Ադրբեջանցի լրագրողների հիսթերիկ հիպոթեզները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 29, 2010 10:52

Ադրբեջանական մամուլի ընթերցումը գուցե անիմաստ, սակայն բավական զվարճալի զբաղմունք է. անընդհատ թվում է , թե հայտնվել ես հայելու հետևում. արտահայտված մտքերը կարծես  տրամաբանության նմանակում լինեն, սակայն, ակնհայտ, ոչ մարդկային տրամաբանության: Հետաքրքիր է հատկապես երդվյալ թշնամի Հայաստանի մասին նյութերի վերլուծությունը. քարտեզի վրա Հայաստանի գոյությունը  յուրաքանչյուր կարգին ադրբեջանցու մեջ առաջացնում է լեղու արտադրությամբ ուղեկցվող նյարդային նոպա, ինչն էլ , ամենայն հավանականությամբ, հանգեցնում է հիշյալ տրամաբանությանը:

Հարևանների մամուլում նույնիսկ Հայաստանին նվիրված ավանդույթներ ու խորագրեր են ձևավորվել: Օրինակ` Հայաստանի ԱԳՆ-ին նվիրված գռեհիկ անեկդոտներ կան, որոնք, պետք է ասել, բավականին թույ լ են:

Ադրբեջանցի լրագրողների համար ազգային մարզաձև է դարձել ինտերնետում Արցախի կամ էլ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում գտնելը: Հենց որ որևիցե տուրիստական կազմակերպություն կամ էլ լրատվական պորտալ (տիրույթ) հիշատակում է «Արցախ» բառը, ադրբեջանական կայքերում  իսկույն հայտնվում է մի հիսթերիկ  հոդված, որով կոչ են անում ընթերցողներին իրենց զայրույթն արտահայտել մեղանչած խմբագիրների հանդեպ և պահանջել հարգել « Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ցավոք, շատ կազմակերպություններ են տեղի տալիս նման սադրանքին:  Եվ ահա, ինտերնետում հայտնվում են հայերի դեմ լրատվական պատերազմում հաղթանակը տոնող ցնծագին հոդվածներ:

Սակայն սա ուրիշ խոսակցության նյութ է: Տվյալ դեպքում  նպատակ  ունենք խոսել հարևան հանրապետությունում թշնամիների որոնման մասին: Քանի որ Ադրբեջանում փաստացի հայ չի մնացել, իսկ տեղաբնակների մեջ կուտակված ատելությանը պետք է ելքի  հնարավորություն տալ, Բաքվի մամուլը գտել է  միջոցը` սեփական երկրում ամենուրեք  Հայաստանի  հետ կապված ինչ-որ բան  փնտրելը:

Հայ գրողների գրքերը, բնականաբար, վաղուց արդեն չկան գրադարաններում, հայ տաղանդավոր ճարտարապետների ու հայտնի մեկենասների կառուցած փողոցները վաղուց  վերանվանված են, նույնիսկ 26 կոմիսարների հուշակոթողն են քանդել, քանի որ այնտեղ Ստեփան Շահումյան ազգանունն էր նշվում:

Եվ, այնուամենայնիվ,  ամենայն հայկականից մաքրազերծումը հաջողությամբ չի պսակվել. չնայած  բազմամյա շրջափակմանը, մեր երկրների ապրանքները վրացական կամ էլ իրանական սահմաններով թափանցում են ներքին շուկա: Եվ եթե հայկական շուկայում  Բաքվում փաթեթավորված ապրանք տեսնելով` մեր հայենակիցը ուսերը կթոթվի, ապա ադրբեջանցի լրագրողի համար դա  հիսթերիկ հոդվածի հիանալի առիթ է:

«Այսօր ադրբեջանական շուկայում ազատ կարելի է գնել հայկական «Արարատ» կոնյակ, «Ջերմուկ» հանքային ջուր, հայկական «Սիգարոն» և այլ արտադրանք»,- բողոքում է լրագրողը:-«Եր՞բ է Պետական անցագրային կոմիտեն համապատասխան միջոցներ ձեռնարկելու»:

«Հայկական «Սևան» չրերի ու քաղցրավենիքի ֆիրմայի արտադրանքը հայտնվել է Ադամ  Յաղուբովի պահեստում: Փաստի առիթով տարվում են ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ»- ձայնակցում է կայքային գործընկերը`Bakililar. az-ը:

«Վերջերս Բաքվում կառուցված «Բինա» առևտրի կենտրոնում գործում է հայկական«Արցախ» պիտակը կրող կանացի հագուստի խանութը»,-տարակուսանքով հայտնում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:

Ամեն աստծո օր ադրբեջանական ԶԼՄ-ները հայկական հետքեր են  գտնում շուկաներում ու խանութներում: Անմասն չի մնում նաև գրականությունը. թերթային հիսթերիան օգտագործվում է հերթական «սարսափի» ստեղծման համար, ինչպիսին հանրահայտ «Մարդակեր Կարինեն» է, որը, Էլչին Հասանովի հիվանդ երևակայությամբ, պահածոյացնում էր գերի ադրբեջանցիների միսը և  որպես ուտեստ ուղարկում Բաքու` ոչինչ չկասկածող  ադրբեջանցիներին:

Համեմատաբար վերջերս հայկական հետք սկսեցին փնտրել նաև գրախանութներում: Չ՞է որ  նենգ հայերը  տպագրված հրատարակությունով ադրբեջանական մտավորականության  ուղեղը թափանցելու առիթը բաց չեն թողնի: Եվ ահա,  Vesti.az-ում  հայտնվում է մի նոր վերնագիր. «Բաքվում վաճառվում է հայ հեղինակի գիրք»: Լուրով հետաքրքրված ընթերցողը ինքն իրեն հարց կտա`«Ի՞նչ գրքի մասին է խոսքը»: Հնարավոր՞ է արդյոք, որ գրախանութների դարակներին ինչ-որ հրաշքով  հայտնված լինեն ադրբեջանական ժողովրդի երդվյալ թշնամի Զորի Բալայանի կամ էլ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները: Պարզվում է, որ հայտնի «Ռուս-ֆրանսերեն մեծ բառարանի» համահեղինակներ   Մարիա Մուլաևայի և Մ.Ի. Պետրովիչի անունների միջև նենգորեն խցկվել է ոմն Ի.Ռ Գրիգորյանի անունը, որին հաջողվել է ֆրանսերեն բառերի տեսքով ինչ-որ հոգեծածկագրեր դնել, որոնք գրոհում են ադրբեջանական միամիտ աշակերտների և ուսանողների  ուղեղների վրա: Եվ, չգիտես ինչու, «այս փաստն առանձնապես չի անհանգստացնում  գրավաճառներին»: Ի դեպ, բառարաններում  և նույնիսկ փաթեթավորման մեջ հոգեծածկագրերի որոնումը նույնպես ադրբեջանական «հին ու բարի»  ավանդույթ է: 1928 թվականից  Բաքվում հրատարակվող «Աշտարակ» թերթը 2007 թ. հուլիսի 1-ի համարում իր ապշած ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ապշերոնյան հայերի ստորությունը վկայող մի պատմություն. իբր դեռևս  հեռավոր 1981 թ. հայերը կարողացել են Բաքվի սառնարանների կոմբինատի արտադրանքը  գաղտնակոդավորել: Այդ ստոր մտադրությունն իրագործվել է հիշյալ կոմբինատում աշխատող  նկարիչ-դիզայներ Բորիս Նիկոլաեվիչ Կարպենկոյի օգնությամբ, ում կնոջ ու մոր մեջ զգոն ադրբեջանցի լրագրողները հայկական արմատներ են հայտնաբերել: Պարզվում է, որ  «Պոլյուս» պաղպաղակի արտաքուստ անմեղ թվացող փաթեթը նենգ դիզայներն այնպես է ձևավորել, որ այն բովանդակի «Արցախ», «Դաշնակցություն», «Հնչակ», «Կռունկ»,«Ասալա», «Միացում» գաղտնի կազմակերպությունների  խորհրդանիշները և  նրանց անդամների համար ծառայի որպես ճանաչողական ազդանշան: Զգոն լրագրողի ամենատես աչքը փաթեթի զարդանախշերի մեջ հայտնաբերել է հայկական այբուբենի տառեր, դրանք համադրելով «Միացում» բառն է ընթերցվել:

Ութի ներսում շնաձկան  ձև ունեցող կապույտ հետքը, պարզվում է խորհրդանշում է «Արևմտյան. Ադրբեջանը» (հարևաններն այսպես են անվանում  ԼՂՀ-ի տարածքը), ձախից դարչնագույնը Նախիջևանն է: Գոտու ներսում հայտնաբերվել է լատինական II թիվը (բացահայտում.  փետրվար, Սումգայիթյան իրադարձությունների սկիզբ` իրագործված, բնականաբար, հայկական գաղտնի կազմակերպությունների  ձեռքով) և Լեռնային Ղարաբաղի անվանումը` իհարկե հայկական տառատեսակով:Դա էլ քիչ է, խորամանկ  հայ ազգայնականները տեղ-տեղ  տառերը փոխարինել են. «Աջում գտնվող պինգվին հիշեցնող դարչնագույն հետքը նշանակում է` Արցախի հողեր, իսկ 8-ի պատկերն ամբողջությամբ հարձակման պլան է Լեռնային Ղարաբաղի շրջանների վրա (Շուշի, Լաչին, Քելբաջար, Կուբաթլի, Զանգելան, Ջիբրայիլ, Ֆիզուլի, Աղդամ) , ավելացրած` Ագդյարին, Քելբաջար, Խոջավենդան: Այս ցնդաբանությունը կարելի է անվերջ  մեջբերել ու վերլուծել: Անբախտ փաթեթի վրա հայտնաբերվել են  6 «ալբանական» և  ուղղափառ խաչ,  որոնք հատման մեկ ընդհանուր կետ ունեն (հոդվածագիրը 6-ը համարում է  «սատանայի» թիվ):

Հոդվածի վերջում հեղինակը բազմանշանակ  հիշեցնում է, որ «Պոլյուս» պաղպաղակի համար փաթեթավորման թուղթը պատվիրվել է Ղազախական  Սեմիպալատինսկ   քաղաքում (որը գտնվում է, ինչպես գիտենք, նախկին միջուկային ռազմաբազայի մոտ), ըստ երևույթին, ակնարկելով  ոչինչ չկասկածող բաքվեցիներին ռադիոակտիվ նյութերով վարակելու միտումը:

Նմանատիպ ստեղծագործության ընթերցումն ակամա  հարց է առաջացնում, թե որտեղի՞ց են ադրբեջանցի     լրագրողները թմրանյութեր հայթայթում իրենց ֆանտաստիկ հիպոթեզների համար, որոնց կնախանձեր անգամ համաշխարհային դավադրությունների մասին հայտնի  տեսության  հեղինակ  Դեն Բրաունը:  Պարզ է, որ մեր հարևաններն օժտված են անհատնում ֆանտազիայով,  և Բաքվի մամուլն  այսուհետ  էլ մեզ կզվարճացնի  հայերի նենգության ու ամենակարող գաղտնի կազմակերպությունների  մասին գոհարներով:

Դիտվել է 2263 անգամ:
Print Friendly

Leave a Reply