Բրյուսովցիները` ուսանող-ԲՈւՀ հարաբերությունների միջև անդունդի և իրենց հետագա քայլերի մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2013 13:42
«Ազատ Ուսանողների Ֆորում»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին վեց ամսվա ընթացքում, ԵՊԼՀ-ում նոր ռեկտորի նշանակումից հետո, շատ հետաքրքրաշարժ իրադարձություններ են տեղի ունենում բուհում: Նորանշանակ ռեկտորի գլխավորությամբ ԵՊԼՀ-ն վերածվել է մի վայրի, որտեղ դասապրոցեսից ավելի հետաքրքիր է դարձել նորանշանակ ռեկտորի «ինքնալեգիտիմացման» պրոցեսը: Այս տիկինը անում է ամեն ինչ, որպեսզի ինքն իրեն համոզի, ապացուցի, որ ինքը իրոք հադիսանում է ԲՈւՀ-ի իրական և արժանի ղեկավարը, սակայն, ցավոք սրտի, իր գործողություններով նա ավելի շատ ապացուցում է իր և պահակապետի ու դերասանական տաղանդով օժտված անձնավորության կերպարների համապատասխանելիությունը:
Անցած 6 ամիսների ընթացքում ԵՊԼՀ-ի նշանակված ռեկտորը օբյեկտիվորեն նկատել է իր և ԲՈւՀ-ի ուսանողների միջև առաջացած անշրջելի անջրպետը և փորձում է անել ամեն ինչ, որպեսզի շահի ուսանողների սերը, սակայն ինչպես ասում են` ամեն ինչ չէ որ գնելով կամ ստիպելով է լինում: Ուսանողության մեծ մասի ընկալմամբ նշանակված ռեկտորը շարքային դասախոսի համբավ է վայելում և դա շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ նա իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք արժանացել են Բրյուսովի ուսանողների մեծամասնության արհամարանքին, շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ շահամոլությունը և կուսակցահպատակությունը  գերակշռող են իր գործելաոճում, շարունակելու է այդպիսին մնալ, քանի դեռ նա չի դադարել ԲՈւՀ-ի ղեկավարի պաշտոնը չտարանջատել պահակի պարտականություններից, շարունակելու է մնալ այդպիսին, քանի դեռ մասնագիտական պարտականությունների փոխարեն փորձ է արվում ձևականությամբ ինքնահաստատվել և տարբեր միջոցներով “ապացուցել”, որ Ռեկտորը, նույն ինքը Գայանե Գասպարյանն է:
Անցած ամիսների ընթացքում «ԱՈւՖ» Բրյուսովի ակումբը, հաշվի առնելով ռեկտորի նոր նշանակումը և ներսում ստեղծված անկառավարելի իրավիճակը, զերծ է մնացել իրավիճակի հրապարակայնացումից, հույս ունենալով, որ ԲՈւՀ-ի ղեկավարությունը վերջիվերջո կհասկանա իր լիազորությունների կատարման կարևորությունը և իր անհաջողությունների մեջ չի մեղադրի իրենց իրավունքների համար պայքարող ուսանողներին, սակայն, հաշվի առնելով, որ մեր ակնկալիքները ոչ միայն չարդարացվեցին, այլ տեղի ունեցավ հակառակը, և ուսանող-ԲՈւՀ հարաբերությունների միջև անդունդը ավելի ու ավելի խորացավ, մեզ` Բրյուսովի ուսանողներիս, այլ բան չի մնում անել, քան եկող կիսամյակից տեր կանգնել մեր իրավունքներին և ստիպել ԲՈւՀ-ի ղեկավարությանը գործել ոչ թե հանուն կուսակցական և անձնական շահերի, այլ հանուն ԲՈւՀ-ի ուսանողների ընդհանրական շահերի և բարորության:
Հիշեցում: «Ազատ Ուսանողների Ֆորում»-ը ձևավորվել է Բրյուսովի շարժման ընթացքում` ԿԳ Նախարարի կողմից ԵՊԼՀ Ռեկտորի հեռացման ժամանակ: Ներկայումս այն հանդիսանում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Ուսանողական միությունը»:
Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply