ՀՀ 12 հազար 943 քաղաքացիներ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական ունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 23, 2013 15:43
Հայաստանում ընտրություններին որպես տեղական դիտորդ հանդես գալու համար անհրաժեշտ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական ներկայումս ունեն 12 հազար 943 քաղաքացիներ:
Ըստ ԿԸՀ-ի կայքէջում տեղադրված` դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական ստացած քաղաքացիների ցանկի, հիշյալ անձինք ներկայացնում են 43 ՀԿ-ներ: Այդ թվում` ամենաշատը «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ներկայացուցիչներն են` 4 հազար 344:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված ՀԿ-ները քվեարկության օրվանից մինչև 17 օր առաջ կարող են ստուգարք անցկացնելու մասին դիմում ներկայացնել ԿԸՀ, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված դիտորդների թիվը 20-ից ավելի է:
Ըստ Հ. Հարությունյանի՝ սա, մասնավորապես, նախատեսված է «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը, դասընթացներին մասնակցելու դիմումի, ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականների ձևերը սահմանելու մասին» ԿԸՀ-ի 2011թ.-ի հուլիսի 29-ի որոշմամբ:
Նշենք, որ Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում դիտորդների հավատարմագրումը և արդեն հավատարմագրված դիտորդների ցուցակում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Հավատարմագրվել կարող են հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներից որևէ մեկին:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
