Մարմնամարզության Հայաստանի հավաքականում մրցակցությունը մեծ է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 27, 2013 7:00

2012-ի մրցաշրջանը ցույց տվեց, որ Հայաստանի մարմնամարզիկները մեծ առաջընթաց  ունեն: Մեր երկրի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն այն կարծիքին է, որ նոր սկսված տարում էլ սպասելիքներ կան, և անելիքները շատ են:

Մարտի 1-5-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ ստուգատեսի արդյունքով էլ որոշվելու են այն մարմնամարզիկների անունները, որոնք մեր երկրի պատիվն են պաշտպանելու ապրիլի17-27-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում: Ստուգատեսի մասնակիցները պարգևներ են վիճարկելու բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Հայաստանից պետք է հանդես գա հինգ մարզիկ:

Սերոբյանը հայտնեց, որ թիմի կազմը մասամբ հայտնի է, և  ամեն ինչ կհստակեցվի Հայաստանի առաջնությունից հետո:

Նախատեսվում է, որ Հարություն Մերդինյանը մրցանակակիր դառնալու համար կպայքարի նժույգաթափերում: Վահագն Դավթյանը կփորձի իրեն դրսևորել օղակների վրա վարժություններում: Արթուր Թովմասյանը նույնպես կարողությունները կփորձի այս մրցաձևում: Արթուր Դավթյանը բարդացրել է հենացատկերի կատարման իր ծրագիրը և մեդալի ռեալ հավակնորդ կլինի: Հայաստանի առաջնությունը կբացահայտի, թե ով կարող է դառնալ հավաքականի թափուր մեկ տեղի թեկնածուն: Այն մարզիկը, որն իրեն լավագույնս կդրսևորի բազմամարտում, նա էլ կարժանանա այդ պատվին:

Հավակնորդներ կան. Վահան Վարդանյանը, Սերոբ Սողոմոնյանը, Արմեն Պետրոսյանը, ևս մի քանի մարմնամարզիկներ կպայքարեն հավաքականում ընդգրկվելու համար:

Ի դեպ, մինչև Եվրոպայի առաջնությունը Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց կարողությունները փորձելու միջազգային ստուգատեսում: Նրանք հանդես կգան Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում: Այն կայանալու է մարտի 26-30-ը: «Հայաստանից հանդես կգա 4-5 մարմնամարզիկ: Մասնակիցները դարձյալ կորոշվեն մեր երկրի առաջնությունից հետո: Հույսն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես գան բազմամարտի առանձին մրցաձևերում: Աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերին, Բելգիայում: Մինչ այդ շտկումներ անելու ժամանակ կունենանք: Իսկ առայժմ հիմնական ուշադրությունը դարձվելու է այն բանին, որ մերոնք պարգևներից անմասն չմնան Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչները Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված միջազգային մեկնարկներում միշտ էլ հաջող են հանդես եկել: Հույս ունենք , որ այս անգամ էլ նրանք կարդարացնեն սպասելիքները»,- ասաց Սերոբյանը:

Ներկայումս Հայաստանի հավաքականի մարմնամարզիկները ծանրաբեռնված պարապմունքներ են անցկացնում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի մարզասրահում: Ձմեռային այս ցուրտ օրերին մարզասրահում օդի ջերմաստիճանը բարձր է: Թերես, խանգարում է միայն  ժամանակակից մարզասարքերի պակասը: Եղածը տարիների ընթացքում մաշվել է:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային 2013-ին աջակցության կարգով հատկացվող ֆինանսներն ավելացվել են 3 մլն դրամով: Սերոբյանը դժվարացավ հայտնել, թե այդ փողերն ինչ նպատակով կօգտագործվեն: Սակայն նշեց, որ ինքնաթիռի տոմսերի գները շարունակ փոխվում են, թանկանում, և ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ֆինանսները կօգնեն լուծելու ծագող խնդիրները:

Ցանկություն կա, որ մերոնք մասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության ևս մեկ մրցափուլի: Բացի այդ, 2013-ին նախատեսվում է անցկացնել Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը և Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության մրցաշարը, որոնք նախորդ տարի բաց էին թողնվել:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply