոսաշրջության սեզոնը երկարացնելու  համար»:

Փոխնախարարի գնահատմամբ` այսօր Հայաստանի բոլոր ակտիվ տուրիստական զբոսաշրջային վայրերը՝ Դիլիջանը, Ծաղկաձորն ու Ջերմուկը, ձմեռային սեզոնին ունեն բավական մեծ զբաղվածություն և բավական ակտիվ աշխատում են: Ձմեռվա այս ամիսներին հյուրանոցային համալիրները կարողանում են նվազագույնը 50% զբաղվածություն ապահովել, ինչը հյուրանոցային բիզնեսի համար արդեն շահութաբերության  լավ մակարդակ է ապահովում: «Հայաստանն այսօր դարձել է  մի վայր, ուր սփյուռքահայերից շատերն այցելում են ամանորն այստեղ դիմավորելու և տոնական օրերն անցկացնելու»,- ուրախությամբ արձանագրում է էկոնոմիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ ժամանցային տուրիզմի համար արդեն լավ հիմքեր կան Երևանում, և  մայրաքաղաքն արդեն դարձել է  բավական աշխույժ և գրավիչ քաղաք:

                              Ճոպանուղի նաև Սևանում

 

 Ենթակառուցվածքների զարգացման առումով հանրապետության տարածքում լայն թափ է ստանում նաև ճոպանուղիների և լեռնադահուկային երթուղիների կառուցումն ու շահագործումը: Ծաղկաձորյան վաղեմի և բոլորիս հայտնի ճոպանուղու վերագործարկումից հետո նոր ճոպանուղային երթուղիներ սկսեցին գործել նաև Ջերմուկում, այնուհետև` Տաթևում, իսկ այժմ նաև` Սևան քաղաքում: Այս վայրում բավական լուրջ ներդրումներ են իրականացվել սեզոնի երկարաձգման համար: Այժմ Սևանը դարձել է ոչ միայն ամառային, այլև ձմեռային սպորտաձևերի տուրիզմի կենտրոն: Սևանը շրջապատող բոլոր լանջերը շատ բարենպաստ կլիմա և ռելիեֆ ունեն կարճ լեռնադահուկային մայրուղիների համար: Այն բաց է ոչ միայն Ախթամարի, այլև Սևանի մյուս հյուրանոցային համալիրների հանգստացողների համար: Գյումրիում ևս գործում են երեք լեռնադահուկային երթուղիներ, որոնք անցնում են Աշոցքի, Մեծ Սեպասարի և Կրաշեն գյուղերի միջով:

                             Նոր զբոսաշրջային երթուղի դեպի Գորիս

Ինչ վերաբերում է նոր զբոսաշրջային ուղղություններին, ապա Ա. Պետրոսյանի տեղեկացմամբ, այսօր իրենց առջև դրված է արդեն Գորիսի զբոսաշրջային զարգացման ծրագիրը, որի համար հիմք է հանդիսացել Գորիսի զարգացման հայեցակարգը: Այս հատվածը, գտնվելով տուրիստական երթուղիների խաչմերուկում և հանդիսանալով տարանցիկ վայր ԼՂՀ-ից և Իրանից ժամանողների համար, կարող է  վերականգնել իր երբեմնի պատմա-մշակութային նշանակությունը: Նշենք, որ Գորիսում պահպանվել են բոլոր մշակութային արժեքները, ավանդույթները, քաղաքն ունի հետաքրքիր ճարտարապետություն և հարուստ ազգագրական ժառանգություն: Գորիսում, ի դեպ, այսօր գործում է երեք հյուրանոց, որոնցից հատկապես մեկն իր ոճով, կոլորիտով ու գրավչությամբ բավական մեծ համբավ ունի տարածաշրջանում: Բացի այդ, Գորիսում կառուցվում են նաև հյուրատներ:

Լ.Ն

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply