Մշակույթի նախարարությունը տեղյակ չէ հանքավայրի գործունեությունը կազդի հուշարձանների վրա, թե ոչ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 24, 2013 10:40

ՀՀ մշակույթի նախարարությանը Մեղրաձորի ոսկու կորզման ցիանային արտադրամասի նախագիծը չի ներկայացվել ուումնասիրման համար: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է. «ՀՀ մշակույթի նախարարությունը  ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի գործունեության կապակցությամբ վտանգավոր նյութերի արտանետումների պատճառով պատմամշակութային հուշարձաններին պատճառվող վնասի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, քանի որ այդ ուղղությամբ դիտարկումներ չեն կատարվել: Նախարարությունը երբեւէ չի ստացել տվյալներ հանքաքարի արդյունահանման հետեւանքով օդում առկա նյութերի բաղադրության եւ քանակի վերաբերյալ:

Վերոնշյալի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ են լաբորատոր ուսումնասիրություններհուշարձանապատկան քարերի եւ կապակցող շինությունների վրա դրանց վնասակար ազդեցությունը պարզելու համար:

Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի` հանքավայրին մոտ գտնվող հուշարձանները տեղակայված են Մեղրաձոր, Արտավազ, Աղավնաձոր, Փյունիկ համայնքների վարչական տարածքներում մոտավորապես 0,5-0,1 կմ-ից մինչեւ 3-4 կմ հեռավորության վրա եւ գտնվում են ոսկու կորզման արտադրամասի սանիտարապաշտպանիչ գոտուց /300մ/ դուրս:

Այդուհանդերձ, հանքավայրի գործունեության հետեւանքով պատմամշակութային հուշարձաններին պատճառվող վնասի չափն ուսումնասիրելու համար նախարարությանն անհրաժեշտ է հստակ տեղեկույթ` մթնոլորտ արտանետվող նյութերի, տարածման մակերեսների, օդում առկա արտանետված նյութի բաղադրության եւ դրանց խտությունների վերաբերյալ, որոնցով կգնահատվի դրանց ազդեցությունը պատմամշակութային հուշարձանների վրա, ինչը հնարավոր է իրականացնել համապատասխան ֆինանսական միջոցների եւ խիստ անհրաժեշտության դեպքում»:

Ինչպես տեղեկացնում է  «ԷկոԼուր»-ը, հունվարի 10-ին  դիմել էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ առողջապահության նախարար  Դերենիկ Դումանյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որպեսզի վերջիններիս ղեկավարած գերատեսչությունները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիք հայտնեն:

 

Pastinfo.am

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply