Հայաստանն անապատացման վտանգի տակ է. ոռոգման ենթակա 80% հողատարածքից ոռոգվում է 50 %-ը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 14:09

anapatԸստ բնապահպանության նախարարության տվյալների` Հայաստանի բնական միջավայրի 80%-ը անապատացման վտանգի տակ է: Մասնագետներն ասում են, որ պատճառը ոչ միայն տարածաշրջանին հատուկ կլիման է, այլև մարդկային գործոնը:

«Կանաչ արահետ» հ/կ նախագահ Նունե Սարուխանյանի խոսքերով` 1994թ-ից հունիսի 17-ը համարվում է անապատացման դեմ պայքարի միջազգային օր. այդ օրն էլ ընդունվել է «Անապատացման դեմ միջազգային կոնվենցիան», որին անդամակցում են 191 երկիր:

Հայաստանում անապատացման դեմ կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանն ասում է, որ անապատացման վտանգն առավել նկատելի է համեմատաբար աղքատ բնակավայրերում• մարդիկ ստիպված հատում են ծառերը կամ չեն կարողանում վճարել ոռոգման ջրի համար, ինչի հետևանքով չորանում են մեծ քանակությամբ ցանքատարածություններ:

Բնապնախարարության վիճակագրական տվյալներով` Հայաստանում ոռոգման ենթակա 80% հողատարածքից ոռոգվում է 50 %-ը:

Վարդևանյանի խոսքով` Հայաստանում անապատացման սպառնալիքի տակ է գտնվում երկրի բնական տարածքի 80 %-ը: Նա առանձնացրեց Արարատյան հարթավայրում աղակալման դեպքերը և Տավուշի մարզի անտառների զանգվածային հատումը: Վարդևանյանն ասում է նաև, որ Հայաստանում նկատվել է ջրային ռեսուրսների 50% կորուստ, ինչի պատճառը ջրի չարաշահումն ու կլիմայի տաքացումն է:

Հարավային Կովկասում անապատացման դեմ պայքարի համար մեկ ամիս առաջ
ընդունվել է հատուկ` «Հողերի դեգրադացիայի մեղմացման և Հարավային Կովկասում աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում» ծրագիրը:

Կովկասում այս ծրագիրն իրականացնում են, Վրաստանի «Կովկասի տարածաշրջանի բնապահպանական կենտրոնը», Ադրբեջանում ` CENN-ը (Կովկասի բնապահպանական ոչ պետական կազմակերպությունների ցանց), Հայաստանում ` «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը: Հայաստանում «Կանաչ արահետ» հկ-ին աջակցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Բնապնախարարությունը, Գյուղնախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական սեկտորը ( ինստիտուտներ, համալսարաններ) և կառավարական այլ մարմիններ:

Ծրագիրն իրականացնելու համար Եվրամիությունը տրամադրել է 1,7 մլն դոլար, ինչը, սակայն, ըստ Նունե Սարուխանյանի, բավարար չէ` ողջ ծրագիրը լիարժեք իրագործելու համար:

Ըստ նրա`կլիմայական գլոբալ փոփոխությունների արդյունքում անապատացված տարածքները դեռևս մեծ չեն, բայց հետագայում կլիմայի գործոնը կարող է դառնալ անապատացման կարևոր գործոններից մեկը:

Դիտվել է 3736 անգամ:
Print Friendly

Leave a Reply