Բանակի օրվա կապակցությամբ կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2013 14:49

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը: Հանձնարարվել է պայմանագրային պարտավորությունները չկատարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել «Առևտրի և ծառայությունների» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներով նախատեսված վարչական տույժեր:
Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան «ՌԱՖ» և «Երազ» մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող բոլոր շենքերը: Աշխատանքները սկսելու նպատակով հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և ներկայացնել ֆինանսական գնահատական:
16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման մասով զեկուցվել է, որ արդեն իսկ պատվիրված են նախագծերը և լայն թափով շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակում ավարտել աշխատանքներն ու բնակչությանն ապահովել բնականոն գազամատակարարմամբ:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 167 ընտանիք, 23 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Թեժ գծերի աշխատանքի և բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում և քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 108 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ: Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հնարավոր բոլոր եղանակներով բնակիչներին իրազեկել քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների մասին:
ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար, Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կկազմակերպի այցելություն: Հանձնարարվել է տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել նաև վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply