Հողը սիրելով են պահում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 30, 2013 12:30

Սյունեցու  համոզմամբ` մարդու  արժանապատվությունը չափվում է  հայրենի  հողի հանդեպ ունեցած սիրո խորությամբ: Թեև Սյունիքի  մարզն  իր  տարածքով առաջինն է Հայաստանում (4540 քկմ),  այնուհանդերձ ժամանակի  ընթացքում նրա աշխարհագրական  դիրքն ու ռելիեֆային  բարդ պայմանները նպաստել են  բնակչության արտահոսքին: Դա է  պատճառը, որ այստեղ  բնակչության  խտությունը ցածր է. պաշտոնական  տվյալներով` 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքում  բնակչության  թիվը  կազմել է  152.9 հազ. մարդ:

Ինչևէ, սյունեցին դարձյալ  մնում է իր ժայռեղեն  հողին  կպած: «Թուրքի աչքը  մեր  հողից  չի  կտրվում, բա թողենք`  դառնա  շան ու  գելի  բաժի՞ն»,- արցախյան  պատերազմի  դաժան  տարիները վերհիշելով` ասում է գորիսեցի Օհանը: Նրա  խոսքով` այդ  տարիներին Սյունիքից 165 ազատամարտիկ զոհվեց,  շատերն էլ  անհետ  կորած են, առիթի դեպքում նրանց համար խունկ ծխելու փոխարեն  մոմ  ենք  վառում, որովհետև անհետ  կորած  տղաների  մայրերն առայսօր սպասում են  որդիների  վերադարձին: «Նրանք  մեզ  համար  կենդանի են»,- համոզված է  սյունեցին:

«Ճոպանուղի ունենք` աշխարհը չունի»

2010 թ.  հոկտեմբերին Տաթև վանական համալիրի հարևանությամբ բացված ճոպանուղին կտրուկ փոխեց մարզի զբոսաշրջային  նկարագիրը: «Տաթևի վերածնունդ»  հիմնադրամի նախագծով  կառուցվեց  աշխարհի ամենաերկար  մարդատար ճոպանուղին: Շուրջ 5,7 կմ երկարությամբ «Տաթևի թևեր» երկկողմանի ճոպանուղին ինժեներական յուրահատուկ  կառույց է, որը ձգվում է Որոտան  գետի անդնդախոր և գեղատեսիլ  կիրճի վրայով` կապելով Հալիձոր  և Տաթև գյուղերը:

«Ճոպանուղին  մեր  հպարտությունն է, էլ  որտե՞ղ կտեսնեք էսպիսի  բան, որ 360 մետր բարձրության անդունդի վրայով գնաս ու գաս,- ասում է Տաթև  գյուղի բնակիչ Անդրեաս Հովհաննիսյանը:- Իր  նշանավոր  բժիշկներով  հայտնի Տաթևը մոտ 900 բնակիչ ունեցող գյուղ ա, ճոպանուղու  շնորհիվ շատերն աշխատանք ունեն: Հարուստ գյուղ  չի, բայց դե պետությունը  մեկ-մեկ  տիրություն ա անում ճոպանուղու  խաթեր: Ձմռանը  ձյան համար տեղ ու  դադար  չկա,  բայց  գոնե  աշխարհից  չենք  կտրվում,  ճամփաները  բաց են: Վատն էն ա, որ  ջահելները  լքում են գյուղը»:

Կյանքը Սյունիքում

7 քաղաք ու 127 գյուղ ունեցող Սյունյաց  աշխարհում  կյանքն իր հունով ընթանում է, աղոթարանը  բացվելուն պես  ամեն  մեկն իր գործին է գնում, աշխատողն աշխատում է, սովորողը` սովորում` «ավարաներին» թողնելով իրենց  խոսքուզրույցին: Սիսիանը, Գորիսն ու Մեղրին, Քաջարանը, Ագարակն ու Դաստակերտը համեմատաբար  երիտասարդ, արդյունաբերական քաղաքներ են, որոնք  կառուցվել են  1930-ական թվականներից  հետո: Գերմանացիների  նախագծով  համաչափ  կառուցված Գորիս քաղաքն  իր մաքրությամբ աչքի է զարնում, ուստի զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները գիշերելու  համար  առավելապես գերադասում են հյուրանոցային  պայմաններին ոչնչով չզիջող  մասնավոր  տները, որոնց  օրական  վարձը կազմում է 500-800 դրամ: Սա էլ  գորիսցու ապրելու միջոցներից  մեկն է:

Խուստուփ լեռան ստորոտին` Ողջի  գետի  հովտում գտնվող  և արևելքից արևմուտք  13 կմ ձգվող Կապան քաղաքում կյանքը թանկ է: «Երևանի  համեմատ այստեղ  սնունդն ու  հագուստը կրկնակի  թանկ են: Կայուն աշխատատեղ չկա, հին աշխատողները Կապանի հայտնի «Դինո Գոլդ մայնինգ» կոմբինատի բոլոր  տեղերը «բլակիրովկա» են  արել»,-պատմում է 25-ամյա Աղավնի Նավասարդյանը: Սակայն փողոցներում, սրճարաններում ու այգի-պուրակներում հանդիպած երիտասարդների քանակից կարելի է եզրակացնել, որ այստեղ ջահելները ուրիշ տեղերի ջահելների  պես  Երևան  չեն  վազում. «Կապանում ուսումնական  հաստատություն չկա՞,  ինչ է»: Ասում են  նաև, թե  իբր ղափանցիները վախեցած են տեղի  ղեկավարներից. «Բայց հեչ էլ  էդպես  չի, որ  վախենայինք,  հիմա  վաղուց էինք  հեռացել: Լավ էլ ամուսնանում ենք, ընտանիք  կազմում,  մենակ բնակարանի սղությունից  ենք  նեղվում»,- ասում են մի խումբ երիտասարդներ:

Գյուղացուն  մենակ մի թողեք

Թեև ամեն  տարի գյուղերի  համար ՀՀ  պետական բյուջեի,  ինչպես  նաև միջազգային և այլ դոնոր  կազմակերպությունների միջոցներով հազար ու  մի  ծրագրեր են  իրականացվում, այնուհանդերձ համայնքային  խնդիրներն անպակաս են: 1300 բնակչություն ունեցող Քարահունջ գյուղի 16 ընտանիք ապրում է սողանքային գոտում, որի տարածքն օր օրի ընդլայնվում է: 2004 և 2008 թթ. 9 ընտանիքի հատկացվեց նոր տարածք, մյուսները սպասում են հարցի լուծմանը: Մինչդեռ սողանքը կանխարգելող աշխատանքների համար հսկայական միջոցներ են հարկավոր: Թեև համայնքապետ Լուսինե Ավետյանը համոզված է, որ ամեն պահի վտանգն աչքի առջև ունեցող համագյուղացիների տեղափոխման հարցն անպայման կլուծվի, սակայն քարահունջցին կարծում է, որ «մեկ է,  շաքար ասելով,  բերանդ  չի քաղցրանա»: Իր  օղիով  հայտնի Քարահունջ  գյուղը հայաստանյան գյուղերից  տարբերվում է ասֆալտապատ, լուսավորված փողոցներով ու  տեղադրված աղբարկղերով: «Էլ առաջվա Քարահունջը չի, խմելու ու ոռոգման  ջուրն էլ ունենք, տաք ու լուսավոր դպրոցն ու  մանկապարտեզն էլ,  մենակ որ սողանքում ապրողների  հարցն էլ  լուծվի, լավ  կլինի: Պետությունը  թող  գյուղացուն  մենակ  չթողնի»,- ասում է  քարահունջցի Արևշատ Կիրակոսյանը:

«Աստված եղածը  շատ  չհամարի»

1960-65 թվականներից  հետո Խնձորեսկի քարանձավներից համանուն  գյուղ  տեղափոխված մարդիկ այսօր էլ վերհիշում են սեփական  ձեռքերով սարքած թոնիրն ու մեկի  կտուրը մյուսի  համար բակ դարձած «քարանձավային տների» պատկերն ու զարմանում, թե  ինչպես են  ապրել այդտեղ: Նրանցից  մեկը 77-ամյա Շողեր Նազարյանն է:

-Սկզբից  գյուղի  ներքևում ենք ապրել,  շատ  ծանր  օրեր ենք  քաշել,  հետո  տեղափոխվեցինք վերջ, հիմա փառք Աստծո,  կարողանում ենք ապրել: Ճիշտ ա,  մեր տունն աղքատ տեսք ունի, բայց էրեխեքս ու թոռներս առողջ են: Ցորեն, գարի ու  հաճար ենք  ցանում, բոստանում կարտոֆիլ, սոխ,  պոմիդոր ու  վարունգ ենք աճեցնում: Թե քաղաքացին էդ  բոլորն առնում ա,  մենք մեր  հողիցն ենք  ստանում: Խնձորեսկում տրտնջացող  մարդ չես  տեսնի, ոչ թե  նրա  համար, որ  բոլորն էլ  լավ են  ապրում,  չէ,  նեղության  մեջ գտնվողներ շատ  կան, խնձորեսկցին որ թուրքին  հաղթել ա, օրվա  նեղությունն  ի՞նչ ա, որ չհաղթի: Տունս կիսատ ա,  բան  չկա, կսարքենք,  կարևորն էրեխեքս են,  թող սովորեն, Աստված  եղածը  շատ  չհամարի»,- ասում է  արցախյան  կռվում 20-ամյա որդուն  կորցրած Շողեր տատը:

Աստված  շատ չի  համարել ու Խնձորեսկի  բնակիչների համար, համագյուղացի Ժորա Ալեքսանյանի շնորհիվ, ժայռակերտ  գյուղից  մինչ հանդիպակաց ժայռերը 165 կմ 63 մ  բարձրությամբ ճոճվող  կամուրջ է գցել, որպեսզի  գյուղացիներն այդ հատվածում  գտնվող  իրենց  հողամասերը մշակելու  հնարավորություն ունենան:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply