Ադրբեջանում զինվորի մահվան կապակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 22, 2013 17:59

Իշխանությունները ստիպված են հարմարվել հանրության`երիտասարդ նորակոչիկի մահվան կապակցությամբ ձեւավորված տրամադրություններին:

Ադրբեջանական բանակի 18-ամյա զինակոչիկի մահը ստիպել է հասարակությանը կտրուկ գործողությունների դիմել. անցյալ շաբաթվա վերջում տեղի ունեցած մեծաքանակ բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին, որպեսզի կառավարությունը պատշաճ պատասխան տա զինծառայողի մահվան համար:
Ջեւհուն Գուբադովն ընդամենը 3 ամիս առաջ էր զորակոչվել բանակ, եւ հունվարի 7-ին դեռեւս անբացատրելի հանգամանքներում արձանագրված նրա մահն ընդամենը մեկն է վերջերս տեղի ունեցող այս ողբերգությունների շարքում:
Զինված ուժերում բարեփոխումների իրականացման համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ ադրբեջանական բանակում խտրականությունն ու հալածանքները լայն տարածում ունեն, ինչի հետեւանքով շատ զինվորներ կամ կյանքին վերջ են տալիս կամ զինակիցների ձեռքով սպանվում:
Ադրբեջանի պաշտպանության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող «Դոկտրինա» հետազոտական կենտրոնի տվյալներով, անցյալ տարի բանակում ոչ ռազմական պայմաններում արձանագրված 77 մահվան դեպքերից 19 ինքնասպանություն է եղել, 16 զինվոր զոհվել է ավտովթարի ժամանակ, 14-ի մահվան պատճառը հիվանդությունն է եղել, եւս 11-ը զոհվել են «օրենքը խախտելու ընթացքում», ութ զինծառայողներ մահացել են անհայտ հանգամանքներում տեղի ունեցած պատահարների ժամանակ, իսկ մեկ զինվորի մահվան դեպքի կապակցությամբ ընդհանրապես որեւէ բացատրություն դեռեւս չի տրվել:
Բանակում արձանագրված վերջին մահվան դեպքի պատճառը, ըստ դատախազություն նախնական վարկածի, զինծառայողի տարած սրտի կաթվածն էր: Սակայն երբ հայտնվեցին Գուբադովի մարմնին եղած բռնության հետքերի մասին վկայող լուսանկարներն ու տեսանյութերը, դատախազությունը ստիպված եղավ հետ կանգնել նախնական բացատրությունից:
Նորակոչիկի մայրը`Սամիրան, հանրությանն ուղղված հետեւյալ կոչը հրապարակեց. «Իմ որդուն ծեծելով սպանել են, օգնեք ինձ պատժել մեղավորներին», որը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում:
Ֆեյսբուքում եւ Թվիթերում տեղ գտած գրառումներն օգնեցին բողոքի ցույց կազմակերպել Բաքվի կենտրոնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հավաքները պետք է օրենքով նախապես թույլատրվեն`բողոքի ցույցն անսպասելիորեն մեծաքանակ էր, եւ լրատվամիջոցների տվյալներով`մասնակիցների քանակը հասնում էր 2 000-3 000-ի:
Բողոքի ակցիան եւ հասարակական վրդովմունքի ալիքն անսպասելիորեն որոշակի ազդեցություն ունեցան իշխանությունների վրա:
Գուբադովի հետ նույն զորամասում ծառայող լեյտենանտ Վեյսալ Ագաեւը եւ պայմանագրային զինծառայող Մուգադդաս Գուրբանովը ձերբակալվեցին:
Գուրբադովի զորամասի տարածաշրջանի համար պատասխանատու գեներալ Ռովշան Ակբարովը պաշոնական զգուշացում ստացավ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից, զորամասի հրամանատար գնդապետ Փոլադ Հաշիմովի զինվորական կոչումն իջեցվեց, իսկ զորամասի փոխհրամանատարն ընդհանրապես հեռացվեց պաշտոնից:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրովը հայտարարեց, որ Գուբադովի մահը ադրբեջանական «բանակի համար մեծ կորուստ» էր:
«Միայն ամենախստասիրտ մարդը չէր ցավակցի այս կապակցությամբ: Այդ պատճառով, մենք հասկանում եւ ցավակցում ենք բոլոր ազնիվ մարդկանց, որոնց վշտացրել է Ջեւհունի մահը», – նշել է նա:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին նույնպես փորձեց հանրային տրամադրություններին համահունչ հայտարարությամբ հանդես գալ հունվարի 12-ին:
«Ջեւհուն Գուբադովի մահվանը հաջորդած այս երիտասարդական բողոքի ցույցը, որը տեղի ունեցավ Շատրվանների հրապարակում, խաղաղ բնույթ էր կրում: Մասնակիցները խոսեցին, եւ նրանց ձայները լսելի դարձան», – հայտարարել է նա:
Ցույցի խաղաղ բնույթը, սակայն, չխանգարեց իրավապահ մարմինններին 120 ցուցարարների ձերբակալել, որոնց մի մասին մայրաքաղաքից 50-100 կիլոմետր հեռու էին տարել եւ լքել մի վայրում, որտեղից վերջիններս ստիպված էին եղել իրենց ոտքով վերադառնալ:
Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տվյալներով`ցույցի ընթացքում խաթարվել էր մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությունը, այնուհետեւ ոստիկանը հարվածել էր Ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովին, երբ վերջինս փորձել էր տեսախցիկ օգտագործել:
Հունվարի 14-ին, ցույցի մասնակիցներից 22-ը տուգանվեցին 300-600 մանաթի չափով: Նրանք որոշեցին վճարել 10 500 մանաթի հասնող տուգանքի ընդհանուր գումարը (մոտավորապես 13 000 դոլար) մետաղադրամներով:
«Այս մարդիկ փողոց էին դուրս եկել զինվորի մահվան, փաստացիորեն`սպանության դեմ բողոքելու նպատակով: Իսկ այժմ նրանց տուգանում են դրա համար: Այդ պատճառով մենք որոշեցինք բոլորս միասին հավաքել գումարը 5 քափիկանոց մետաղադրամներով: Հույս ունեմ`սա կստիպի նրանց ամաչել իրենց արարքի համար», – ասում է ակտիվիստ Փարվիզ Ազիմովը:
Չնայած բողոքի ցույցը բացահայտ քաղաքական բնույթ չէր կրում, ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր աջակցությունը հայտնեց ցուցարարներին`նշելով, որ ժամանակն է, որպեսզի իշխանությունները վերջ տան զինծառայողների մահվան դեպքերն անտեսելու քաղաքականությունը:
«Իրականում այդքան էլ դժվար չէր լինի վերջ տալ այս դեպքերին: Պետք է ընդամենը բանակի նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողություն սահմանել, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուր մահվան դեպքի համար մեղավորներին: Սա նշանակում է, որ դատարանները պետք է անկախ լինեն… Կառավարությունը պետք է կարողանա բանակում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար համապատասխան կամք դրսեւորել: Դա անխուսափելի է, հակառակ դեպքում մարդիկ կբարձրաձայնեն այս մասին, ինչն այնքան էլ իշխանությունների օգտին չի լինի», – կարծիք է հայտնել Քերիմլին:

Իդրակ Աբբասով, Կովկաս
Կովկասյան լրատու # 672
18-ը հունվարի, 2013թ.
Իդրակ Աբբասովը ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net

Դիտվել է 1767 անգամ:
Print Friendly

Leave a Reply