Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Սյունիքի մարզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2013 19:30

«Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. «Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի»: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա «Ապահով Հայաստանի» պարտադիր պայմանն է: Այս պատվիրանը մենք կյանքի ենք կոչել և շարունակում ենք սրբությամբ հետևել դրան: Բայց այսօր, ցավոք, արդիական է հնչում նաև մեծ գործչի 5-րդ պատգամը. «Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա»: Այս հարցը, ցավոք, մենք դեռևս չենք լուծել: Մեր հողի վրա դեռ կա աղքատություն, և այդ աղքատությունը կրճատելուն են ուղղված մեր ծրագրերն ու աշխատանքը»,-Սյունիքի մարզում իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը և հանգամանորեն անդրադարձել իրականացվող սոցիալական քաղաքականությանը, դեռևս առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Նախագահի թեկնածուն նշել է, որ քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում խոսել միայն դրական երևույթների մասին՝ խուսափելով դժվար հարցերից ու խնդիրներից: «Ես միշտ եղել եմ անկեղծ ու շիտակ այս տարիների ընթացքում, և այլ կերպ գործել չեմ կարող: Աղքատությունը շարունակում է մնալ մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկը… Փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, սոցիալական վճարներով ու բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ: Մենք պետք է մանրազնին անդրադառնանք և վերացնենք աղքատությունը ծնող պատճառները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ համոզված է՝ թոշակ և նպաստ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու: Նախագահի թեկնածուի համոզմամբ, աշխատանքն է աղքատության լուծումը, ուստի, աշխատունակ մարդկանց համար պարզապես անհրաժեշտ է աշխատանքի պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել:

«Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր համաքաղաքացիների համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան վստահ լինել ոչ միայն իրենց ներկայի, այլև վաղվա օրվա համար»,-Ագարակում ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը: Նա ներկայացրել է կենսաթոշակային համակարգում վերջին շրջանում նաև կոշտ քայլերի շնորհիվ իրականացված որոշակի բարեփոխումները և համակարգն ամբողջովին փոխելու առաջիկա ծրագրերը, որի արդյունքում կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները նույնիսկ ամենացածր կենսաթոշակի պարագայում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, կբավարարեն թոշակառուի կենսական պահանջմունքները:

Մեղրիում նախընտրական հանդիպումը Սերժ Սարգսյանն սկսել է պատմական էքսկուրսով՝ անդրադառնալով միջին դարերում շատ ու շատ պետություններում և նաև հայկական իրականության մեջ տարածված այն պրակտիկային, երբ պետության սահմանների պաշտպանության գործը վստահվում էր բացառապես տվյալ երկրի ամենատոկուն, ամենաքաջ ու ամենավստահելի համարումն ունեցող տոհմերին և ընտանիքներին: Ժամանակները փոխվել են և վաղուց արդեն երկրի պաշտպանության առաջնային առաքելությունն իր վրա է վերցրել կանոնավոր բանակը, բայց, Նախագահի թեկնածուի խոսքով, ինչպես այն ժամանակներում, այնպես էլ այսօր, չի կարող լինել ավելի բարձր պատիվ, քան երկրի սահմանների բնական պահապանն ու պաշտպանը լինելը: «Ավելորդ է ասել, որ դուք եք մեր երկրի հարավային դարպասների բնական պաշտպանները` ձեր տոկունությամբ, ձեր աշխատասիրությամբ, ձեր քրտնաջան աշխատանքով, ձեր ձգտումներով ու խաղաղասեր երազանքներով, ինչի համար ուզում եմ ձեզ շնորհակալություն ասել և երախտապարտ լինել»,-մեղրեցիներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուն Մեղրիի բնակիչներին ներկայացրել է նաև այդ տարածաշրջանի և ամբողջ Հայաստանի համար կարևորագույն երկու խոշորամասշտաբ ծրագրերի՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի և «Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, խոսել՝ հարևան Իրանի հետ հարաբերությունների և զարգացող համագործակցության մասին:

Սյունիքի մեկ այլ բնակավայրում՝ Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է բնապահպանական խնդիրները: «Արտադրությունը և մասնավորապես արդյունաբերությունը` հանքաարդյունաբերությունն իհարկե, շատ լավ բան են: Բայց անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով, այդ թվում և՝ մարդկանց առողջության ու բնությունն անվերադարձ քայքայելու գնով: Այսօր այս հարցերում մենք որդեգրել ենք ավելի հեռատես քաղաքականություն, որ հիմնված չէ այսրոպեական շահի վրա: Այն նկատի է առնում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու և շահագործելու կարևորությունը: Մենք չենք փորձելու այսօրվա հարցեր լուծել՝ վտանգելով ապագան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կապանում ընտրողների հետ հանդիպմանը ևս ՀՀ նախագահի թեկնածուն շեշտել է, որ իր համոզմամբ, ապահով Հայաստանի հիմքն են խաղաղությունն ու աշխատանքը: «Սյունիք-Լեռնահայաստանը ինձ համար առանձնահատուկ մեկնակետ է: Ինձ համար «Ապահով Հայաստանը» երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որ հնարավոր է իրականացնել հստակ փուլերով և հստակ ժամկետներում: «Ապահով» չի նշանակում միայն «անվտանգ»: «Ապահով» նշանակում է նաև «ապահովված»: Համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը»,-ասել է Սերժ Սարգսյանը և ներկայացրել գալիք տարիներին տնտեսական առաջընթացին միտված ծրագրերը, որոնք ապահովելու են նաև փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների ներդրման խրախուսման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացման և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցման արդյունքում:

«Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված է երկրում ժողովրդավարության խորացմանը և օրենքի գերակայության հաստատմանը, էականորեն բարեփոխել է մեր հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունները և նույնիսկ երկրի դիմագիծը: Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային կառույցների մոտեցումներին: Մենք հիմքեր ունենք վստահորեն առաջ շարժվելու զարգացման բոլոր ուղղություններով»,-սյունեցիներին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու կոչ արել քվեարկել այնպես, ինչպես նրանց խիղճն է թելադրում, և ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, արժանի կլինեն մեր ժողովրդին:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply