ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագրին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2013 12:00

 Հունվարի 24-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման  և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի
համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ)  հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան  տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ):

ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ  ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային
համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս  երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100  համայնքներում: Ծրագիրը, որի գլխավոր  իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն  է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և  էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ  ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային  հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:

Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.
•       Պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ  նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և  արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:
•       Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային  վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու  բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ:
Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի  տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով,  Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս  երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական  տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները  (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ,  ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի
դարձնել գլոբալ համայնքին:
•       Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային  հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում  զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի  դարձնելու վերաբերյալ:

Եվրոպական Միությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ  գործողությունների ծրագրի միջոցով՝ որպես Եվրոպական հարևանություն և  գործընկերության, ինչպես նաև Եվրոպական Միությանն անդամակցելու  աջակցության գործիքների բաղկացուցիչ: Հայաստանում ծրագրի իրականացմանն  աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության  նախարարությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հուշարձանների և  տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի  գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտները,  Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն  այսօր» հասարակական կազմակերպությունը:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply