Համեստ միլիարդատերը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 29, 2010 10:08

Բռնցքամարտիկ, օդաչու, միլիարդատեր ու բարեգործ: Ըստ Forbes ամսագրի, Քրք Քրքորյանն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է: Նա ամուսնացել է երեք անգամ: Դրանցից ամենակայունը երկրորդ ամուսնությունն էր պրոֆեսիոնալ պարուսույցի հետ: Ունեցել են երկու դուստր` Թրեյսին ու Լինդան: Նրանց անունների համադրումից էլ ստացվել է «Լինս» հիմնադրամի  անունը: Երրորդ անգամ ամուսնացել է թենիսիստուհու հետ, ով Քրքորյանից փոքր էր 48 տարով:

Ստորև ներկայացնում ենք մի քանի խոստովանություններ,  արված «Երևան» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում:

Ես օդաչուական դասընթացներ եմ հաճախել ու պատերազմի ավարտին արդեն պրոֆեսիոնալ օդաչուի լիցենզիա ունեի: Ընդհանրապես իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է կատարվում: Երբ սովորեցի թռչել, անմիջապես սկսեցի ուրիշներին սովորեցնել: Փոքր-ինչ ուշ արդեն սկսեցի հրահանգիչներին սովորեցնել, թե ինչպես պետք է  սովորեցնեն թռչել: Այն ժամանակ ծառայում էի ԱՄՆ-ի  ներքին  զորքերում, այնուհետև  փոխադրվեցի անգլիական օդուժ: Ստիպված էի պատերազմի ամենաթեժ շրջանում թռչել Հյուսիսային Ատլանտիկայի վրայով, որն այն ժամանակ համարվում էր գրեթե անհնարին: Դրա համար ինձ վճարում էին բավական մեծ գումարներ: Պատերազմից հետո ինքնաթիռ գնեցի: 10000 դոլար բանկում, մեքենա ու կին. ահա այն ամենը, ինչ ունեի  այդ ժամանակ: 27 տարեկանում սկսեցի չարտերային թռիչքներ կատարել դեպի Լաս Վեգաս, իսկ այնտեղ արդեն ինձ հետաքրքրեց հյուրանոցային բիզնեսը: Կառուցեցի International հյուրանոցը, հետո Caesars-ը, հետո գնեցի կինոստուդիա: Այժմ կառուցում եմ  մի ամբողջ Citi Center թաղամաս, որը դեռևս իր նախադեպը չունի:

Ես տարբեր ոլորտներում եմ ինձ փորձել  ու միշտ էլ մարդկանց հետ անկեղծ եմ եղել: Դա, կարծում եմ, դաստիարակվածության ու օրինավորության խնդիր է: Հասկացել եմ նաև, որ շփման ճիշտ ձևից մեծապես կախված է գործի հետագա ընթացքը: Երկու խոսքով իմ ուղին կարող եմ ձևակերպել այսպես. հաջողությունն ինձ ժպտացել է, որովհետև շատ եմ աշխատել:

Ինչ-որ բան ինձ առաջ է մղում: Ես միշտ գիտեմ, թե ինչի եմ ձգտում, սակայն հաշվի եմ առնում, որ հակառակորդը նույնպես լիարժեք համոզված է իր նպատակների հարցում: Այլ կերպ ասած, ես ամեն ինչ տեսնում եմ այնպես, ասես բաց խաղաքարտերով խաղ լինի: Եվ պետք է կրկնեմ` հաջողությունն ինձ ուղեկցել է իմ բոլոր ձեռնարկներում:

Մանուկ հասակում հաճախ պետք է ապացուցեի, որ թույլ չեմ. իմ մեծ եղբայր Նիշը զբաղվում էր պրոֆեսիոնալ բոքսով և մարզում  էր ինձ : Այդ դասերն ինձ օգնել են հաղթելու  ոչ միայն սիրողական մրցաշարում, այլև բիզնեսում:

Իմ ծնողներն ընդամենը 19 տարեկան էին, երբ ստիպված թողեցին հայրենիքը: Ես սիրում եմ պարտքերը վերադարձնել: «Լինսի» հիմնադրամի միջոցով ես Հայաստանին վերադարձրեցի 100 մլն դոլար և  երջանիկ եմ:

Ինձ հաճախ են հարցնում` ինչպե՞ս  կարելի է հաջողության հասնել: Այդ հարցին պարզապես պատասխան չունեմ: Չեմ ուզում մոլորեցնել: Բացի այդ, իրականում ես շատ ամոթխած տղա եմ և երբեք իմ մասին չեմ խոսում: Միայն մի բան ստույգ կասեմ. եթե մի գործ սկսեմ, հաստատ կանեմ:

Ծնվել եմ Ամերիկայում ու մինչև դպրոց գնալս անգլերեն չեմ իմացել, որովհետև տանը հայերեն էինք խոսում: Կյանքում չի եղել մի ակնթարթ անգամ, որ չհպարտանամ իմ ծագումով: Ամենաշատը հպարտ եմ այն բանի համար, որ հայ եմ:

Հ. Գ. Նախորդ շաբաթ  «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այն գլխավորում է մեքսիկացի հեռուստահաղորդակցությունների մագնատ Կառլոս Սլիմը: Նրա կարողությունը կազմում է 53,5 մլրդ դոլար: Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը  II տեղում է` 53 մլրդ-ով: Եռյակն ամփոփում է  ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆետը /43մլրդ/:

Այս տարի ռուս միլիարդատերերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվել է,  իսկ  10 ամենահարուստ մարդկանց կարողությունը միասին վերցրած հաշվվում է 342 մլրդ` նախորդ տարվա 250 մլրդ-ի փոխարեն:

Մի հետաքրքրաշարժ նորություն ևս. այս տարի ամենահարուստների շարքը համալրվել 100 նոր անունով:

Քրքորյանը  հրապարակված այս նոր ցուցակում զբաղեցնում է 209-րդ տեղը:

Դիտվել է 3839 անգամ:
Print Friendly

Leave a Reply