Կարագի փոխարեն վաճառել են մարգարին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 22, 2013 10:48

Արտաշատ քաղաքի բնակչուհի Լաուրա Կարապետյանը Ջերմուկում հանգստանալիս գնել է 50կգ կարագ, բայց հետո պարզել, որ իրեն ուղղակի խաբել են և կարագի անվան տակ վաճառել մարգարին։

Լ.Կարապետյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն՝ հայտնելով, որ ամիսներ առաջ հունիսի 10-20-ը Ջերմուկ քաղաքում հանգստանալիս իրազեկվել է, որ Թուրունջ անունով մեկը կաթի գործարան ունի ու կարագ է վաճառում և ինքն էլ 2500 դրամով գնել է 50 կգ կարագ՝ վճարելով 125 000 դրամ:

Գնած կարագից 45 կգ-ը Լաուրան հալեցրել է, իսկ մնացած 5 կգ պահել է այդպես օգտագործելու համար։ Լ. Կարապետյանը պատմել է, որ դեկտեմբերի 7-ին նշված յուղով փորձել է միս տապակել, շատ սուր և տհաճ հոտ է զգացել, ինչից ենթադրել է, որ այն մարգարին է ու եզրակացրել, որ Թուրունջը խարդախության է դիմել ու կարագի փոխարեն մարգարին վաճառել իրեն: Դիմումատուն առաջարկել է ոստիկանությանը իրենց բնակարանում եղած կարագը և յուղը ներկայացնել հետազոտման` դրանց բաղադրությունը պարզելու նպատակով, իսկ Թուրունջին ենթարկել պատասխանատվության՝ վերականգնել իրեն պատճառված վնասը:

Դիմումի հետքերով իրավապահները պարզել են Թուրունջի ինքնությունը, նրա կաթնամթերքի արտադրամասը, որտեղ զննությամբ հայտնաբերվել են շուրջ 1000 կգ ընդհանուր քաշով պանրի, 140 կգ ընդհանուր կշռով յուղի նմանվող զանգվածներ, շուրջ 32 կգ կշռով կաթի սերուցք, 60 կգ ընդհանուր կշռով կաթնաշոռի զանգված, մածունի, թթվասերի, կաթնաշոռի համար նախատեսված տարաներ, 8 կգ կշռով «Դայկալատ» ՍՊԸ-ի 04.09.2010թ. արտադրության չոր կաթի փոշի և այլն: Թուրունջ Բաբայանն իրավապահներին ասել է, թե ինքը զբաղվում է «Լոռի» տեսակի պանրի արտադրությամբ:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ Թուրունջ Բաբայանը 2011թ. փետրվարից մինչև 2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածում կաթնամթերքի արտադրության գործունեություն իրականացնելիս, հարկային մարմիններին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց: Ուստիև դատախազությունը քաղաքացու դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել է պետական եկամուտների կոմիտե, որտեղ էլ թերևս կհարուցվի քրեական գործ։ Իսկ թե կարագի անվան տակ իրականում ինչ է վաճառվել կպարզեն արդեն փորձագետները։ Նշանակվել է դատասննդային փորձաքննություն` պարզելու համար Թ. Բաբայանի արտադրամասից վերցված յուղի, պանրի և Լ. Կարապետյանի բնակարանից վերցված յուղի և կարագի բաղադրությունը, ինչպես նաև նյութերի հետագա ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր…

Հեղինակ:
Արթուր Հովհաննիսյան

Pastinfo.am

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply