Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է

Հարցազրույց, ՍՊՈՐՏ | | January 25, 2013 11:45

2012-ի դեկտեմբերի 27-ից Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը վերափոխվել է: Միացել են նաև արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության մասնագետները: Առայժմ այս միասնական այս կառույցը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով գլխավորում է պրոֆսոր Սիմոն Հակոբյանը: Նրան խնդրեցինք հայտնել, թե ծանրաբեռնվածության մեծացումից չի՞ նվազի աշխատանքի արդյունավետությունը:

– Ծանրաբեռնվածության ավելացումը որակի վրա չի ազդի: Ընդհակառակը, թերևս տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները, փոխադարձ կապեր ստեղծելով, համատեղ աշխատելով, միմյանց օգնեն հաղթահարելու ուսուցման և  այլ խնդիրներ:

 Հայաստանի մի շարք բուհերում ընդհանրապես վերացվել են ֆիզիկական դաստիարակության ամբիոնները: Դա ճի՞շտ մոտեցում է, թե՞ սխալ, ի վերջո, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Երկու կարծիք լինել չի կարող: Շարունակ խոսվում է ֆիզիկական դաստիարակության կարևորության մասին, բայց իրականում  ամեն ինչ արվում է ֆիզիկական դաստիարակությունը հետին պլան մղելու համար: Մեկ քայլ առաջ է կատարվում, երկու քայլ` հետ: Տարիներ առաջ նույնիսկ մեր բուհի 3-րդ կուրսերում  էր առողջության առարկան դասավանդվում: Ներկայումս 1-2-րդ կուրսերի սովորողներն են միայն  ֆիզիկական կուլտուրայի դասերի մասնակցում: Իսկ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում առարկան դասավանդվում է միայն առաջին կուրսերում: Ուսումնական տարվա ընթացքում, եթե նախկինում երկու ստուգարք էր նախատեսված, ապա այժմ`  միայն մեկը: Ընդ որում, մեծ հարցական է, թե այդ ստուգարքն ինչքանով է կարևորվում, այն բանի տեղ դնող կա՞, թե՞ ոչ: Ավելին, երբեմն ֆիզիկական կուլտուրա դասավանդող մասնագետներին քամահրանքով անվանում են «ֆիզկուլտուրնիկ»:

 Բայց Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենք է ընդունվել, որի պահանջներից մեկն էլ այն է, որ բուհերի սովորողներն ուսումնառության ամբողջ ընթացքում  ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներ անցկացնեն, մարմնակրթությամբ զբաղվեն և համակողմանի զարգանան:

– Պարզապես, երբ օրենքն ընդունվել է, հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե բուհերն ինչպիսի հնարավորություններ ու պայմաններ ունեն: Երբ մարզաբազաներ, համապատասխան մարզասրահներ չկան, հնարավոր չէ 1-4-րդ կուրսերի սովորողների հետ պարապմունքներ անցկացնել:

 Երևանի տնտեսագիտական համալսարանի մարզումային պայմանների մասին ի՞նչ կասեք:

– Քիչ թե շատ պայմաններ ունենք, սակայն եղածը բավարար չի կարելի համարել: Ի դեպ, մեր բուհն ունի հիանալի  մարզասրահ: Այն ընդարձակ է, լուսավոր, ձմռան ամիսներին  ջեռուցվում է, կահավորված է մարզասարքերով: Ընդ որում, այդ մարզասրահում անցկացվում են նաև Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններ, պարապում են ազգային հավաքական թիմեր: Ունենք ևս երկու փոքր մարզասրահ: Այլ բուհերի համեմատությամբ, այդ առումով լավ վիճակում ենք, սակայն  գնահատականը միայն բավարար կարող է լինել: Ցավոք, բացօթյա մարզումային պայմաններ չունենք: Ի դեպ, մի ժամանակ նպաստավոր եղանակներին պարապմունքները նաև դրսում էինք փորձում անցկացնել, սակայն խանգարող հանգամանքները քիչ չէին, և ստիպված էինք հրաժարվել այդ աշխատաոճից:

 Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է, որ Հայաստանի  մի շարք բուհեր ֆիզկուլտուրայի դասավանդման համար միայն բավարար պայմաններ ունեն, մի մասն էլ, դժվարությունների հանդիպելով, սոսկ  տարբեր մարզաձևերի սեկցիաներում է կազմակերպում պարապմունքները, իսկ որոշ բուհերում ֆիզիկական կուլտուրան ընդհանրապես չի ուսուցանվում: Ի վերջո, այս ամենն ինչի՞ է հանգեցնելու:

– Երբ որևէ ոլորտ չի կարևորվում պետականորեն, ամեն ինչ հնարավոր է: Մեր ամբիոնի նիստում որոշել ենք և մասնագիտական ցուցադրական պարամունքներ ենք կազմակերպում: Նպատակն այն է, որ մասնագետներն իրենց փորձը միմյանց հաղորդեն: Իսկ սովորողներին հնարավորություն է տրվելու ըստ հայեցողության իրենց նախասիրություններին հագուրդ տալ: Եթե ուսանողը նախընտրում է որևէ մարզաձև, ապա նա կարող է դրանով զբաղվել, և մասնագետները պետք է պատրաստ լինեն դրան, ընդառաջ քայլեր կատարեն:

 Հայաստանում կա ուսանողական մարզական ֆեդերացիա: Արդյոք այն արդյունավե՞տ է աշխատում: Ինչքանո՞վ է ճիշտ, որ խորհրդային ժամանակներից սկսած` կարծրատիպ է առաջացել, որ մարզական այս կառույցն ի պաշտոնե գլխավորի մեր երկրի կրթության և գիտության նախարարը, անկախ այն  հանգամանքից` ֆիզկուլտուրան և սպորտը հոգեհարազա՞տ են նրան, թե՞ ոչ:

– Լիովին համամիտ եմ հարցադրմանը: Եվ ինչպես Վիլյամ Սարոյանն է ասում, «ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է»: Մոտեցումները պետք է փոխվեն, հին կաղապարներից պետք է ձերբազատվել: Այնպես պետք է արվի, որ ուսանողության համար սպորտը հետաքրքրություն ներկայացնի:

 Կարծում եք` երիտասարդներից շատե՞րը կցանկանան  կանոնավոր մարզվել, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվել:

– Եթե աշխատաոճը փոխվի, նոր մոտեցումներ կիրառվեն, ապա պատկերը կտրուկ կփոխվի: Մասնավորապես, ներկայումս ուսանողուհիներին չի կարող չգրավել ռիթմիկ մարմնամարզությունը, ուսանողներին էլ` մարզասարքերի վրա վարժությունների կատարումը, ատլետիկ մարմնամարզությունը և այլն: Նոր ձևեր և մեթոդներ պետք է գտնել, բայց առաջնահերթ է մնում է պայմանների առկայությունը, եթե դրանք չկան, ապա որևէ բանի մասին մտածելն անիմաստ է:

 Արտասահմանում, երբ սովորելու համար երիտասարդները վճարում են, պահանջում են, որ պարտադիր մարզումներով զբաղվելու, նաև լողի համար պայմաններ ունենան: Տնտեսագիտական համալսարանը Հայաստանի բարձր ուսման վարձ ունեցող բուհերի շարքն է դասվում: Սովորողների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք հարց առաջ քաշեն, որ իրենց մարզվելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովվեն:

– Ուսանողներն այդպիսի պահանջներից գերադասում են զերծ են մնալ, երբեմն միայն ցանկություններ են հայտնում: Ինչ վերաբերում է ուսման վարձի վճարին, ապա դրա չափի համար պետք է առանձին հաշվարկ անել, պարզել, թե բարձրակարգ մարզումային պայմաններից օգտվելու համար ինչ գումարներ կպահանջվեն:

 Ոչ վաղ անցյալում հարց էր առաջ քաշվել, որ  Երևանի տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնն ընդհանրապես վերացվի: Բարեբախտաբար, այդպիսի քայլ չարվեց: Այդ վտանգը ներկայումս վերացե՞լ է, հնարավո՞ր է, որ այն կրկին օրակարգային դառնա:

– Այդպիսի տխուր հեռանկար առաջիկա տարիներին չի սպասվում: Բուհի ռեկտոր Կառլեն Աթոյանի հետ զրուցել ենք,  ծրագրեր կազմել, և ամենայն աջակցություն է նախատեսվում:

 Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երկու տարի առաջ Երևանի բուհերում ուսումնասիրություններ անցկացվեցին: Աշխատանքներում ներգրավված էին նաև ԿԳ նախարարության, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտւտի, այլ հաստատությունների փորձառու մասնագետներ: Բացահայտվեց, որ պատկերը , մեղմ ասած, տխուր է, սակայն առայսօր ոչ մի հետևությունորոշակի բան չի արվել վիճակը շտկելու համար: Փաստորեն, մասնագետների կողմից իզուր ժամանա՞կ էր վատնվել:

– Ինքս իրավասու չեմ այդ մասին խոսելու, քանի որ ուսումնասիրություններին չեմ մասնակցել: Միայն կարող եմ ասել, որ շատ կարևոր է, թե ինչպիսի գիտելիքներ ունի ֆիզիկական կուլտուրա դասավանդող մասնագետը: Երկար տարիներ է, որ չեն անցկացվում որակավորման բարձրացման դասընթացներ: Դա մեծ բաց է:

  

Դիտվել է 2751 անգամ:
Print Friendly

Leave a Reply