Ուսումնամարզական հավաքների թիվը քիչ է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 19, 2013 15:16
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն է ներկայացվել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիրը: Ծրագիրը կազմվել է լոնդոնյան օլիմպիադային հայ աթլետների մասնակցությունը համակողմանի ուսումնասիրելուց հետո:
Ներկայացված ծրագիրը ներառում է միջոցառումների պլան, որտեղ ընդգրկված են մարզաձևի առանձին մրցաձևերը 100մ, 200մ, 400մ, 800մ և 1500մ վազք, հեռացատկ, եռացատկ և նետումներ: Բոլոր մրցաձևերի համար առանձին սահմանված են ինչպես մարզումների կարգը, այնպես էլ դրանց բաշխումն ըստ տարիների:
Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը գտնում է, որ տարեկան ընդհանուր 60-65 օր տևողությամբ 4-5 հավաքների փոխարեն անհրաժեշտ է մարզիկների համար կազմակերպել ավելի շատ ուսումնամարզական հավաքներ՝ ընդհանուր առնվազն 75-80 օր տևողությամբ: Մարզիկների տեխնիկական, ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստությունը ստուգելու նպատակով, անհրաժեշտ է ավելի մեծ տեղ հատկացնել տարվող ուսումնա-մեթոդական և գիտական աշխատանքներին, իսկ միջազգային փորձին ծանոթանալու նպատակով, կազմակերպել մեր աթլետների մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց հոգեբանական պատրաստության վրա, ինչպես նաև հաճախակի ուսումնասիրել և վերլուծել կատարված մարզչական աշխատանքները: Ֆեդերացիայում գտնում են, որ նշված աշխատանքների իրագործումը հնարավորություն կտա ձեռք բերել ավելի շատ վարկանիշներ քան լոնդոնյան օլիմպիադայում և գրանցել լավ արդյունքներ 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
