Տարբեր տեսակետներ` ռինգում կատարվածի շուրջը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2010 14:07

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքի ռինգում կայացած միջին քաշային  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի և ամերիկացի Անդրե Դիրելի հանդիպումից հետո տարբեր տեսակետներ են հայտնվում կատարվածի մասին: Ինչպես հայտնի է, մրցամարտը կիսատ էր մնացել 11-րդ ռաունդում, և հաղթանակը շնորվել էր հայ մարզիկի հակառակորդին: Իսկ Աբրահամը որակազրկվել էր` ընկած բռնցքամարտիկին հարվածելու համար:

Արթուրի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը վստահ է, որ իր սանը նոկաուտի կենթարկեր  մրցակցին, եթե չորակազրկվեր: «Դանդաղ մեկնարկից հետո Արթուրը սկսել էր ծանր հարվածներ հասցնել և մեծացրել էր ճնշումը: Անտարակույս, Դիրելը չէր տեսնի 12-րդ ռաունդի ավարտը»,- ասել է նա: Զաուերլենդը, դիտելով 11-րդ ռաունդում կատարվածի տեսագրությունը, հայտնել է, որ Դիրելն օգտվել է իրեն տրված հնարավորությունից և «գողացել» հաղթանակը: «Տեսանյութից պարզ երևում է, որ Դիրելն ընկել է, սակայն պայքարի բովում գտնվող Արթուրն այդ չի նկատել և պարզապես փորձել է շարունակել գրոհը: Սակայն Դիրելը հիանալի դերասան է: Մենք ուրախ ենք, որ բժշկական հետազոտությունը բացահայտել է, որ ամեն բան նրա մոտ կարգին է: Անկեղծորեն ասած, մենք այլ բան չէինք սպասում, քանի որ նա ձևացնում էր: Դիրելն այդպիսի խաղի համար «Օսկար» մրցանակի է արժանի»,- եզրափակել է Զաուերլենդը: «Զաուերլենդ» ընկերությունը պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել մրցամարտի արդյունքը վերանայելու համար:

Ամերիկացի բռնցքամարտիկի պրոմոութեր Գերի Շոուն խոստովանել է, որ բժիշկների ուսումնասիրությունից պարզվել է, որ Դիրելը գլխուղեղի վնասվածք չի ստացել: Նա հայտնել է, որ իր սանը բռնցքամարտի դաս է տվել` ավելի արագ, տեխնիկապես գրագետ անցկացնելով մրցամարտը: «Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աբրահամն այնպիսի տեսք ուներ, ասես ավտովթարի է ենթարկվել: Նա գիտեր, որ կարող է միայն հաղթել նոկաուտով, հասկանում էր, որ Անդրեն գտնվում է հատակին և հարվածեց»,- ասել է Շոուն:

Դիտվել է 2783 անգամ:
Print Friendly

Leave a Reply