Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները թմրամիջոց են իրացնում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 29, 2010 17:07
ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից արդարադատության լեյտենանտ Նվեր Զախարյանն իր պարտակությունների կատարման փոխարեն զբաղվել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին թմրամիջոց իրացնելով:
Ս.թ. մարտի 27-ին արդարադատության լեյտենանտը քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում համազգեստի թևքից հայտնաբերվել է տնայնագործական եղանակով չորացված մարիխուանա:
Բացահայտված հաջորդ դեպքը գրանցվել էր դեռևս մարտի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նույնպես անվտանգության ապահովման բաժնի աշխատակից և նորից արդարադատության լեյտենանտ:
Քրեակատարողական համակարգի օպերատիվ ծառայությունում այս անգամ ստացված տեղեկությունները վերաբերում էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից, արդարադատության լեյտենանտ Գրիգոր Հարությունյանին, որի համազգեստի վերնաշապիկի տակից հայտնաբերվել է թաքցված թմրանյութ:
Գրիգոր Հարությունյանը տվել է ինքնախոստովանական բացատրություն այն մասին, որ ինքը համաձայնության գալով նախնական կալանքում գտնվող Արթուր Ս.-ի հետ 35.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց պետք է թմրամիջոցը փոխանցեր վերջինիս:
Նշված փաստերով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
