ԱԱԾ-ն ցավով է ընդունում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանցն ընկնելու յուրաքանչյուր դեպք

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 18, 2013 15:03

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվում են հայրենիքի դավաճանության համար դատապարտված Կարեն Մեհրաբյանի գործով որպես օժանդակող ներգրավված Աշոտ Չտրկյանի մոր` Անահիտ Չտրկյանի բաց նամակները, ուր նա իր բողոքն է արտահայտում նախաքննության ընթացքում իր որդու նկատմամբ իբր  թույլ տրված խախտումների, աղավաղումների դեմ: ԱԱԾին  ուղղված մեղադրանքներն «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանեց ԱԱԾ  Մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:

-Լավ  հասկանալով մոր զգացմունքները, որդուն պաշտպանելու ցանկությունը, որպես մայր նրա անվստահությունը գործով ձեռք բերված ապացույցների նկատմամբ, նշեմ, որ գործը քննվել է համապատասխան ատյաններում, անհերքելի ապացույցների ներքո կայացվել է համապատասխան դատավճիռ և Աշոտ Չտրկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օրենսգրքի 38-299 հոդվածներով, այն է, հայրենիքի դավաճանությանն օժանդակելու համար:

-Անահիտ Չտրկյանը նամակներում բողոքում է քննչական մարմինների աշխատանքից, որ որդուն մեղադրում  են, ընդամենը, ընկերոջը կնոջ հետ «սկայպով» խոսելու համար համակարգիչ  տրամադրելու մեջ, և որ գաղտնալսված հեռախոսազրույցներից վերցվել են հատվածներ, դրանք մոնտաժվել են և այդ ճանապարհով դարձել քննիչի  ուզած նախադասություններ:

-Առաջինը նշեմ, որ խոսքը գնում է  ոչ թե համակարգչի, այլ «սկան» կոչվող սարքավորման մասին, որը հնարավոր չէ որպես «սկայպ» օգտագործել: Չտրկյանը, քաջատեղյակ լինելով, որ Մեհրաբյանը Թուրքիայում վարձատրություն է ստանում ազգությամբ ադրբեջանցուց  և որ վարձատրությունը  Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դիմաց է, կատարել է վերջինիս պահանջները` գտել է առանձին, մեկուսի վայր և «սկան» կոչվող սարքավորում, որով պատճենահանված փաստաթղթերը հետագայում Մեհրաբյանը տարել է Թուրքիա:

Ինչ վերաբերվում է հեռախոսազանգերի իբր թե մոնտաժելուն, նշեմ, որ գործում օրենքով սահմանաված  կարգով, դատարանի որոշմամբ, առկա են Կարեն Մեհրաբյանի  հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ամբողջական վերծանումները, որոնց պատճեները տրամադրվել են և դատապաշտպաններին, և մեղադրյալներին, և դրանք  սահմանված կարգով  հետազոտվել են դատական  քննությունների ընթացքում:

Ուզում եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն  ցավով է ընդունում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանցն ընկնելու յուրաքանչյուր  դեպք: Փաստեմ, որ նույն  Անահիտ Չտրկյանի  նշած  երիտասարդներից երեքը  դատապարտվել են ծանր  հանցագործության  մասին իմանալու և չհայտնելու համար:

Սակայն հարկ եմ  համարում նշել, որ մեր գործունեության ընթացքում  քիչ  չեն  այն դեպքերը, երբ նման իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիները  կամովին ներկայացել են, հայտնել իրենց հետ  տեղի ունեցածի մասին և ՀՀ օրենքի  նորմերի  համաձայն որոշում է կայացվել նրանց պատասխանատվությունից  ազատելու մասին: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին զգոն լինել և նմանատիպ  դեպքերում անհապաղ դիմել ԱԱԾ համակարգի օգնությանը:

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply