Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2013 17:22

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև կազմակերպության առաքելությունը նախընտրական և ընտրական գործընթացներում:
“Քաղաքային իշխանությունները, օրենքով սահմանված կարգով, պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպել ՀՀ  Նախագահի ընտրությունները և բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաև ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ”, – նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև հատկանշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվել են 33 դահլիճ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար:
ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար և ողջունելով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել են, որ առաքելության ավարտին կամփոփվեն արդյունքներն ու կկազմվի համապատասխան արձանագրություն, որը կներկայացվի հանրությանը:
Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու, որպեսզի 12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply