Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 21:05

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոցի կալանքի նշանակման ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև գործով ըստ էության դատաքննության հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.

1. Արդյոք 23/02/2008թ.-ի ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից 27/02/2008թ.-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր՝ Կոնվենցի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
2. Արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
3. Արդյոք դատարանները տրամադրել են §վերաբերելի¦ ու §բավարար¦ պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
4. Արդյոք խախտվել է դիմողի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավոր Վ-ի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի Վ-ի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:
5. Արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիմքով: Եթե այո, արդյոք նման միջամտությունը համապատասխանում է 10-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներին:
6. Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ՝ ի խախտումն Կոնվենցայի 14-րդ հոդվածի երաշխիքների:

Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:

Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան
Արա Ղազարյան

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply