«Եվ մեր անունն է հայկական բանակ…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 28, 2013 7:00

«2011 ցուցանիշները 2012 թվականին դրական արդյունք են ապահովել անձնակազմի կարգապահության ամրապնդման գործում, որի արդյունքում նվազել են հանցագործությունների և իրավախախտումների թիվը, վերացել են անպատժելիության մասին թյուրըմբռնումները»,- լրագրողներին հունվարի 18-ին  ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել է զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը, հատկապես լուրջ առաջընթաց ունենք ստորաբաժանումների ներդաշնակման գործընթացում: Եվ այդ գործընթացներն իրականացվել են ոչ միայն  զորավարժությունների ու այլ վարժանքների ընթացքում, այլև անմիջապես մարտական խնդիրների իրականացման գոտիներում` մեր սահմաններում, որտեղ մարտական հերթապահություն է իրականացվում:

Սա շատ կարևոր է, քանի որ մի բան է ներդաշնակման մասին գրել ռամավարություններին ու մարտավարություններին վերաբերող փաստաթղթերում, գրքերում ու դասագրքերում, միանգամայն այլ բան`այդ պլանավորված տեսական մասը գործնականում փորձարկել զորավարժությունների ժամանակ, որ հետո էլ այն իր արդյունավետությունը ցույց տա մարտական կիրառության ժամանակ: Անցած 2012 թվականին ՀՀ և ԼՂՀ` Ադրբեջանի հետ սահմանային գծում եղան բամաթիվ միջադեպեր, նաև մարդկային զոհեր ունեցանք, որոնց ժամանակ լիովին կարող էին երևան գալ բացթողումները, թեր ու դեմ կողմերը, ինչպես նաև հաջողություններն ու կիրառելիությունը:

Ամեն դեպքում, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը.  «2012 թվականին, չնայած սահմանային միջադեպերին ու հակառակորդի արկածախնդիր սադրանքներին, առաջնային գծում անձնակազմի կողմից լիովին կատարվել են մարտական խնդիրները` նվազագույն կորուստներով կանխելով դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը, միաժամանակ նաև հակառակորդին պատճառելով էական վնասներ, ընդ որում` անհամաչափ»:

Հենց այդպես էլ պետք է լինի մեր պատասխանը, ոչ թե որոշ, այլ բոլոր հնարավոր դեպքերում պետք է լինի անհամաչափ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մեր ոխերիմ հարևանը երբեք խելքի չի եկել միջազգային հանրության սթափեցնող կոչերից ու քննադատություներից, այլ միայն սեփական արկածախնդրության ծանր հետևանքները տեսնելն է նրան հետ պահում հետագա արկածախնդրությունից:

Այս համատեքստում կարևոր է մեր ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության հետ, և հայրենական արտադրության ռազմատեխնիկական սպառազինության արտադրությունն ու ներդրումը զինված ուժերում: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարը նշեց, որ ներկրված ու նաև մեր հայրենական արտադրության սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել են ռազմական կիրառման: Այն հաջողությամբ կիրառվել է նաև զորավարժությունների ընթացքում,   և Սեյրան Օհանյանի հավաստմամբ, հաջողվել է հակառակորդին խոցել: Ընդ որում, նաև հաշվի առնելով մեր ճշգրիտ զենքերի առկայությունը, հնարավորություն է ստեղծվել խոցել առավել կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ` զերծ մնալով խաղաղ բնակչության վրա ներգործությունից:

Իսկ ռուսական զինուժը, որ տեղակայված է Հայաստանի տարածքում, լիակատար պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման համար:

Ի պատասխան Ադրբեջանից Ստեփանակերտի օդանավակայանի մասին հնչող սպառնալիքների

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ եթե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին վերջնական որոշում լինի, ապա Հայաստանի ՀՕՊ ուժերը կապահովեն ՀՀ քաղաքացիական ինքնաթիռների անվտանգ թռիչքները դեպի այնտեղ և այնտեղից: ՀՀ զինված ուժերն այսօր ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն են: Հայաստանի ռազմական դոկտրինն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը, և պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում զինված ուժերը կարող են լիարժեք լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրներն ու իրագործել առաջադրանքները:

Նախարարի կողմից այս հավաստիացումը կարևոր է հատկապես այժմ, և այս հայտարարությունից հետո ադրբեջանցիները մեկ անգամ ևս դիմեցին կեղտոտ հնարքի` հարցրազրույց վերցրին թուրք-ադրբեջանական փեսա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայից, որը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ադրբեջանամետ դիրքորոշումներով: Սա էլ հայտարարեց, թե Ադրբեջանը կարող է ԼՂՀ հարցը լուծել տարածքային ամբողջականության հիմքով, ու ադրբեջանցիները դրանից ավելի ոգևորվեցին: Բաքվից մեկ անգամ ևս սպառնալիք հնչեց քաղաքացիական ինքնաթիների ոչնչացման առնչությամբ: Նշենք, որ Բաքվի բոլոր նման հայտարարությունները խստորեն քննադատվել են միջազգային հանրության կողմից: Սակայն դրանց ամենամեծ պատասխանը հայկական զինուժի պատրաստականությունն ու պատրաստակամությունն է` ապահովելու քաղաքացիական ավիացիայի նորմալ գործունեությունը: Ու այս հարցում Ադրբեջանի վրա լուրջ ազդեցություն կարող է թողնել ոչ թե միջազգային հանրություն կոչվող անդեմ երևույթի քննադատությունը, այլ հայկական զինուժի կողմից արժանի հակահարված տալու հնարավորությունն ու ունակությունը:

 Բանակի վարչական նորամուծություններն ու բացերը

Բանակում կատարված լուրջ քայլերից մեկն էլ այն է, որ զինվորական ծառայության անցնելու մասին օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ. շարքային կազմից տարանջատվել է սերժանտական կազմը և մտցվել  ենթասպայական կազմ` որպես կրտսեր ենթասպայական կազմ: Սա ուղղված է հիշյալ օղակի հրամանատարության դերի և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի բանակներում վաղուց արդեն սերժանտական կազմը համարվում է ոչ թե զինվորական դաս, այլ` կրտսեր սպայական: Ու սա հենց այն պարզ պատճառով, որ սերժանտներն են հայկական բանակի զինվորական ստորաբաժանման բջջի` ջոկի հրամանատարները: Ասել է թե` հրամայում են միայն գեներալները և սերժանտները, իսկ մնացածն այդ հրամանը փոխանցող օղակն են: Այս առումով հատկանշական է պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստումն ու ստեղծումը և այն, որ հայկական բանակներում այժմ փորձում են սերժանտական կազմը համալրել պայմանագրային հիմունքներով ծառայության անցած և հատուկ վերապատրաստում ստացած սերժանտներով:

Բայց  վերջին ժամանակաշրջանում մի շարք զինծառայողների ու զորակոչիկների մահվան դեպքեր գրանցվեցին, որոնք չեն կարող չմտահոգել ՊՆ-ին: Այս բացասական երևույթը հուշում է, որ մեր բանակը լուրջ բաց ունի բուժծառայության և նախազորակոչային բուժծառայության մասով: Նախարարը տեղեկացրեց, որ այս հարցերի կապակցությամբ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել, և աշխատանքներ են տարվում հատկապես զորակոչի բարելավման ուղղությամբ:

«Մենք գտնում ենք, որ մեր բացերից մեկը նախազորակոչային բժշկական բոլոր աշխատանքների` թե՛ հետազոտությունների, թե՛ բուժման գործընթացների և բանակում բժշկական ծառայության խնդիրների կատարման անցման բացթողումներն են: Որովհետև դեպքեր են եղել, որ նորակոչիկը հիվանդություններ է ունեցել մինչև բանակ զորակոչվելը, և այդ հիվանդությունների մասին չի տեղեկացվել ո՛չ հավաքակայանում, ո՛չ զինկոմիսարիատներում և ո՛չ էլ հրամանատարությանը: Իսկ մենք 100 տոկոսով չենք կարող բացառել, որ զինվորական ծառայության մեջ, հանդիպելով համապատասխան դժվարությունների, նաև ծառայության ազդեցության տակ, մանավանդ` ադապտացման պրոցեսում, ինչ ընթացք կստանան այդ խնդիրները»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Այդ բացերը լրացնելու ուղղությամբ, նախարարի հավաստիացմամբ, աշխատանքներ են իրականացվում առողջապահության նախարարության հետ, և դրանք 2013 թվականի հերթական զորակոչի ընթացքում կլրացվեն:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply