Ալեքսանդրիայում ցուցարարների ամբոխն ավերել է դատարանի շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2013 20:53

Ալեքսանդրիայում 2 տարի առաջ  ցուցարարների մահվան  մեջ մեղադրվող 6 ոստիկանի գործը քննող դատական նիստը ավարտվել է անկարգություններով:

Մեղադրյալների, որոնց թվում նաև անվտանգության ուժերի նախկին տնօրեն Մուհամեդ Իբրահիմն էր, փաստաբանները խնդրել են դատարանին ուսումնասիրել  ցույցի ժամանակ մարդկանց զոհվելու հանգամանքների վերլուծությունը (ցույցերը հանգեցրեցին Հոսնի Մուբարաքի տապալմանը):

Դատավորը, լսելով պաշտպանության փաստարկները, փակել է նիստն ու հայտնել, որ գործը փոխանցում է վճռաբեկ դատարան: Այդ որոշումը  դատարանի մոտ խռնված ցուցարարների վրդովմունքի պատճառ է դարձել:

“Կորչի վարչակարգը” ու “Մաքրենք արդարադատության համակարգը” վանկարկություններով  ամբոխը գրոհել է դատարանի շենքը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ  ու ցուցարարներին ցրելու այլ միջոցներ է կիրառել, սակայն ամբոխը պատասխանել է քարերի տարափով:

Անկարգությունների ընթացքում մի քանի տասնյակ մարդիկ են տուժել: Ցուցարարներն այրել են ոստիկանական ավտոմեքենան,  մտել դատարանի շենք, ավերել կահույքը և ոչնչացրել փաստաթղթերը: Մի քանիսը ձերբակալվել են:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply