6 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 19, 2013 10:56

2007 թ. ճիշտ այս օրը՝ հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից սպանվեց Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ շաբաթաթերթի` «Ակօսի»-ի գլխավոր խմբագիր ՀրանտԴինքը:

Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետին հակադրվող, Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով հետապնդվող (որը պատիժ է սահմանում թուրքական պետությանն ու թուրք ինքնությանը վիրավորելու համար), միաժամանակ խաղաղություն քարոզող Դինքի սպանությունն աննախադեպ արձագանք ստացավ` վերածվելով բողոքի բազմահազարանոց ցույցերի ոչ միայն թուրքական քաղաներում, այլև աշխարհի տարբեր մասերում: «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով մարդիկ իրենց վիշտն ու անհամաձայնությունն արտահայտեցին Դինքի սպանության դեմ:

Ցավոք, եղան նաև մարդասպան Սամասթին հերոսացնողներ, ինչն ընդունված երևույթ է Թուրքիայում և նրա եղբայր Ադրբեջանում։

Դինքը կարծում էր, որ պետք է աշխատանք տանել թուրք ժողովրդի մեջ արմատացած ծայրահեղ մտածելակերպը փոխելու ուղղությամբ` հավատալով, որ մի օր դա կիրականանա, և ոչ միայն կլուծվի Հայոց ցեղասպանության խնդիրը, այլև հայ համայնքը Թուրքիայում կկարողանա ապրել խաղաղ ու առանց ճնշումների:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, քանի որ հետաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանական մարմինները տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Դինքի սպանության գործը բացահայտելու համար միջազգային կառույցները շատ աչալուրջ էին` հորդորելով թուրքական իշխանություններին անաչառ քննություն անցկացնել։ Սակայն այդպես էլ հայտնի չդարձան սպանության պատվիրատուները: 2011-ի հունվարի 17-ին տեղի ունեցած 25-րդ դատավարության ժամանակ դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին։ Դատարանը միայն դատապարտեց սպանության գործիք հանդիսացած Օգյուն Սամասթին՝ 22 տարի 10 ամիս ազատազրկման, իսկ սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Յասին Հայալին՝ ցմահ ազատազրկման։

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply