«Դա ուղղակի տգիտություն է». Նժդեհի կերպարը մարմնավորող դերասան Արտաշես Ալեքսանյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 19, 2013 12:21

Հունվարի 28-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմի առաջին ցուցադրությունը, որին, ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ներկա կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության ողջ «իսթեբլիշմենթը»՝ Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ:
Նշենք, որ սոցիալական ցանցերում և «Ֆեյսբուքում» այս օրերին ֆիլմն ակտիվորեն քննարկվում է և, մասնավորապես, քննադատություն է հնչում, որ Գարեգին Նժդեհի դերակատար, դերասան Արտաշես Ալեքսանյանը այս ֆիլմում նկարահանվելուց առաջ հայկական սերիալներից մեկում քրեական հեղինակություն Լորդի կերպարն էր մարմնավորում: Իսկ ֆիլմի նկարահանումը, որի առաջին ցուցադրությունը կհամընկնի նախագահական թեկնածուների քարոզարշավին, պայմանավորվում է ՀՀԿ-ի համար տարվելիք PR-ով:
Այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ֆիլմի գլխավոր դերակատար, Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանի հետ:
-Պարոն Ալեքսանյան, տեղյա՞կ եք մեկնաբանություններին, որ խաղալով Լորդի կերպարն, իրավունք չունեիք նման պաթոսով բղավելու՝ «Я Гарегин Нжде»:
-Դերասանը, մանավանդ արտիստի մասնագիտությունը, ես դեր չեմ ասում… Կարա՞ս բժշկին ասես՝ էս կույրաղիքը պետք է «օպերացիա» չանես, հիվանդը պետք է մեռնի: Կամ էս սիրտը չպիտի վիրահատել: Բժշկին ինչո՞ւ չեն ասում: Մեր մասնագիտությունն է դա, մի օր կխաղանք լավը, մի օր՝ վատը, մի օր՝ ստորը, մի օր՝ պարզը, մի օր՝ բարին, մի օր՝ չարը: Ես չգիտեմ… դա ուղղակի տգիտություն է:
-Կան մեկնաբանություններ, որ Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի նկարահանումը պարզապես իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում է:
-Ես էդ տեսակ բան չեմ նկատում և ուզում եմ ասել՝ 70 տարի, ընդհանրապես, չթողեցին ոչ մի բան նկարեին, եկածներն էլ ոչինչ չթողեցին, հիմա էլ, որ թողել են՝ ոտքի են կանգնել, թե ինչի են թողել նկարե՞ն…. ա͂յ քեզ ազգ:
-Ձեր կարծիքով՝ Գարեգին Նժդեհի գաղափարները կարողացաք տեղ հասցնե՞լ:
-Թող հանդիսատեսը գնա, նայի, գնահատի ու խոսի: Այ էդ ժամանակ կարանք խոսենք:
-Հեշտությա՞մբ համաձայնվեցիք մարմնավորել դերը, չէի՞ք անհանգստանում, որ Գարեգին Նժդեհի «բեռի տակից» չկարողանաք դուրս գալ: Նաև նախապես կարդացի՞ք, ծանոթացա՞ք:
-Ես, սկսած փոքր հասակից, երբ խելքս արդեն հասնում էր, ես ապրում էի էն տեսակ, ինչ տեսակ ապրել է Գարեգին Նժդեհը:
-Ի՞նչ տեսակ էիք ապրում :Ինչի՞ մասին էիք մտածում:
-Հայրենիքի մասին, երբ մարդու խելքը մի քիչ հասնում է, մտածում է. լինի Զանգեզուր, լինի Արցախ, լինեն ազատագրված հողեր և, և , և… Դա պետք է մարդու մեջից լինի:
-Գարեգին Նժդեհի գաղափարներից, արտահայտություններից ո՞րն է եղել, որ ամենաշատն է տպավորվել Ձեզ մոտ:
-Շատ երկար չեմ ուզում թվարկել, բայց ինձ համար ամենատպավորիչն այն է, երբ Գարեգին Նժդեհն ասում է՝ «Փոխանակ օտարի դռանը շան նման մի կտոր հաց մուրաս, ազգիդ պատմությունը կարդա՛, անառակ որդի»:
– Սցենարին ծանոթանալիս մեր հայկական առանձնահատկությունների բացասական կողմերին և՞ս ծանոթացաք. անմիաբանություն, դավաճանություն:
-Ես չպետք է ասեմ՝ ինձնից լավ կիմանաք, որ երբ մեր ծովից ծով Հայաստանից մնաց մի բուռ Հայաստան, մենակ գլուխը մնաց ամբողջ մարմնից, դավաճանության արդյունք էր: Կարծեմ՝ թե ՛ ներքին, թե՛ արտաքին:
-Հայոց պատմության դեմքերից՝ պատմական, քաղաքական , ո՞վ է ամենամեծ տպավորությունը թողել Ձեզ վրա և ու՞մ կցանկանայիք մարմնավորել:


-Մեր հայոց թագավորների մասին ֆիլմեր չունենք, շատ մեծ հաճույքով կմարմնավորեի: Արշակ երկրորդ, Տիգրան, Արտաշես…
-Երևի տեղյակ չեք՝ ինչ-որ մարդիկ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ Սամվել Ալեքսանյանի և իր թիկնապահի հետ ունեցած հայտնի միջադեպի հիման վրա մուլտֆիլմերի ու ֆիլմերի վրա Ձեր ձայնն են մոնտաժել, որտեղ Դուք ասում եք՝ «Я Гарегин Нжде»: Նույնիսկ «Ֆեյսբուքում» կոչեր են հնչում, որ հանգիստ թողե՛ք Գարեգին Նժդեհին: Սա անհաջող կատա՞կ եք համարում:
-Ես ի՞նչ անեմ, ասե՛ք անեմ.. Շատ վատ եմ վերաբերում, որ էդ տեսակ են մտածում, էլի թերի զարգացվածության ինչ-որ բան է, երբ մարդն իր ազգի հերոսին, իր մարգարեին վերցնում է խառնում, սկսում է… սրբապիղծ մարդիկ են, ի՞նչ ասեմ:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply