Մինչ փորձում են շտկել օրենքի բացերը, ստոմատոլոգները բարձրացնում են ծառայությունների գները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 25, 2013 7:30

Զարմանում ես ամեն անգամ, երբ խորհրդարան է մտնում և ընդունվում մի օրինագիծ, և հետո պարզվում է, որ այն լուրջ թերություններ ունի: Հարց է ծագում, ինչո՞ւ այդ 131 պատգամավորներից որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել օրենքի նախագծին, կամ ինչու նախագիծը չէր քննարկվել այն շրջանակների հետ, որոնց վերաբերում է: Խոսքը Նոր տարվա շեմին հապճեպ ընդունված ,Արտոնագրային վճարների մասին» օրինագիծն է, որը մի քանի անգամ ավելացնում է ստոմատոլոգների հարկային բեռը:

Բանն այն է, որ նախկինում ստոմատոլոգիական կենտրոնները շահութահարկ էին վճարում, այժմ անցնում են հաստատագրված հարկ վճարելու` յուրաքանչյուր ստոմատոլոգիական բազկաթոռի դիմաց պարտավորվելով վճարել 80 հազար դրամ:

Հարկային նոր բեռի հետևանքով, ըստ ստոմատոլոգների, կփակվի ստոմատոլոգիական կլինիկաների զգալի մասը, ստվերայնությունը կավելանա, 2-3 հազար ստոմատոլոգ կզրկվի աշխատանքից, ծառայությունների գներն էլ կբարձրանան:

«Օրենքի պատճառով  տուժելու են բոլորը, բայց նախ և առաջ` ժողովուրդը»,- ասում է Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:

Նրանց հաշվարկներով` ամեն բազկաթոռ ամսական գոնե 1.5 միլիոն դրամի շահույթ պետք է ապահովի, որպեսզի կլինիկայի ղեկավարը, մյուս բազմաթիվ ծախսերը հանելով, կարողանա վճարել այդ 80 հազար դրամը:

Աշոտ Գևորգյանը, իր կլինիկայի օրինակը բերելով, համեմատում է. «Օրինակ` առաջ 11 բազկաթոռի համար մենք ամսական վճարել ենք 180 հազար դրամ, հիմա մոտ 5 անգամ ավելի պետք է վճարենք»:

Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը կարծում է, որ օրենքում կատարված փոփոխությունների ժամանակ  շատ բաներ հաշվի չեն առնվել: Օրինակ` մանկական ստոմատոլոգիան,  տեխնիկական լաբորատորիաները, ռենտգեն ծառայությունը, ուսումնական նպատակով գործող կենտրոնները, ի վերջո, մարզերում ու գյուղերում տիրող իրավիճակը. «Փաստորեն, մեկ ատամ բուժելու համար կլինիկան  հարկվում է երեք անգամ` բազկաթոռ, ռենտգեն, լաբորատորիա, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկ բազկաթոռի վրա մեկից ավելի գործողություններ կատարվեն»,- բացատրում է Եսայանը:

Ստոմատոլոգները նաև վիրավորված են, որ ստոմատոլոգիան առանձնացրել են  առողջապահական ոլորտից` դասելով վարսավիրանոցների, ռեստորանների և խաղատների շարքը: «Եթե առողջապահության վերաբերյալ այսպիսի մոտեցում է, նշանակում է` այս հարկը պետք է դրվեր նաև հիվանդասենյակների մահճակալների վրա»,- նկատում է Գևորգյանը:

Հունվարի 14-ին մի խումբ ստոմատոլոգներ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով վերանայել օրենքը, որից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների: Վերջիններս նախարարին էին ներկայացրել իրենց դժգոհությունները`  քննարկելով հատկապես մանկական ստոմատոլոգիայի, ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում:

Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում բարձրացված հարցերն ուսումնասիրել և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ:  Քննարկումներն արդեն տեղի են ունեցել, մնում է` առաջարկները վերլուծվեն նախարարության մասնագետների կողմից և ներկայացվեն համապատասխան մարմիններին:

Նշենք, որ ստոմատոլոգներն իրենք էլ հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որոնց մի մասը, ըստ նրանց, հնարավոր է իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների, մյուս մասն արդեն Ազգային ժողովում` համապատասխան փոփոխությունների միջոցով:

«Անկախը» փորձեց խնդրի վերաբերյալ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից պարզաբանում ստանալ: Նախարարը, սակայն, առայժմ սահմանափակվեց այսքանով. «Ընդունված օրենքը բացատրությունների և պարզաբանումների կարիք ունի»:

Այն, որ օրենքը թերի է, հաստատեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը. «Օրինագիծը քննարկվել է տնտեսական հարցերի հանձնաժողովում, մեր հանձնաժողովում քննարկում չի եղել,-ասաց նա,- մեր հանձնաժողովն արձագանքել է ընդամենը, և շատ ձևակերպումներ այդ ընթացքում փոխվել են, բայց ընդհանուր դրույթները, որոնք ի սկբանե դրված են եղել, մասնավորապես` գումարի չափերի հետ կապված, մնացել են»:

Կարեն Ավագյանը կարծում է, որ այն առաջարկները, որոնք մասնագետները ներկայացրել են, կքննարկվեն, և որոշ փոփոխություններ տեղի կունենան` հօգուտ ստոմատոլոգների:

Ստոմատոլոգներին այլ բան չի մնում անելու, քան սպասել: Իսկ մինչ այդ Հայաստանի բոլոր ստոմատոլոգները հունվարի 26-ին կհավաքվեն Ամերիկյան համալսարանում` քննարկելու իրավիճակը, ապա ի նշան բողոքի` երթով կշարժվեն դեպի Ազգային ժողովի շենք:

Հ.Գ. Պետք է նշել, որ ստոմատոլոգիական որոշ կենտրոններ արդեն իսկ ավելացրել են ծառայությունների գները: Հունվարի 1-ից 20-30 տոկոսով ստոմատոլոգիական նյութերի գներն են բարձրացրել նաև ներմուծողները` փոխարժեքի պատճառաբանությամբ: «Անկախին» մոտ կանգնած ստոմատոլոգներից մեկը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով` իրենք էլ ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել. առնվազն` կրկնակի: Օրինակ, եթե նախկինում ատամի լիցքն արժեր մոտ 10 000 դրամ, այժմ կդառնա 20 000: Մեր աղբյուրի հաղորդմամբ` շատ կենտրոններ  էլ հանել են ստոմատոլոգիական բազկաթոռների մի մասը:

Ինչպես միշտ` շահում են բոլորը, տուժում է հիվանդը:

 

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply