Ղարաբաղը կարող է սիրիահայերի երկրորդ հայրենիքը դառնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 22, 2013 18:07

Սիրիահայության աջակցության ծրագիրը վրդովեցրել է ադրբեջանական կողմին, որը Լեռնային Ղարաբաղն իր տարածքի մասն է համարում`պնդելով, որ այս քայլը խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը:

Սիրիայում տեղի ունեցող ռազմական բախումներից փրկվելու նպատակով հարյուրավոր սիրիահայեր են տեղափոխվում Հայաստան, իսկ ոմանք՝ միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:
Ըստ Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանի`Սիրիայից 22 ընտանիք (58 մարդ) տեղափոխվել է Քաշաթաղ, որից 18` Սիրիայում կապված վերջին դեպքերից հետո:
«Կովսական եկած առաջին սիրիահայ ընտանիքները արդեն ունեն առանձնատներ, մնացածի համար բազմաբնակարան շենք է վերանորոգվել, որից հատկացվել են բնակարաններ: Բերձոր եկածները առայժմ բնակվում են հյուրատանը, որտեղ ոչ մի վարձ չեն մուծում, բոլոր չափահասների աշխատանքի խնդիրը լուծվել է, ինչպես նաեւ սննդի հարցը կազմակերպվում է մեր ուժերով: Իսկ ով ցանկանում է հող մշակել, տրվում է հող», – ասում է Ռոբերտ Մաթեւոսյանը:
Ադրբեջանը, որտեղ ղարաբաղյան հակամարտության ժամանակ իրենց տները լքած հարյուր հազարավոր փախստականներ են ապրում, շարունակում է Լեռնային Ղարաբաղն իր տարածքի մի մասը համարել:
«Մենք տեղեկացրել ենք այս մասին ՄԱԿ-ին եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը: Հայաստանն առաջին անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցման նախագիծ է իրականացնում: Սա սադրանք է. այն խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաեւը:
Ստեղծված իրադրության մեջ Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում եւ հրաժարվում է բանակցական սեղանի շուրջ նստել ղարաբաղյան կողմի հետ:
Սիրիահայերի գերակշռող մասը հաստատվում է Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում:
Լեռնային Ղարաբաղը հայերի վերահսկողության ներքո գտնվող ինքնակոչ հանրապետություն է եւ հանդիսանում է չլուծված հակամարտություն` հայերի ու ադրբեջանցիների միջեւ, ինչի արդյունքում երկու հարեւանները ՝Հայաստանն ու Ադրբեջանը, չունեն դիվանագիտական հարաբերություններ:
1992 թվականին ղարաբաղյան ուժերը իրենց վերահսկողության տակ վերցրին Լաչին (Բերձոր) քաղաքը եւ ռազմավարական կարեւորություն ունեցող Լաչինի միջանցքը (հայերը նաեւ այն անվանում են «կյանքի ճանապարհ»): Այդ միջանցքի շնորհիվ` Ղարաբաղը ցամաքային կապ հաստատեց Հայաստանի հետ: Ավելի ուշ`Զանգելանի, Կուբաթլուի եւ Լաչինի մի մասի հիման վրա ստեղծվեց Քաշաթաղի շրջանը`3376 կմ² տարածքով:
ԼՂ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2011 թվականի տվյալներով` Քաշաթաղի շրջանում բնակվում է 8 500 մարդ:
Տեղական իշխանություններն ընդառաջում են շրջան տեղափոխվել ցանկացողներին: Նրանց համար տներ են կառուցվում կամ վերանորոգվում են եղածները, քանի որ պատերազմից հետո լքված տները հաճախ քանդվել են`որպես շինանյութ օգտագործելու նպատակով:
Քաշաթաղում հաստատվող ընտանիքների մեծ մասը Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից են: Նրանք հիմնականում հողագործներ ու արհեստավորներ են:
«Հողագործությամբ զբաղվող ընտանիքներին տրամադրում ենք մեծ հողատարածքներ»,- ասում է Մաթեւոսյանը:
Ըստ Ռոբերտ Մաթեւոսյանի`այժմ Քաշաթաղի շրջանում բնակվելու ցանկություն ունեն 10 ընտանիքի ներկայացուցիչներ, ովքեր հեռախոսով տեղեկացրել են, որ ցանկանում են գալ Քաշաթաղ ու ծանոթանալ պայմաններին. «Ընդհանրապես, պատրաստ ենք ընդունել ցանկացած դիմողի: Քաշաթաղցին ըմբռնումով է մոտենում խնդրին՝ ոչինչ, որ իր տունը չեն վերանորոգում, նա դժբախտության մեջ հայտնված հայրենակցին պատրաստ է օգնել»:
«Ես անմիջապես Ղարաբաղն ընտրեցի, Հայաստանը չուզեցի: Այստեղ հանգիստ է ու ավելի լավ է: Գնացի 15 օր Հայաստանում մնացի, հետո վերադարձա Սիրիա: Հետո որոշեցի գալ Ղարաբաղ»,- ասում է Վարդան Պողոսյանը, ով վերջերս է տեղափոխվել ԼՂ:
Նա իր տիկնոջ`Լուսվարդ Վարդանյանի հետ հաստատվել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Երիտասարդ ամուսինները մասնագիտությամբ հաշվապահներ են: Սիրիայից ընտանիքով Քաշաթաղ է տեղափոխվել նաեւ Վարդան Պողոսյանի եղբայրը` Սերոբ Պողոսյանը, եւ Վարդանի կնոջ ծնողներն ու հարազատները:
Ռոբերտ Մաթեւոսյանի հավաստիացմամբ` Վարդան Պողոսյանը մոտ օրերս աշխատանք կստանա տեղական հեռախոսակապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ում:
Վարդանի կինն օրերս աշխատանքի է ընդունվել Բերձորի հյուրանոցում`որպես հաշվապահ:
Ի դեպ, Վարդանը սիրիական հեռախոսակապի օպերատորներից մեկում 5 տարի աշխատել էր որպես հաշվապահ: Իսկ նրա եղբայրը, ով մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, աշխատանքի կտեղավորվի «Սյունիք» հիդրոէլեկտրակայանում:
Վարդանն ու Լուսվարդն ունեն մեկ տարեկան ու մեկ ամսական դուստր: Չնայած երեխայի փոքր տարիքին` նրանք երկուսով ուզում են աշխատել:
Ադրբեջանական իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ սիրիահայերի վերաբնակեցման ծրագիրը նպատակաուղղված քայլ է, որը կխոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ կբացառի փախստականների վերադարձը տարածաշրջան:
«Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Անընդունելի է, որ սիրիահայերը հաստատվում են այնտեղ առանց Ադրբեջանի թույլտվության: Սա միջազգային օրենսդրության եւ Լեռնային Ղարաբաղը հարկադրաբար լքած ադրբեջանցիների իրավունքների խախտում է», – համոզված է Աբդուլլաեւը:
«Հիասթափեցնում է նաեւ այն, որ միջազգային հանրությունը հակված է լռություն պահպանել այս կապակցությամբ», – հավելել է նա:
Վարդան Պողոսյանը, սակայն, ադրբեջանական կողմի դժգոհություններն ընդհանրապես խնդիր չի համարում:
«Ես չգիտեմ` աշխարհն ինչպես է մտածում, ես իրենց նման չեմ մտածում: Ադրբեջանցիներն այստեղ տեղ չունեն, Արցախը հիմա պատկանում է իր իսկական տիրոջը: Իմ արմատները Սասունից են, որը կորցրել ենք, թող նրանք երկրորդ անգամ հող գրավելու մասին չմտածեն», – ասում է Վարդան Պողոսյանը:
«Մենք շատ բան ենք կորցրել Սիրիայում, եւ այս շրջանը մեզ համար ապաստան է դարձել: Մենք մտադիր ենք հաստատվել այստեղ եւ զարգացնել շրջանը», – հավելում է Պողոսյանը:
Սիրիահայերի համար Հայաստանում կամ Ղարաբաղում հաստատվելու, ինտեգրվելու համար երբեմն խնդիր է հանդիսանում լեզվական պատնեշը:
«Մի քիչ դժվար է, մի քիչ անհասկանալի է Ղարաբաղի բարբառը ու արևելահայերենը, բայց կհարմարվենք, կամաց-կամաց կվարժվենք, կհասկանանք իրար: Նույն լեզուն է, բայց հնչյուններն ու գրելու ձեւը կտարբերվեն: Ամեն պարագաններում` բոլորս հայեր ենք», – ասում է Վարդան Պողոսյանը:
Ռոբերտ Մաթեւոսյանը նշում է, որ հայոց լեզվի ուսուցիչները ցուցում են ստացել, որ անհատական մոտեցմամբ պարապեն սիրիահայերի երեխաների հետ:
Ադրբեջանցի ակտիվիստները, իրենց հերթին, դժգոհում են, որ երկրի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ստեղծված իրադրության կապակցությամբ:
«Ես դժգոհ եմ Ադրբեջանի կառավարության`այս ուղղությամբ իրականացրած գործունեությունից: Այն պարզապես բարձրացրել է խնդիրը միջազգային կառույցներում, եւ վերջ: Կառավարությունն այնպես է վարվում, կարծես հասարակական կազմակերպություն լինի… Այն կարծում է, թե բավական է այդ մասին ՄԱԿ-ին տեղեկացնել», – ասում է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին:
Նա կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ստիպել միջազգային պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ`սիրիահայերի վերաբնակեցման գործընթացին վերջ տալու համար:
Իսկ Ղարաբաղում իրավապաշտպան ակտիվիստները հակված են անտեսել ադրբեջանական կողմի բողոքները:
Հելսինկյան նախաձեռնություն-92-ի ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը սիրիահայերի օգնություն ծրագիրը «միասնականության դրսեւորում» է որակում:
Ավելին, նրա կարծիքով`սիրիահայերը կարող են մեծ ներդրում ունենալ շրջանի զարգացման գործում:
«Նրանք ավանդապահ հասարակությունից են սերում, որտեղ համագործակցության մշակույթը խիստ զարգացած է: Նրանցից շատերը գործարարներ են եղել եւ լավ կրթություն են ստացել: Նրանց կազմակերպչական հմտությունները տնտեսության եւ այլ ոլորտներում կարող են նշանակալի խթան հանդիսանալ Ղարաբաղի զարգացման համար», – կարծիք է հայտնել Օհանջանյանը:
Սիրիահայերին աջակցում են ոչ միայն իշխանությունները, այլեւ տարբեր հիմնադրամներ, որոնցից են «Քաշաթաղ» եւ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամները, ինչպես նաեւ` սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը:
«Արցախակերտում» նախաձեռնող խումբը երեք շաբաթ առաջ հասարակական կազմակերպությունների համար կազմակերպեց մեկնում դեպի Քաշաթաղ` սիրիահայերի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով: «Կամք» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանը նկատեց, որ ընդհանրապես սիրիահայերը տրտնջալու հակում չունեն.
«Իհարկե, դժվարություններ կան, եւ բոլորն էլ նշում են, որ իրենք Սիրիայում անհամեմատ լավ պայմաններում էին ապրում, սակայն կարեւորն այն է, որ նրանք պատրաստ են աշխատելու եւ պայքարելու: Ավելին` ուշագրավ է, որ նրանցից ոմանք բավականին խոշոր ծավալով հողատարածքներ են մշակում, ինչը խոսում է նաեւ նրանց աշխատանքային հարմարվողականության մասին»:
Բեգլարյանի խոսքերով, նրանք բոլորը միաբերան պնդում էին, որ չեն զղջում իրենց ընտրության համար եւ նախատեսում են մշտապես բնակվել այնտեղ, եթե իրենց տների հարցը լուծվի:
Չնայած այս լավատեսական մոտեցմանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կասկածի տակ է դնում սիրիահայերի աջակցության ծրագրի իրականացման հավանականությունը:
Նա մեջբերում է լիբանանահայերի օրինակը, որոնք ժամանակին տեղափոխվել էին այստեղ, իսկ հետագայում հուսահատված հեռացել:
Բացի այն, որ Ղարաբաղի իշխանությունները սիրիահայերի վերաբնակեցման համար անհրաժեշտ «հնարավորություններ եւ ռեսուրսներ չունեն», իրադրությունը ողջ տարածաշրջանում չի նպաստում նրանց հաստատմանն այստեղ:
«Այսօր իրադրությունն այստեղ շատ ավելի անկայուն է, քանի որ ողջ տարածաշրջանին եւ հատկապես Ղարաբաղին ներկայում սպառնում է պատերազմի վտանգը», – նշում է Կիրակոսյանը:

Հայկ Ղազարյանը «Հետք» թերթի թղթակիցն է Ստեփանակերտում:
Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net
Հայկ Ղազարյան, Շահլա Սուլթանովա, Կովկաս
Կովկասյան լրատու # 671
11-ը հունվարի, 2013թ.

Դիտվել է 2205 անգամ:
Print Friendly

Leave a Reply