Վահագն Չախալյանն ակնկալում է, որ իրեն ազատ կարձակեն քաղբանտարկյալի կարգավիճակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 14:01

Ջավախահայ ակտիվիստ, ներկայում անազատության մեջ գտնվող Վահագն Չախալյանին երեկ տեսակցել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Չախալյանը լավ է և սպասում է, որ իրեն շուտով ազատ կարձակեն։

Փաստաբանը պարզաբանեց, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման ակտը տարածվում է այն հոդվածների վրա, որոնցով անհիմն դատապարտվել էր Վահագն Չախալյանը և անկախ ամեն ինչից, ըստ նրա, Չախալյանը կստանա քաղբանտարկյալի կարգավիճակ թե ոչ, միևնույնն է` ազատ կարձակվի։

«Պարզապես այդ գործընթացը կտևի որոշակի ժամանակահատված, որի ընթացքում Ախալցխայի դատարանի կողմից կվերանայվի այն դատական ակտը, որը կայացվել էր նույն դատարանում։ Ներկայումս գործը Ախալցխայի շրջանային դատարանում է, և ամեն օր սպասում ենք, որ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:

Փաստաբանը տեղեկացրել է, որ ամեն դեպքում Վահագն Չախալյանի կողմից լրացվել է դիմում՝ ուղղված խորհրդարանին՝ պահանջով, որ իրեն ճանաչեն քաղբանտարկյալ և վերականգնեն իր նկատմամբ կիրառած խախտումը։

«Չնայած, անկախ քաղբանտարկյալի ճանաչման հանգամանքից, նա համաներման ակտի ուժով այսպես թե այնպես պետք է ազատ արձակվի։ Պարզապես մեկ խնդիր կա. նա ազատ է արձակվում քաղբանտարկյալի՞ կարգավիճակով, թե՞ պարզապես համաներման ակտի ուժով, և այն կալանավայրերի շարքով, որոնց վրա համաներումը տարածվում է։ Մենք ակնկալում ենք, որ ամեն դեպքում խորհրդարանը կհաստատի նրա քաղբանտարկյալ լինելու հանգամանքը և ավելի շուտ ազատ կարձակվի»,- ասաց նա։
Ստեփան Ոսկանյանը նաև նշեց, որ Չախալյանի առողջական վիճակը բավարար էր։ «Վահագն Չախալյանը ամեն դեպքում հավատացնում է, որ լավ է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես»,-ասաց նա։

Նշենք նաև, որ «Համաներման մասին» օրենքի համաձայն, օրերս 190 կալանավորի հետ միասին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրից ազատվել էին նաև Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը։

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply