Ինչո՞ւ են թույլ թեկնածուները չեզոքացնում իրար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 24, 2013 13:28

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել և ստեղծվում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Քաղաքական թատերաբեմում խաղացող հիմնական քաղաքական ուժերից ՀԱԿի, ԲՀԿի և ՀՅԴի` ընտրություններին չմասնակցելու որոշումը ստեղծել է բավականին բարդ իրավիճակ:

Ըստ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի`  Հայաստանում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակում ընտրապայքար է մղվում ոչ թե ինտելեկտի, գաղափարների և ծրագրերի, այլ ռեսուրսների միջև: Իսկ համեմատելի ռեսուրսների տիրապետելու առումով միայն Գագիկ Ծառուկյանը կարող էր լուրջ մրցակցություն ստեղծել Սերժ Սարգսյանի դեմ: Իսկ երբ Ծառուկյանը հանդես չի գալիս որպես նախագահի թեկնածու, դա իրականում լուրջ աջակցություն է Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա արդեն էական մրցակցության չի հանդիպի:

«Սա մի շատ լուրջ վտանգ է ստեղծում, քանի որ նախորդ համապետական ընտրություններում միասին 43 տոկոս քվեների արժանացած ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Սա, ըստ էության, բոյկոտ է: Կա բոյկոտի երկու եղանակ` ակտիվ և պասիվ: Այժմ ընդդիմությունն ընդունել է պասիվ բոյկոտի քաղաքականություն»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այժմ երկու հարց կա` ինչո՞ւ չեն մասնակցում, և ինչո՞ւ են ընտրել պասիվ բոյկոտի տարբերակը:

Այս հարցի պատասխանը ևս միանշանակ չէ: Ըստ ՀՔՄ նախագահի` երկու պատասխան կա: Նրա խորին համոզմամբ` իշխանությունները կիրառում են տեռորի` ահուսարսափի տեխնոլոգիաները` գործադրելով դատաիրավական և այլ ռեսուրսներ: Մյուս պատասխանն այն է, որ իշխանությունների ու ընդդիմության միջև պայմանավորվածություն կա:

Այս երկու երևույթները քաղաքագետը կապում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հետ:

Բոլորովին այլ կարծիքի է ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, որը կարծում է, թե նախորդ համապետական` խորհրդարանական ընտրությունները ստուգատես էին քաղաքական ուժերի և կուսակցությունների համար` գնահատելու իրենց ռեսուրսները, վարկը և այլն: Ու այդ ստուգատեսի արդյունքները վերլուծելով է, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացան մասնակցել ընտրություններին: Լևոն Տեր Պետրոսյանի առնչությամբ Լեռնիկ Ալեքսանյանը նաև համոզված է, որ առաջին նախագահի  բոլոր գործողությունների նպատակն այն է եղել, որ ինքն առանցքում լինի, և իր շուրջ պտտվի ընդդիմադիր քաղաքական դաշտը:

Սակայն անցնող շաբաթում մի բան էլ եղավ, որ պակաս կարևոր չէր հայկական ներքաղաքական կյանքում, քան առաջին նախագահի և Ծառուկյանի չառաջադրվելը: Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, որում անդրադառնում է, թե ինչու ինքը չի առաջադրվել այս նախագահական ընտրություններում:

Հմայակ Հովհաննիսյանը նրա այս հարցազրույցը որակում է որպես հայտ 2018 թ. նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածուի կարգավիճակով հանդես գալու համար:

Այս դիտարկման մասին այլ կարծիքի է Գալուստ Սահակյանը, որը կարծում է, որ ցանկացած քաղաքական ընտրություններից հետո մի նոր իրավիճակ է առաջանում, և բավականին դժվար է կանխատեսումներ անել հաջորդ նախագահական ընտրությունների մասին: Շատ դժվար է այսօր գուշակել, թե ինչ կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ:

Բայց Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մի շեշտադրում էլ արեց, թե ղարաբաղցին ղարաբաղցու դեմ դուրս չէր գա: Եթե վերհիշենք, որ վերջին հինգ տարիներին Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը համոզում էր համայն հայությանը, որ նա ղարաբաղցի չէ, այլ Տեղ գյուղից, ուղղակի մեծացել ու աշխատել է Ղարաբաղում, և սա համադրենք Քոչարյանի նախապայմանի հետ, ապա այս տրամաբանությամբ Արման Մելիքյանն էլ չպետք է թեկնածություն դներ Սերժ Սարգսյանի դեմ, իսկ Օսկանյանն էլ չառաջադրվեց, որովհետև առաջադրվեց մեկ այլ սփյուռքահայ` Րաֆֆի Հովհաննիսյանը, և վերջիվերջո, բոլորս էլ հայ ենք, ուրեմն մեկ այլ հայի դեմ չպետք է առաջադրվենք:

Ինչևիցե: Անդրադառնանք գալիք նախագահական ընտրությունների հետ կապված մեկ այլ երևույթի: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ քաղաքագետներ ու տեսաբաններ ներկայումս ստեղծված իրավիճակը քաղաքական ամայություն են բնութագրում, ակնհայտ է, որ թեկուզ թույլ, բայց այլ թեկնածուներ ևս կան: Ու քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ պայքարը պետք է լինի այն թեկնածուի դեմ, որն ունի նախագահ դառնալու ամենամեծ շանսերը: Սակայն ոչ իշխանական թեկնածուների շրջանում արդեն սկսվել է իրար հասցեին ցեխ շպրտելու և իրար սևացնելու գործընթաց: Մասնավորապես` հունվարի 15-ին Հ2 հեռուստաալիքի եթերից «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը սկսեց փնովել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան անվանելով «իշխանությունների մարդ»: Որպես փաստարկ Հարությունյանը բերում է «Ժառանգության» ցուցակում Թևան Պողոսյանի անվան առկայությունը, որը, բոլորս գիտենք, իշխանությունների մարդն է»,- նշում է Հարությունյանը:

Բացի այդ, նա Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանությունների մարդը լինելու հանգամանքով է պայմանավորում նաև խորհրդարանական ընտրություններում ձևավորված միասնական շտաբի աշխատանքները բոյկոտելն ու հանձնաժողովներում իրենց տեղերը ՀՀԿ-ին «ծախելը»:

Թե ինչ նպատակի են ուզում հասնել թեկնածուները, պարզ է` հաղթել ընտրություններում: Բայց եթե այդ մրցակցության մեջ կա մեկ` «իշխանական ռեսուրսներին տիրապետող, քրեաօլիգարխիկ համակարգը հենասյուն դարձրած» թեկնածու, ապա ինչո՞ւ են ընդդիմադիր կամ գոնե ոչ իշխանական դաշտում գործող թեկնածուները մրոտում իրար:

Թե ով է ճիշտ և ով` սխալ, այնքան էլ էական չէ, որքան մի անվիճելի հանգամանք. որքան շատ իրար կասկածեն, իրար  հաշվին միավորներ հավաքեն, իրար սևացնեն իշխանության մեջ չգտնվող թեկնածուները, այնքան ավելի կմեծանա ընտրություններում հենց առաջին փուլով և բավականին մեծ տարբերությամբ ու բարձր տոկոսներով գործող նախագահի հաղթելու հավանականությունը:

Առհասարակ, երբ քաղաքական ուժերը բոյկոտում են մի որևէ ընտրություն, դա ստվեր է գցում այդ ընտրության վրա, ինչքան էլ այն լինի ժողովրդավարական, բարձր մակարդակի և այլն: Իսկ երբ այդ ընտրություններում ակնհայտ թույլերը, փոխանակ միավորվեն ու միասնաբար ուժեղ դիմակայության գնան, իրար են թուլացնում և իրար հետ մրցում, արդեն սկսում ենք մտածել, որ ճիշտ են Շարմազանովն ու այն հանրապետականները, որոնք նշում են, թե պայքարն ընթանալու է «պատվավոր երկրորդ տեղի համար»:

Բացի այդ, այդպիսով քաղաքական դաշտն ու ընտրություններին և նախագահի կերպարին առնչվող ինստիտուտները վերջնականապես կորցնում են իրենց դերն ու նշանակությունը և տվյալ քաղաքական միջավայրը վերածում քաղաքական անապատի: Նման դեպքերում օգնության է հասնում քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև ակտիվանում են երրորդ էշելոնում գտնվող քաղաքական ուժերը, ինչը ներկայումս Հայաստանի քաղաքական իրականության մեջ դեռևս այնքան էլ նշմարելի չէ: Իսկ նորմալ միջավայր Հայաստանի պես երկրին այսպիսի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական միջավայրում, ուղղակի ծայրահեղ անհրաժեշտ է:

 

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply