Կայացավ ՏԿ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2013 16:47

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2012թ. համայնքների բյուջեների կատարողականի ցուցանիշները: Համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 106.6 մլրդ դրամի դիմաց կազմել են 95.4 մլրդ դրամ (կատարողականը` 89.5%): 2011 թ. համեմատ ընդամենը եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 9.1%-ով կամ 7.9 մլրդ դրամով: Սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29.7%-ը: Սեփական եկամուտները նախատեսված 32.5 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են 28.4 մլրդ դրամ (կատարողականը` 87.3%): 2011 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 13.6%-ով կամ 3.4 մլրդ դրամով:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդհանուր առմամբ դրական համարելով միտումները` նշեց, որ 2012թ. հիմնական վարչարարական խնդիրներն արձանագրվել են հողի հարկի հավաքագրման եւ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` պետական տուրքերի ծավալներում: Փոխվարչապետը նախարարության պատասխանատուներին հանձնարարեց 2013թ. որոշ համայնքներում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ նպատակային ստուգումներ իրականացնել:

Նիստում ներկայացվեց նաեւ մարզային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկություն` վեց մարզի մասով, մյուս չորս մարզի մասով արդյունքները կամփոփվեն մինչեւ փետրվարի 1-ը: Բարձրացվեց ծրագրի կատարման նկատմամբ իրականացվող մոնիտորինգի մեթոդաբանության փոփոխությունների հարցը, ինչը կարեւոր է մոնիտորինգի ընթացքում միասնականության ապահովման տեսանկյունից: Փոխվարչապետը հանձնարարեց առաջարկություններ մշակել մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու համար` կարեւորելով 2013թ. մոնիտորինգն արդեն նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հանգամանքը:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի ներկայացրած “Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվական¬ների գործողությունների ծրագրի” իրականացման մոնիտորինգի հաշվետվությունը:

Գործողությունների ծրագիրը ներառում է 14 գերակա ուղղություն, որոնց համար ընդհանուր առմամբ նախատեսվում է 147 կոնկրետ գործողությունների իրականացում: 2012թ. համար նախատեսված 83 գործողություններից, որից 54-ի պատասխանատուն Միգրացիոն պետական ծառայությունն է, ամբողջությամբ իրականացված է 78-ը, մասամբ է իրականացված 5-ը: Այսպիսով, 2012թ. նախատեսված միջոցառումներն իրականացված են 97 տոկոսով:

“Հայաստանի համայնքների միություն” իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկություններ ներկայացրեց “Եվրոկովկաս” միջտարածաշրջանային համագործակցության արդյունքների մասին: Դեռեւս 2009թ. հիմնադրված “Եվրոկովկաս”-ի շրջանակում Հայաստանի հյուսիսային երեք մարզերը`Լոռին, Տավուշը, Շիրակը համագործակցում են Վրաստանի չորս հարավային շրջանների հետ: Է. Երիցյանի գնահատմամբ, փոխգործակցության այդ ձեւաչափը կայացել է, տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք միկրոծրագրեր: Այն առավել արդյունավետ դարձնելու համար կարեւորվեց նաեւ տարածքային կառավարման մարմինների դերի ակտիվացումը:
Փոխվարչապետն առաջարկեց առաջիկայում հանդիպում կազմակերպել համապատասխան մարզպետների, համայնքների ղեկավարների հետ` “Եվրոկովկաս”-ի շրջանակում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Գործարկվել է նաեւ “Եվրոկովկաս”-ի կայքը`http://www.eurocaucasus.org/:

Է. Երիցյանն առաջարկություններ ներկայացրեց նաեւ տարածքներում զբոսաշրջային զարգացմանը տեղական իշխանությունների դերի մեծացման վերաբերյալ: Փոխվարչապետն առաջարկեց ներկայացնել առավել ամբողջական փաթեթ` նշելով նաեւ գործիքակազմը: Կոլեգիան որոշեց դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարին` նախարարության կոլեգիայի նիստում փաթեթը քննարկելու առաջարկով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply