Նախագահի թեկնածուների բանակային կենսագրությունը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | January 25, 2013 14:00
Նախագահական ընտրությունների ժամանակ մեկ անգամ ևս հիշենք, որ բացի Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրելուց, ժողովուրդն ընտրում է նաև բանակի գերագույն գլխավոր հրամանատար: Այս համատեքստում դիտարկենք 2013 թ. հունվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուների զինվորական կենսագրությունները:
Հայաստանի Հանրապետությունում նախագահի թեկնածուներին ներկայացվող անհրաժեշտ պայմաններից է վերջին 10 տարիներին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը: Սա արվում է այն պարզ պատճառով, որ նախ` տվյալ թեկնածուն տեղյակ լինի, թե ինչ երկրի նախագահի պաշտոնի է հավակնում, երկրորդ` տեղյակ լինի Հայաստանի ներքին ու արտաքին վիճակից, ծանոթ լինի ընթացող գործընթացներին և այլն: Պահանջվում է նաև քաղաքացիություն: Սակայն չեն պահանջվում բանակում ծառայած լինելը կամ չծառայելու հիմնավորումները, չնայած որ օրենքով նախատեսված կարգով
Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները համարվում են զինապարտ և պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ հատուկ` օրենքով նախատեսված դեպքերի:
Վերջիվերջո, բացի իշխանական գահին բազմելուց, նախագահը նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է ու Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը:
Մի խոսքով` անցնենք թեկնածուների բանակային կենսագրություններին: Հրանտ Բագրատյանը, օրինակ, ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքում, ուստի 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Պարույր Հայրիկյանը ծնվել է 1949 թ. հուլիսի 5-ին Նուբարաշենում, սակայն չի ծառայել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ հայկական բանակում: Նա եղել է քաղբանտարկյալ և 4 անգամ քաղաքական շարժառիթներով բանտարկվել է: Բայց նա ստեղծել է «Սյունիքի աշխարհազորը»` 627 գրանցված աշխարհազորայիններով:
Արամ Հարությունյանը ծնվել է 1958 թ. փետրվարի 18-ին Արտաշատ քաղաքում, և նա էլ չի ծառայել խորհրդային բանակում, որովհետև սովորել է սկզբում ԵՊՀ-ում, հետո` ասպիրանտուրայում, ապա գործուղվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան, իսկ 1984-ից արդեն դասավանդել է ԵՊՀ-ում: Նրա կենսագրության մեջ գրված է, որ 1988-ից անմիջականորեն մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտին, մասնավորապես` կենսական նշանակություն ունեցող Լաչինի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրմանը և
ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959 թ. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա որևէ բանակում չի ծառայել: Սակայն եղել է դիվանագիտական ծառայության մեջ որպես ՀՀ արտգործնախարար:
Անդրիաս Ղուկասյանը ծնվել է 1970 թ. մայիսի 12-ին Երևան քաղաքում, 1988-89 թթ. էլ ծառայել է խորհրդային բանակում:
Արման Մելիքյանը ծնվել է Երևանում 1963 թ.: Նա չի ծառայել ո՛չ ԽՍՀՄ և ո՛չ էլ հայկական բանակում: Սակայն նա ևս ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան և երկար տարիներ դիվանագիտական ծառայության մեջ է եղել:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 20-ին Երևանում: Նա 1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում: 1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության
ուժերի կոմիտեն, 1993-1995 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թթ.` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999 թ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2007 թթ.Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2000-2007 թթ.` ՀՀ պաշտպանության նախարար:
Այսպիսով` առաջիկա ընտրությունների նախագահի 8 թեկնածուներից զինվորական ծառայություն չի անցել 4 թեկնածու, որոնցից երկուսի կենսագրականում նշվում է Արցախյան գոյամարտում աշխարհազորային լինելու մասին, իսկ երկուսն էլ դիվանագիտական ծառայություն են անցել: Մյուս 4 թեկնածուները ծառայել են ԽՍՀՄ բանակում, որոնցից մեկը հետո երկար տարիներ ծառայել է ՀՀ տարբեր ուժային գերատեսչություններում:






Facebook
Tweet This
Email This Post
