ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի այցը Լիտվա

Պաշտոնական, Օրվա լուր | | January 23, 2013 11:32

Հունվարի 21-22-ին Լիտվայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Հունվարի 22-ին կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Վիտաուտաս Լեշկյավիչյուսի հետ: Հանդիպմանը լիտվական կողմից մասնակցում էին Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց, դեսպան Վայդոտաս Վեռբան, ԼՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի դրական ընթացքի, ազատ առևտրի գոտու, երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը հույս հայտնեցին, որ Լիտվայի ԵՄ նախագահության ընթացքում Արևելյան գործընկերության երկրների Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարձանագրվի Հայաստանի նշանակալի ձեռքբերումները ասոցացման համաձայնագրի շուրջ:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ԼՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն, դեսպան Դալիուս Չեկուոլիսի, ԼՀ ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ, դեսպան Էդմինաս Բագդոնասի և ԼՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին:

Նույն օրը քննարկումներ տեղի ունեցան ԼՀ Սեյմասի Եվրոպական ակումբում, որտեղ փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի տարբեր հարցերին:

Այնուհետև Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԼՀ Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիռկիլասի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացման հարցը:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply