Հայկական բռնցքամարտ` սոսկ մեկ մեդալի հույս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 19, 2013 15:09

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում քննարկվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիրը: Նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար քառամյա ծրագիրը բաժանվել է 3 շրջանի:

2013-14թթ. լինելու է հավաքական թիմում ընդգրկվող բռնցքամարտիկների ընտրության շրջան, որը պայմանավորված է լինելու հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքներով: Զուգընթաց բացահայտվելու են նաև հեռանկարային հնարավորություն ունեցող մարզիկները, ովքեր հաջորդ 2 տարիների ընթացքում համալրելու են ազգային հավաքականի կազմը:

2014-15թթ. ժամանակահատվածում հաստատվելու է հավաքական թիմի կազմը և, ելնելով մարզիկների անհատական մարզական հատկանիշերից, աշխատանքներ են տարվելու նրանց պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: Միաժամանակ, մշակվելու են հավաքականի թեկնածուների ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականության անհատական բնութագրերը, ուսումնասիրվելու է նրանց առողջական վիճակը և ֆունկցիոնալ հնարավորությունները, նրանց համար կազմակերպվելու են վերականգնողական միջոցառումներ` զուգահեռաբար անցկացնելով հակախթանիչ վերահսկողական քայլեր: Նշված բոլոր գործընթացները ծառայելու են մեկ նպատակի՝ ապահովել հայ բռնցքամարտիկների հաջող ելույթները 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

Ներկայացված ծրագրերի համաձայն` 2013թ. հավաքականի անդամները մասնակցելու են ընդհանուր 1164 ժամ մարզումների, 2014թ.՝ 1256 ժամ, 2015թ.՝ 1290 ժամ և մինչև 2016թ. օլիմպիական խաղերի մեկնարկը՝ 1020 ժամ մարզումների, որոնք ներառում են ուսումնամարզական հավաքները, տեղերում կազմակերպվող մարզումները, ինչպես մարզիկների մասնակցությունները տարբեր մենամարտերի:

Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, որ 2016-ի օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 3 բռնցքամարտիկներ և ակնկալում են նվաճել առնվազն մեկ օլիմպիական մեդալ:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply