Միտինգներին Բագրատյանն առաջին շարքում է գնալու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2013 20:12

Բագրատյանն իր քարոզարշավը սկսեց գյուղերից:
«Հիմա, երբ անցել է 20 տարի, կարելի է հանգիստ հասկանալ, թե ով ինչ է արել: Ես եկել եմ ձեզ մոտ, որովհետեւ դրա իրավունքն ունեմ: Ինքս ղեկավարել ու իրականացրել եմ հողային ռեֆորմը: Դրանից հետո դուք ոչ ոքից ոչ մի թիզ ոչ մի բան չեք ստացել: Հիմա կասեք` հողը տվեցիք, բայց տրակտոր չկար: Բայց ուրիշիչ ինչ-որ բան ստացել եք՞»,- այսօր արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում այս խոսքերով սկսեց իր նախընտրական քարոզարշավը ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ իդեոլոգիան, գաղափարախոսությունը, որ ինքն է բերում, նաեւ 90-ականների գաղափարախոսությունն “ նորից պիտի արտադրելու, ստեղծելու կարողությունը տալ ժողովրդին: Բագրատյանը իր ծրագրից ներկայացրեց գյուղացիությանը վերաբերող որոշ դրույթներ: Մասնավորապես, որ գյուղ պետք է բերել կոոպերացիան` ամեն գյուղում, բոլոր նրանք, ովքեր ունեն հող, պետությունից կստանան փայ` երկու ձեռնարկությունում` ագրոսերվիսում եւ վերամշակող ձեռնարկությունում: Սա նախկին կոլխոզը չէ: Սա փայատիրական հիմնարկ է եւ հողի մասնավոր սեփականությունը չի վերանում:
«Մեզ պետք է ընդամենը 850 միլիոն դոլար, որպեսզի գյուղերում ստացվեն 1500-1800 նման կոոպերատիվներ: Գյուղում դուք ոչ միայն խաղողը, կամ պոմիդորը կծախեք, այլ գինենյութն ու տոմատը եւ ավելացված արժեքը կմնա ձեզ»,- պարզաբանեց Բագրատյանը:
Թեկնածուն գյուղի համար նշեց նաեւ, որ գյուղում նախատեսում է գների պետական սուբսիդիա. Ցորենի կամ պոմիդորի համար պետությունը կտա 10 կամ 15 դրամ մեկ կիլոգրամի համար` անկախ մթերքի գնից, որ գյուղացին կվաճառի: Ինչ գնով վաճառի, կգնա պետությունից էլ 10-15 դրամը կստանա: իսկ էժան պարարտանյութի տեղը այդ փողը բագրատյանը կտա գյուղացուն` մթերած բերքի դիմաց, որովհետռեւ համոզված է` երբ էժան պարարտանյութ են տալիս` դրանով սուբսիդավորում են պարարտանյութ մատակարարողին:
Բիզնեսի մասով նախկին վարչապետը նշեց, թե ով ուզում է փոքր բիզնեսով զբաղվել` պետությունը վարկի տոկոսը մարում է` մեկ անգամ: Փոքր բիզնեսի հարկերը 40 տոկոսով պակաս են, քան միջին բիզնեսինը: Ով անցնում է միջին բիզնեսի կարգ, արդեն մի փոքր ավել հարկ է տալիս: Եվ վերջապես եթե այդ ընթացաքում բիզնեսը կդառնա խոշոր բիզնես, այդ դեպքում հարկային բեռը մեծանում է այնքան, որ շահավետ չի լինում հետագա բիզնեսի աճին: Բագրատյանն այս մոդելն է առաջարկում:
Նա նախատեսում է նաեւ գյուղերում գույքահարկը իջեցնել եւ զրոյացնել, հակառակը` Երեւանի կենտրոնում ե’ւ ապրելը, ե’ւ բիզնեսի զարգացումը թանկացվի, որպեսզի քաղաքը տարածվի, որպեսզի բիզնեսը, տնտեսությունը դուրս գա Երեւանից: Բագրատյանի ծրագրով` նաեւ նրանք, ովքեր չունեն գյուղի գրանցում, իրավունք չեն ունենա մտնել գյուղ եւ հող մշակել:
«Ես ձեզ բերում եմ տնտեսական մոդել, երբ դուք կարող եք հեշտությամբ բիզնես սկսել` պետությունն այդ հոգսը կտանի, փոքր բիզնեսը հեշտությամբ դառնում է միջին, միջինը` խոշոր, խոշորից հետո պետությունը ձեզ երբեք չի օգնի: Եվ երկրորդը` գյուղում մենք բերում ենք կոոպերացիան»,- ասաց նախկին վարչապետը:
Նա նշեց, թե անշուշտ այս ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է գործող նախագահի եւ իր միջեւ: Նա խոստացավ, որ իր քարոզարշավը ձնագնդի նման մեծանալու է եւ պնդեց, որ ամենալավ մոդելն ու լուծումները տվել է միայն ինքը:
Գյուղացիների հարցերին ի պատսխան, Բագրատյանը խոսեց գազի, ջրի գների մասին` նշելով որ դրանք անհասկանալի թանկացած են, անդրադարձավ գյուղվարկերին` պնդելով, թե բանկերը ոչ թե հայտարարված 20 տոկոսով են վարկեր տալիս, այլ իրականում տոկոսները հանսում են 30 տոկոսի ու ավելացրեց, թե` «բանկերը բռնել են ձեր ամորձիներից, ու տանում են»:
Խոսելով ՀԱԿ-ի մասին` Բագրատյանը նշեց, թե ինքը ՀԱԿ-ից չի հեռացել, ուղղակի բացի իրենից ՀԱԿ-ից ոչ ոք չցանկացավ առաջադրվել: իսկ թե «ինչո՞ւ ՀԱԿ-ը չի աջակցում Ձեզ» հարցին էլ պատասխանեց, թե ՀԱԿ-ում կան որոշ մարդիկ, ովքեր գտնում են, թե պետք չէ ընտրություններին մասնակցել, իսկ ինքն այդ խաղին չի մասնակցում:
«Ինձ երբեք չեք տեսնի, որ որեւէ ընտրության չգամ, եթե անգամ իմանամ, որ իշխանությունը 100 տոկոսով անցած է: Ես եկել եմ ձեզ համար: Չեմ կարծում, թե ընտրությունները արդար են լինելու: Ես կասկած չունեմ, որ հաղթելու ենք: Եթե ես տեսնեմ, որ կրում ենք, միտինգին ես առաջից եմ գնալու, ինչ ուզում են, թող անեն: Եթե կտեսեք, որ Բագրատյանն առաջին շարքում չի, չէթաք էդ միտինգին, որ ձեր վրա չկրակեն` եղա՞վ»,- ասաց Բագրատյանը:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply