Քաղաքագետն ու թուրքագետը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 29, 2010 15:54

Ձախից՝Երվանդ Բոզոյան, Ռուբեն Մելքոնյան

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  գործընթացը  թևակոխել է ողբերգական փուլ»,- ասաց այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն էին քննարկում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ Բոզոյանի ներկայումս տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փորձ է Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու, որպեսզի վերջինս վավերացնի  արձանագրութունները: «Սակայն Թուրքիան  ակնհայտ ցույց է տալիս, որ  չի պատրաստվում դա անել և  մատնանշում է, որ ԼՂՀ հարցում առաջխաղացումը կարող է աշխուժացնել գործընթացը»,- ասում է Բոզոյանը՝ հավելելով, որ  հայկական կողմը այս խնդրում չի կարող էական  զիջումների գնալ, քանի որ դա կսպառնա ոչ միայն ԼՂՀ,  այլև ՀՀ անվտանգությանը:

Քաղաքագետը նշում է, որ չնայած փաստացի հայ-թուրքական գործընթացը կանգնած է, սակայն դե յուրե ընթանում է և  այդ ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի  համար. «Մի բան է գործընթացը  սկսելը և այլ բան է գործընթացից շահեկան վիճակում դուրս գալը:  Փաստացիորեն Թուրքիան երբեք թույլ չի տա, որ պրոցեսի դե յուրե ընթացքը կանգ առնի, որքան էլ իրենք խոսում են, թե այս արձանագրությունները հակասում են իրենց պետական շահերին, որքան էլ Թուրքիայի ընդդիմությունն անընդհատ նշում է, թե պետք է հետ վերցնել այս արձանագրությունները, թուրքական իշխանությունները երբեք այդ քայլին չեն գնա»:

Բոզոյանի կարծիքով՝ թուրքերը փորձում են հայ-թուրքական պրոցեսի առաջխաղացումը կապել ԼՂՀ հարցի հետ և  դե ֆակտո ԼՂ սառեցրած կոնֆլիկտը վերածել  ակտիվ պրոցեսի:

«Սա դիվանագիտական և քաղաքական պայքար է,  և Հայաստան պետությունը կարող է շարունակել այդ պայքարը,- ասում է Մելքոնյանը՝ հակադարձելով Բոզոյանի արտահայտած տեսակետին: – Գործընթացը հիմա կանգ է առել, սակայն այն ունի շարունակման միտումներ»:  Մելքոնյանը որպես  ասվածի ապացույց մատնանշում է  թուրք-սիրիական հարաբերությունները. երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորող արձանագրությունները ստորագրվելուց երեք տարի անց են միայն վավերացվել:

Բոզոյանը, սակայն, նշում է, որ թուրք-սիրիական հարաբերություններում չկար երրորդ կողմ, մինչդեռ հայ-թուրքական հարաբերություններում երրորդ կողմը Ադրբեջանն է:

«Ակտիվացնելով Ղարաբաղյան պրոցեսը՝ ներգրավում ենք խոշոր խաղացողների, ինչի հետևանքով մեծանում է պատերազմի վտանգը, և թուլանում են մեր դիրքերը: Թուրքիան հայ-թուրքական պրոցեսը սահուն տեղափոխում է  ԼՂՀ հարցի հարթություն, և այս ճակատում այսօր լուրջ իրավիճակ ունենք»,- ասում է Բոզոյանը:

Մելքոնյանը, չհամաձայնելով  Բոզոյանի տեսակետի հետ, ասում է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում միշտ էլ փորձել է կողմնակալ դիրք ունենալ և այդ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարվել. « Իսկ մեծ խաղացողների ընդգրկելով  գուցե ավելի  ենք քչացնում պատերազմի հավանականությունը, քանի որ այդ խոշոր խաղացողներից Ռուսաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ Ղարաբաղի կոնֆլիկտը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի և դրան այլընտրանք չկա»:

Թուրքագետը նշում է, որ առաջիկա ապրիլի 24-ը  հայ-թուրքական հարաբերությունների վերջնաժամկետ չէ, սակայն դրանից հետո իրադարձությունները կփոխեն իրենց բնույթը:

«Եվրոպական երկրներում Ցեղասպանության հարցի քննարկումը և ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի յուրահատուկ հաղորդագրություններից է ուղղված  Թուրքիային՝ քայլել 21-րդ դարի մտածելակերպին համաձայն, առերեսվել իր անցյալի հետ և հարեևանների հետ հաստատել նորմալ հարաբերություններ»,- ասում է Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի կոնգրեսում և  Շվեդիայի խորհրդարանում Թուրքիայում երկու տիպի արձագանք է առաջացրել:   «Առաջին  արձագանքը բուռն էր և հիստերիկ, ինչի դրսևորումն էր Էրդողանի հայտարարությունը Թուրքիայում ապրող հայերին արտաքսելու մասին,- ասում է Մելքոնյանը,-  Իսկ այժմ Թուրքիան փորձում է փոխել իր մարտավարությունը. Թուրքական քաղաքական մեքենան փորձում է  վարչապետի հայտարարություններին մեղմ բնույթ տալ և այդ գործում ներգրավված են ինչպես նախագահ Գյուլը, որի հայտարարությունները հակասում են Էրդողանի հայտարարություններին, այնպես էլ Թուրքիայի  հայ համայնքը»:  Մելքոնյանն ասվածի  ապացույց է համարում   հայ համայնքի ղեկավար  ներկայացած ոմն Շիրինօղլիի հավաստիացումները (Ըստ Մելքոնյանի՝ Թուրքիայի հայ համայնքի առաջնորդ հասկացություն գոյություն չունի), թե  Թուրքիան բարեգութ է հայերի նկատմամբ:

«Թուրքիայի  հայերը հիմնականում գտնվում են ոչ օրինական պատանդի վիճակում  և ստիպված են նման հայտարարություններ անել: Սա թուրքիայի պետական քաղաքականության հիմնական բաղադրիչներից է՝  հայ համայնքի ներկայացուցիչներին օգտագործել իրենց քաղաքական շահերի համար»,- ասում է Մելքոնյանը:

Երվանդ Բոզոյանը   Էրդողանի հայտարարությունները տակտիկական սխալ  է  համարում՝ նշելով, որ  այդ քայլով  Թուրքիան ընդամենն իր իմիջն է  գցում Արևմուտքի մոտ:

Դիտվել է 3660 անգամ:
Print Friendly

Leave a Reply