Արձանագրվել է 7657 քաղցկեղով հիվանդացության նոր դեպք
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2010 17:24
Հայաստանում 2009 թ–ին արձանագրվել է քաղցկեղով հիվանդների թվի 4 տոկոս աճ
Հայաստանում 2009թ–ին արձանագրվել է 7657 քաղցկեղով հիվանդացության նոր դեպք: Այս ցուցանիշը 2008թ–ի համեմատ աճել է 4 տոկոսով: 2008թ–ին հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդացության 7 336 նոր դեպք: Ինչպես այսօր «Հայ–ամերիկյան առողջության կենտրոն»-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ հրավիրված ասուլիսում նշեց «Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, աճը բնորոշ չէ միայն Հայաստանին, աշխարհում տարեկան քաղցկեղով հիվանդների թիվն աճում է 3-4 տոկոսով: Գ. Բազիկյանի խոսքով, տարածվածության առումով առաջին տեղում թոքային քաղցկեղն է, որին հաջորդում է կրծքագեղձինը, ստամոքսինը, հաստ աղիքինը: Հայտնաբերված հիվանդների 52 տոկոսը տղամարդիկ են, որոնց մոտ հիմնականում ախտորոշվում է թոքային, իսկ 48 տոկոս կանանց մոտ` կրծքագեղձի քաղցկեղ:
Գ. Բազիկյանի խոսքով, քաղցկեղի առաջացման պատճառները տարբեր են` ոչ ճիշտ կենսակերպը, շատ խմելը, ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը եւ այլն: Ըստ նրա` քաղցկեղով հիվանդների թվի աճը պայմանավորված է հորմոնալ սննդի, դեղամիջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ բնակչության երկարակեցությամբ: Գ. Բազիկյանը կարեւորեց մարդկանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: «Եթե մարդիկ իրազեկված են եւ գիտակցում են, որ անհրաժեշտ է ժամանակին այցելել բժշկի, ապա այդ դեպքում ավելի է մեծանում լիարժեք բուժման հավանականությունը: Քաղցկեղի վաղ շրջանում, ժամանակին բժշկի դիմելու դեպքում հնարավոր է բուժել մարդուն»,-ասաց Գ. Բազիկյանը: Նա նշեց, որ հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնց մոտ քաղցկեղը հայտնաբերվել է վաղ շրջանում եւ նրանք լիարժեք բուժվել են:
Ըստ Խ. Հակոբյանի` «Հայ Ամերիկյան աջակցության կենտրոն» դիմողների թիվը վերջին տարիներին ավելացել է: Նրա խոսքով, այժմ դիմում են ոչ միայն հիվանդները, այլեւ առողջ մարդիկ` պարզապես ստուգվելու նպատակով: «Մեր այցելուների մոտ 30 տոկոսը պրոֆիլակտիկայի համար է դիմում: Մեր շրջապատում կան նաեւ բազմաթիվ մարդիկ, ովքեր բժշկին դիմում են, երբ դանակը ոսկորին է հասնում: Այդ դեպքում բուժման արդյունավետությունը նվազում է»,-ասաց Խ. Հակոբյանը:
Գ. Բազիկյանի խոսքով, առաջին փուլում քաղցկեղի հիվանդացության հայտնաբերման դեպքում 90 տոկոսով մարդիկ բուժվում են, երկրորդ փուլի պարագայում` 55-60 տոկոսով, երրրոդի դեպքում հիվանդների կյանքը երկարաձգվում է: «Քաղցկեղը կոնկրետ նախանշաններ չունի, այն հիմնականում թաքնվում է այլ հիվանդությունների ներքո, այդ իսկ պատճառով պետք է պարբերաբար հետազոտվել, որպեսզի հնարավոր լինի ճիշտ ժամանակին միջամտել»,-ասաց Գ. Բազիկյանը:
Նրա խոսքով, պետությունը հնարավոր միջոցները ձեռնարկում է քաղցկեղով հիվանդներին պետպատվերի շրջանակում բուժելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
