Պետբյուջեի հունվար-փետրվար ամիսների կատարողականը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 29, 2010 13:43

ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2010թ.  հունվար-փետրվար ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, որը ներկայացվում է անփոփոխ:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 106.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 68.3 և 57.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14.3%-ով, ծախսերի գծով` 12.6%-ով:

Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Ընդ որում, 19%-ով (12.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները և պետական տուրքերը, 28.1%-ով (3.6 մլրդ դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 50.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 78%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 15.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1.7 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 80.5 մլրդ դրամ և 68.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ նշված եկամուտներն աճել են 19%‑ով կամ 12.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և շահութահարկի աճով:

Հարկային եկամուտների ու պետական տուրքերի 50%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 40.2 մլրդ դրամ և 22.4%‑ով կամ 7.4 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ‑ի մուտքերից ավելի քան 24.2 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, իսկ 16 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Ընդ որում, մուտքերի աճ է արձանագրվել և՛ ՀՀ սահմանին հարկումից, և՛ ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 8.4%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 6.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 4.8 մլրդ դրամ, որից 2.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 1.9 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 1.9 մլրդ դրամ, որից 857.9 մլն դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 9.9%‑ով կամ 607.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումից ստացված հարկերի աճով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների 14.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 11.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 27.2%‑ով կամ 2.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների, մեկ տոկոս դրույքաչափով և ոչ ռեզիդենտների վճարած շահութահարկի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 10.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 13.2%-ը: Նախորդ տարվա հունվար‑փետրվար ամիսների համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 40.3%-ով կամ 3.1 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 3.9 մլրդ դրամ՝ 9.7%-ով կամ 411.7 մլն դրամով զիջելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին բյուջե են մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի համար ծրագրված մուտքերի 51.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 22.9%-ով կամ 592.7 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ‑ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները հունվար-փետրվար ամիսների ընթացքում կազմել են շուրջ 3.4 մլրդ դրամ` 4.1%-ով կամ 133.6 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և hանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 45.4%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.2 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնավորապես` 147.5 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 30.8 մլն դրամ` ռոյալթին, 267.4 մլն դրամ` ճանապարհային վճարները, 329.3 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 7 մլն դրամը` արտոնագրային վճարները, 182.8 մլն դրամ` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի խախտման համար սահմանված տուգանքները և 194 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  այլ հարկերի փաստացի ցուցանիշն ավելացել է 33.2%-ով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 16.4 մլրդ դրամ և 74.1%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 28.1%-ով կամ 3.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 6.3 մլրդ դրամ և 74.8%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 1.5 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2.1 մլրդ դրամով, որը պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 106.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 57.5%-ը, որից 753.2 մլն դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 98.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 7.4%-ով կամ 7.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 98.8 մլրդ դրամ` 58%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.2%-ով կամ 3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 8.6 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 535.2 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 54.5%-ը և 48.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.1%‑ով և 7.7%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.8 մլրդ դրամ, որը 4.8%‑ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում 4.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 66.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից ավելի քան 4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 856.2 մլն դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 81%-ով կամ 2.2 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 2.3 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 59%-ը և 14.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 12.3 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեի դրամաշնորհային ծախսերը, որից 12 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 259.7 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 38.6 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` 5.4 մլրդ դրամ են կազմել համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները` 66.7%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 57%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 38.8%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 63.9%-ը: Մասնավորապես` 29.1 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (65.5%), 9.2 մլրդ դրամ` նպաստները (59.5%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերը նվազել են 1.8%‑ով, իսկ նպաստներն ավելացել են 7.8%-ով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 7.4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 51.6%-ը` նախորդ տարվա 3.2 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 7.4 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 53.1%-ով գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.0 մլրդ դրամ պակասուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 33.7 մլրդ դրամի դիմաց: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ 14.3 մլրդ դրամ պակասուրդով: Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են շուրջ 10.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 20.5 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է 7.5 մլրդ դրամ հավելուրդ` նախորդ տարվա շուրջ 6.3 մլրդ դրամի դիմաց:

Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 2.5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը, որոնք հիմնականում ապահովվել են գանձապետական պարտատոմսերի հաշվին: Մուրհակների մարման նպատակով եռամսյակային ծրագրով նախատեսված 13.1 մլն դրամի վճարումները կատարվել են 70.9%-ով` կազմելով 9.3 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում դեֆիցիտի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են շուրջ 8.1 մլրդ դրամ: Մասնավորապես` 10.1 մլրդ դրամ է ստացվել տրամադրված վարկերի վերադարձից (71.8%-ով գերազանցելով եռամսյակային ծրագիրը), որի հիմնական մասը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից: Անցած ժամանակահատվածում 2.0 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -7.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 58.6%-ը: Մասնավորապես` արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 1.9 մլրդ դրամ, որից 1.1 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, շուրջ 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 224.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը: Հաշվետու ժամանակահատվա-ծում 5.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը հանդիսանում է նախորդ տարվա պարտավորությունը և փոխանցվել է 30.12.2009թ., սակայն Գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 05.01.2010թ.:

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply