Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1941-1945թթ.-ի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2010 15:47

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1941-1945թթ.-ի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրել արտահերթ: Այդ նպատակով մշակված ՙՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը կառավարության մարտի 25-ի նիստում հավանության է արժանացել և համարել անհետաձգելի: ՙԱյս հարցը հանգամանորեն քննարկվել է Հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը՚, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը`հավելելով, որ այս հարցում կառավարությունն ակնկալում է նաև հասարակության հավանությունը:

Oրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել են Ազգային Ժողով: Ակնկալվում է, որ այն կքննարկվի ապրիլի 6-ից մեկնարկելիք լիագումար նիստերում:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, 3 936 վետերաններից 3 766-ն այս պահի դրությամբ չեն օգտվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրից: Առաջարկվող օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում, նախնական հաշվարկով, ավանդների փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական հատկացում: Նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանի մատուցմամբ, քանի որ կառավարությունն այսօր չի տիրապետում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդի գրքույկներում ներառված տվյալներին, այդ իսկ պատճառով կատարել է միջինացված հաշվարկներ` հիմք ընդունելով, որ նմանատիպ կատեգորիայի յուրաքանչյուր ավանդատուին ներկայումս վճարվում է շուրջ 245 հազար դրամի փոխհատուցում:

Նշենք, որ 2010 թվականի պետական բյուջեում ավանդների դիմաց փոխհատուցման համար նախատեսված է 1 միլիարդ 700 միլիոն դրամ: Փոխհատուցումը տրամադրվում է ՙՀՀ 2006թ.-ի պետական բյուջեի մասին՚ օրենքով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված սոցիալապես անապահով խմբերին` ըստ ամրագրված հերթականության: Հաշվառված է եղել շուրջ 62 հազար անձ` 138 հազար գրքույկներով: Նրանցից շուրջ 29 հազարը, 2010 թվականի փետրվար ամսվա դրությամբ, արդեն ստացել են ավանդների դիմաց իրենց փոխհատուցումները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply