Ռուստամ Իբրահիմբեկով. Ադրբեջանում Ազգային խորհրդի թեկնածուն կդառնա նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2013 15:14

Ադրբեջանի մտավորականների ֆորումի համահիմնադիր, հայտնի դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ակտուալ խնդիրների մասին ուշագրավ մի շարք հայտարարություններ է արել, հաղորդում է “Contact” թերթը:

«Եթե 2013թ. նախագահական ընտրությունները կրկին կեղծվեն, ինչպես նախկինում, դա կհանգեցնի սոցիալական պայթյունի: Այդ ժամանակ իրադրությունը երկրում կլինի այնպիսին, ինչպես Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում, և երկիր 30-40 տարով հետընթաց կարձանագրի», -ասել է Իբրահիմբեկովը:

Նրա կարծիքով՝ այսօր կարևոր է ոչ թե ընդդիմադիր միասնական թեկնածուն, այլ միասնական ծրագիրը: “Մեր նախաձեռնությամբ ստեղծվում է շարժում, որը պայմանականորեն կանվանվի «Երրոդ ուժ», և ըստ իս`ընտրողների թիվը կավելանա 30-40%-ով: Ցանկանում ենք ստեղծել նոր կառույց՝ Ազգային խորհուրդ, և նրա կազմում միավորել ժողովրդավարական և առաջադեմ բոլոր ուժերը: Նրանում կընդգրկվի շուրջ 50 հոգի, որոնք միասնական թեկնածու կընտրեն: Քննարկվում է տեսակետը, որ այդ անձը ընտրվի կարճ ժամկետով՝ մեկ-երկու տարի: Անհրաժեշտ բարեփոխումների իրականցումից և նոր խորհրդարանի ընտրություններից հետո պետք է տեղի ունենան նախագահական նոր ընտորւթյուններ`միջազգային դեմոկրատական ստանդարտների հիման վրա”, -ասել է Իբրահիմբեկովը՝ հավելելով, որ ինքը նախագահական ամբիցիաներ չունի և իր թեկնածությունը չի առաջադրելու:

Նա չի նշել որևէ թեկնածուի անունը, ով կարող է առաջադրվել Ազգային խորհրդի կողմից: Սակայն Իբրահիմբեկովը վստահություն է հայտնել, որ խորհրդի թեկնածուն ժողովրդավարական ուժերի աջակցության դեպքում հաղթանակ կտանի:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply