Արման Մելիքյանը ոչինչ չունի, բացի 440 հազար դրամ գումարից. հրապարակվել են նախագահի թեկնածուների հայտարարագրերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2013 17:56

ԿԸՀ կայքում այսօր տեղադրվել են նախագահի թեկնածուներից Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի, Անդրիաս Ղուկասյանի և Պարույր Հայրիկյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը: Մյուս չորս թեկնածուների հայտարարագրերն ավելի վաղ էին հրապարակվել:

Ըստ այդմ, թեկնածուներից Արման Մելիքյանը որևէ գրառում չի կատարել «Անշարժ գույք», «Շարժական գույք», «Թանկարժեք գույք», «Եկամուտներ», «Արժեթուղթ և այլ ներդրումներ» բաժիններում: Մելիքյանը հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ  ունի 440 հազար դրամ գումար:

Մյուս երեք թեկնածուներն ունեն մեկական ավտոմեքենա. Արամ Հարությունյանի մեքենան  2003-ի արտադրության Գազ 3110-101 է, Պարույր Հայրիկյանինը` 2003-ի արտադրության Ջիփ Լարեդո, Անդրիաս Ղուկասյանինը` 2007-ի արտադրության Տոյոտա Պրադո:

4-ական անշարժ գույք ունեն Պարույր Հայրիկյանն ու Անդրիաս Ղուկասյանը:

Պարույր Հայրիկյանն ունի կիսակառույց շինություն և հողամաս Երևանում և Կոտայքի մարզի Գողթ գյուղում, հողամաս Գողթում, համասեփականությամբ էլ` շինություն և հողամաս` Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում:

Անդրիաս Ղուկասյանն ունի բնակարան Երևանում, սեփական տուն հողամասով և ևս երկու հողամաս Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Արամ Հարությունյանն ունի 2 շենք և շինություն Երևանում:

Արամ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմում են  4, 1 մլն դրամ խնայողությունները  և 20 հազար դոլար փոխառությունը:  Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ունի  1,6 մլն ՀՀ դրամ և 500 ԱՄՆ դոլար:

Պարույր Հայրիկյանի եկամուտները հիմնականում փոխառություններից են ստացվում.  21 հազար դոլար` ԱՄՆ Սիթի բանկից ստացված  փոխառություն,  23 հազար դոլար` ԱՄՆ Բանկ օֆ Ամերիկայից ստացված փոխառություն, 6000 դոլար ԱՄՆ Բարկլեյս բանկից ստացված փոխառություն և 360 հազար դրամ կենսաթոշակ: Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ Հայրիկյանն ունի   20 հազար դոլար և 120 հազար դրամ գումար:

Անդրիաս Ղուկասյանի տարեկան եկամուտը կազմում է 1,3 մլն դրամ, որից 900 հազար դրամը` Ռադիո ՀԱՅ ՍՊԸ-ից, 400 հազարը` «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ-ից:  Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ  ունի 2,5 մլն ՀՀ դրամ:

Ղուկասյանն ունի նաև  45 տոկոս փայաբաժին «Ֆլամինգո –Արտ Լողափ» ՍՊԸ-ում:

 

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply