Հայ-թուրքական հարաբերություններում մինչև հոկտեմբեր առաջընթաց չի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 14:16

kiro-manoyan-bozoyan1Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի Թուրքիայի հետ բանակցություններից, քանի դեռ Հայաստանն իր համար ավելի վատ վիճակում չի հայտնվել. համոզված են քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Այսօր Հայաստանը կարող է ասել, որ այս պայմաններում, այսինքն` երբ Թուրքիան չի ուզում առանց նախապայմանների հարաբերությունները շարունակել, Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից, որոնք փաստացիորեն կարելի է ասել, որ դադարեցվել են»,-ասաց Մանոյանը:

Վերջինս համոզված է, որ մինչև հոկտեմբերին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց գրանցված և որևէ պայմանագիր ստորագրված չի լինի: «Բայց թուրքական դիվանագիտությունը հնար կգտնի մեր նախագահին համոզելու, որ մնա խաղի մեջ: Հնարավոր է միայն 2 օրով նախագահի և նրան ընկերակցողների համար սահմանը բացեն, որովհետև իրենք էլ հասկանում են, որ հայ- թուքական հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ թուրք- ամերիկյան հարաբերությունների վրա»,- ասաց նա:

Բոզոյանն էլ համոզված է, որ Թուրքիայի ճնշումն աշխարհի պետությունների վրա ավելի մեծ է, քան Հայաստանինը, սակայն քաղաքագետն այդ փաստը բացատրում է միայն Հայաստանի փոքր լինելու հանգամանքով: Մինչդեռ Մանոյանի համոզմամբ` դա նաև հայկական սխալ դիվանագիտության արդյունք է:

Քաղաքագետը կարծում է, որ «Ֆուտբոլային դիվանագիտությունը» ձեռնտու էր միայն Թուրքիային, որի միջազգային հեղինակությունն այդ քայլից հետո աճեց, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց: «Ես ինքս հետևողական կողմնակից եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց պետք է հասկանանք, թե որն է այդ գինը. այն չպետք է լինի Հայաստանի անվտանգության խնդիրը»,- ասաց Բոզոյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի արած հայտարարությանը, որում ասվում էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, երկրի ներսում առկա կոշտ արձագանքներով պայմանավորված, «մարտավարական հետքայլ» է արել:

Մանոյանը կարծում է` Սեմնեբին պարզապես մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի պարբերաբար արվող հայտարարությունները: Վերջինիս համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունները փաստացի սառած կմնան մինչև հաջորդ տարվա մարտը և կսկսեն քննարկվել միայն ապրիլի 24-ի նախօրեին:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply