Երևանի քաղաքապետարանը և «Dasaran.am» կրթական ծրագիրը կներկայացնեն դպրոցների կառավարման նոր գործիք

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 22, 2013 13:35

Հունվարի 23-ին` ժամը 15:30-ին, Երևանի թիվ 27 դպրոցում (հասցե` Շենգավիթ, Արտաշիսյան 52) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի հանդիպումը Երևանի դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի 2012/2013 ուս. տարվա  2-րդ կիսամյակի մեկնարկը: Կամփոփվի նաև «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթը, տեղի կունենա հանդիսավոր մրցանակաբաշխություն, և այն դպրոցները, որոնք մրցույթի շրջանակներում հանդես են եկել յուրօրինակ ձևավորմամբ, կստանան համակարգիչներ, գրադարաններ և պատվոգրեր:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության անմիջական աջակցությամբ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը:

Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքը թույլ է տալիս իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ և կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:

Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները:

Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների և կիսամյակայինների փոփոխման հետ:

Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության պատասխանատուների հետ: Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների և այլ միջոցառումների մասին: Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով` բոլորին անհատապես տեղեկացնելու փոխարեն:

Նշենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված կառավարման գործիքի առավել ընդլայնված տարբերակը թույլ է տալիս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին լիարժեք վերահսկել իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցների գործունեությունը:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: 2013-ին կրթական ծրագիրը շարունակելու է միացնել իր ցանցին ՀՀ մարզերի գյուղական համայնքների դպրոցները, ինչպես նաև աշխատանքներ է ծավալելու ԼՂՀ դպրոցները ներգրավելու ուղղությամբ: Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 ռեկորդային այցելություն և 42.271.801 էջադիտում:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply