Հասան Ջեմալը առաջին անգամ խոսել է «1915 Հայոց ցեղասպանություն» գրքի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 23:17

Հայոց ցեղասպանության պատասխանատուներից մեկի`Ջեմալ փաշայի թոռը`լրագրող Հասան Ջեմալը, Բեռլինի Հումբոլդի համալսարանում ներկայացրել է իր վերջին գիրքը, որը կոչվում է «1915 Հայոց ցեղասպանություն»: Հասան Ջեմալը «Թուրքիան 21-րդ դարում» անունով համալսարանական նախագծի շրջանակներում ներկայացրեց դեռևս հոկտեմբեր ամսին ընթերցողների դատին հանձնած իր գիրքը`նշելով, որ մինչ այդ նա Թուրքիայում ոչ մի հեռուստատեսության կամ ռադիոալիքի հարցազրույց չի տվել գրքի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Ակօսը» Հասան Ջեմալը նշել է, որ գիրքը նվիրում է իր ընկեր Հրանտ Դինքի հիշատակին: Նա կարծում է, որ ամեն մեկը Հայկական հարցին յուրովի է նայում և կարող է տարբեր անուններ տալ դրան, սակայն, ինչպես աում էր Հրանտ Դինքը, «կարևորը ոչ թե ժխտումն ու մերժումն է, այլ գիտակցումը»: «Ես գրել եմ այն մասին, թե ինչու Հասան Ջեմալի մտածելակերպը հարցի վերաբերյալ փոխվեց, որտեղից ուր հասավ: Այդ մասին գրելով միաժամանակ անդրադարձել եմ Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը, ազգային պետությանը, ազգայնականությանը, ինչպես նաև գրել եմ մինչ օրս գոյություն ունեցող Քրդական հարցի, Հայկական հարցի և զինվորական խնդիրների մասին»,-նշել է Հասան Ջեմալը:
Ինչ վերաբերվում է գրքի խիստ անվանմանը, ապա Ջեմալի մեկնաբանությամբ այն նպատակ ունի հասնելու ընկալման փոփոխությանը: «Հրանտը իմ առաջ բացեց առօրյա կամ պատմական անարդարություններից այրվող իր սիրտը: Ինչպես միշտ անկեղծ էր: Թուրքիայի ժողովրդավարացումը և՜ իմ, և՜ նրա ընդհանուր մտածմունքն էր»,-հիշել է Հասան Ջեմալը:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply