Սեյրան Օհանյան. «Վերացել են անպատժելիության մասին թյուր ըմբռնումները»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2013 16:22

«2012թ. նվազել է ԶՈՒ-ում հանցագործությունների և իրավախախտումների թիվը, վերացել են անպատժելիության մասին թյուր ըմբռնումները, ինչպես նաև բարձրացել է զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակը»,- ամփոփելով 2012թ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա միաժամանակ հավաստիացրեց, որ 2012թ. ձեռնարկվել են միջոցառումներ զորակոչի ընթացքում հանցագործության դեպքերի, խախտումները բացահայտելու, կանխելու և զորակոչը արդարության սկզբունքերին համապատասխան իրականացնելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ իր անմիջական հսկողության տակ է վերցրել բժշկական հանձնաժողովների աշխատանքները, նախկինում եղել են թերություններ, սակայն աշնանային զորակոչի ընթացքում ավելի բարձր արդյունավետությամբ են իրականցվել այդ աշխատանքները:

2013թ. ևս հայ զինվորը իր մարտական խնդիրը կատարելու համար որևէ բանի պակաս չի ունենա հավաստիացնում է նախարարը՝ հավելելով, որ «այս տարվա ընթացքում պետք է շարունակենք ուշադրության կենտրոնում պահել մարտական խնդիրները՝ չդադարեցնելով աշխատանքները յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ «փոքր ուժերով՝ մեծ խնդիրներ» սկզբունքը իրագործելու համար:

Ինչպես նաև շարունակվելու է պայքարը զինված ուժերում արատավոր երևույթների դեմ, ավելացնում է նախարարը` հավելելով, որ շարունակվելու են խիստ մեթոդներ կիրառվել՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիայի վերացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վերջին ամիսներին զինակոչիկների և նորակոչիկների մահվան դեպքերին և թե ինչ խնդիրներ կան զորակոչը կազմակերպելու ռեսուրսների հետ կապված՝ նախարարը նշեց, որ «բոլոր դեպքերը մտահոգիչ են և որ բոլոր դեպքերի շուրջ համապատասխան որոշումներ են ընդունվել, հրամանատարության կողմից վեր են հանվել այն բոլոր թերությունները, որոնք որ նպաստել են այդ դեպքերին և միևնույն ժամանակ հարուցված են քրեական գործեր ԶՈՒ-ի քննչական ծառայության և դատախազության վերահսկողությամբ գործընթացը ընթանում է և պետք է հետևել գործընթացին՝ համապատասխան գնահատական տալու համար:

«Մեր բացերից մեկն էլ այն է, որ նախազորակոչային բժշկական բոլոր աշխատանքների, թե՛ հետազոտությունների, թե՛ բուժման ողջ գործընթացի և բանակում բժշկական ծառայության խնդիրների կատարման բացթողումներն են, որովհետև դեպքեր են եղել, երբ նորակոչիկը հիվանդություններ է ունեցել մինչև զորակոչվելը, սակայն այդ հիվանդությունների մասին չի տեղեկացրել, ո՛չ հավաքակայաններում, ո՛չ զինկոմիսարիատներում և ո՛չ էլ հրամանատարությանը»,- ասաց նախարարը հավելելով, որ 100 տոկոսով հնարավոր չի բացառել, որ ծառայության մեջ հանդիպելով դժվարությունների, կամ ադապտացման գործընթացում ինչ ընթացք կստանան այդ առողջական խնդիրները, սակայն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում և այդ բացը 2013թ. հերթական զորակոչի ընթացքում կլրացվի:

«Փաստինֆո»
Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply