Տեղեկանք Դեդ Հասանի կենսագրությունից և նոր մանրամասներ նրա դեմ կատարված մահափորձից,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 18, 2013 14:42

2013թ. Հունվարի 16-ին , Մոսկվայի կենտրոնում մահափորձ կատարվեց քրեական հեղինակություն, հայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դեմ: Դիպուկահարը հարևան շենքի աստիճանավանդակից վեց կրակոց է արձակել: Մի գնդակը վիրավորել է մաֆիոզին վզի հատվածում: Նույն օրը նա վախճանվել է Բոտկինի հիվանդանոցում:

Ասլան Ռաշիդի Ուսոյանը քրեական աշխարհում հայտնի է որպես Դեդ Հասան: Նա ծնվել է 1937 թ. Թիֆլիսում: Ազգությամբ եզդի է:

Ասլանը առաջին անգամ պատժաչափ է ստացել 19 տարեկանում, միլիցիային չենթարկվելու համար: Նրան դատապարտել են 1 տարի 6 ամիս բանտային ազատազրկման, սակայն 1956թ.  սկզբին Գերագույն դատարանը գործը վերավորակավորեց և Ուսոյանը ազատ արձակվեց: 1959թ. Դեդ Հասանը նորից նստեց մեղադրյալի աթոռին, այս անգամ կողոպուտի համար: Այն ժամանակ նրան մեղավոր ճանաչեցին ու դատապարտեցին 5 տարի ազատազրկման, բայց շուտով ժամկետից շուտ պայմանական ազատ արձակեցին :

1966 թ. Ուսոյանը նորից հայտնվեց գաղութում, որտեղ պետք է անց կացներ երեք տարի սպեկուլյացիայի համար: 1968 թ. պայմանական –ժամկետից շուտ արձակման մեջ ընկավ և վրացական հանցագործ աշխարհի առաջնորդների կողմից ճանաչվեց օրենքով գող: Հետագայում բազմիցս հայտնվել է ճաղերի ետևում:

Օպերատիվ տվյալների համաձայն, 1960-ականների կեսերին Դեդ Հասանը ղեկավարում էր քրեական խմբավորում, որը ստվերային բիզնեսներ էր վերահսկում երկրի տարբեր մասերում,  և ստանում իր բաժնեմասը ընդհատակյա ձեռներեցներից: Մաֆիոզը կապեր էր հաստատել ՆԳՆ և այլ իրավապահ կառույցների կոռումպացված աշխատակիցների հետ: Այդ պատճառով նա մինչև կյանքի վերջը ծառայություններ էր մատուցում այն գործարարներին, որոնք խնդիրներ ունեին օրենքի հետ:

Որպես Ռուսաստանի կրիմինալ աշխարհի թագավորներից մեկը, Դեդ Հասանը բազմիցս մասնակցել է զանազան խմբավորումների  միջև տեղի ունեցած քրեական պատերազմներին: Իրավապահներին հայտնի է առնվազն չորս մահափորձի դեպք Դեդ Հասանի կյանքի նկատմամբ: Ամենաաղմկոտ դեպքերից մեկը 1998թ.  օգոստոսի 8-ին էր, Սոչիի “Ռուբին “ սրճարանում, հայկական խմբավորման ղեկավար,  Բաքվեցի Ռուդիկի հետ հակամարտության ժամանակ էր: Պատահական կերպով  Ուսոյանը տուն էր գնացել քիլերների հայտնվելուց հինգ րոպե առաջ: Այդ փոխհրաձգության ժամանակ շատ քրեական հեղինակություններ զոհվեցին:

Դեդ Հասանը երբեք պաշտոնապես չի ամուսնացել, բայց երկար ժամանակ ապրել է Դուլշա Ավդոևայի հետ (ծնվ.1937 թ): 1962թ. նա Ուսոյանի համար տղա ունեցավ` Նոդարին, որը հետագայում գլխավորեց մի քանի առևտրային կազմակերպություն:  1960 թ. լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը` Նունուն: Զարմիկները օգնում էին Դեդ Հասանին ղեկավարել քրեական կայսրությունը:

2000-ականներին Ուսոյանը ռուսական մաֆիայի գլխավորներից մեկն էր, իսկ 2009թ. հոկտեմբերի 9-ին հայտնի օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի`Յապոնչիկի սպանությունից հետո  նա պրակտիկորեն միանձնյա ղեկավարում էր խմբավորումների մեծ մասը: 2010թ. քրեական հավաքից հետո  նրա դեմ հերթական մահափորձը կատարվեց, որից հետո Դեդ Հասանը ծանր վիրավորվեց, նույնիսկ շշուկներ կային, որ նա մահացել է, բայց Ուսոյանին հաջողվեց կենդանի մնալ:

Իր կյանքի վերջին տարիներին նա շարունակում էր իր ձեռքում պահել քրեական աշխարհը: Հիմնականում զբաղվում էր գողական դատերով, միաժամանակ մասնաբաժիններ ուներ շինարարական բիզնեսից: Ինքն իրեն նա անվանում էր “սովորական թոշակառու”: Մոսկվայի մերձակայքում մեծ տուն ուներ, որտեղ ապրում էր շրջապատված 24-ժամյա թիկնազորով, բայց հաճախ մեկնում էր մայրաքաղաք գործնական հանդիպումների:

2013թ. Հունվարի 16-ին Դեդ Հասանը իր թիկնապահներով շրջապատված եկել էր Մոսկվայի Պովարյան փողոցի ռեստորաններից մեկը : Այդ պահին դիպուկահարը հարևան շենքի աստիճանավանդակից կրակոց արձակեց: Թիկնապահը հրեց Ուսոյանին շենքի ներս, բայց քիլերը ևս հինգ կրակոց արձակեց և գնդակներից մեկը վիրավորեց Դեդ Հասանին վզի մասում:  Նրան փոխադրեցին Բոտկինի հիվանդանոց, որտեղ վախճանվեց: Ուսոյանի 76-ամյակին 1,5 ամիս էր մնացել:

«Դեդ Հասանի» սպանության տեսարանի եռաչափ ռեկոնստրուկցիան

Հավաք Մոսկվայի կենտրոնում. Քրեական հեղինակությունները փնտրում են Դեդ Հասանին փոխրինող

ԶԼՄ-ները շարունակում են քննարկել, թե ում էր ձեռնտու քրեական հեղինակության մահը:

Շատ ենթադրություններ  և վարկածներ կան: Քննչական կոմիտեն հաղորդում է այս աղմկոտ սպանության հետաքննության մանրամասները: Արդեն հայտնի է, որ կրակել են հարևան շենքի աստիճանավանդակից, երբ Դեդ Հասանը մոտեցել է դռանը: Առաջին գնդակը կպել է նրան, բայց թիկնապահներին հաջողվել է Ուսոյանին ներս տանել:

Այնուհետև ևս հինգ կրակոց է  եղել, թիկնապահները փորձել են պատասխանել կրակոցներով: Ենթադրվում է, որ մարդասպանը մենակ չի եղել: Վեց փամփուշտներից մեկը ծակել է ռեստորանի դուռը և վիրավորել նրա աշխատակցուհուն`30-ամյա Միրյատ Բիկչուրինային: Կինը այժմ գտնվում է Սկլիֆոսովսկու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, նա շատ արյուն է կորցրել,վնասվել է ողնուղեղը,ծակվել են թոքը և ազդրը: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է թոքերի արհեստական օդափոխիչով:

Հանցագործը կրակել է անձայն “Վալ” ավտոմատից, 100-120 մետր հեռավորությունից: Այդ զենքն  օգտագործում են ռուսական բանակի հատուկ ստորաբաժանումները և հատուկ ծառայությունները:

Սակայն Life News-ի տրամադրության տակ է հայտնվել տեսախցիկի տեսագրությունը: Օբյեկտիվում հայտնվել են տղամարդիկ, որոնք հայտնի օրենքով գողի սպանությունից մեկ ժամ առաջ մտնում են Նովինսկի բուլվարի շենքի մուտքը:

“Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես ժ.12.49 –ին մուտք են մտնում երկու տղամարդ, որոնցից մեկի ձեռքում մեծ պայուսակ կար,-պատմում է քննչական մարմիններին մոտ կանգնած աղբյուրը: Տեսագրությունը վատ որակի է, բայց ոչ մեծ ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ այդ մարդիկ կապ ունեն սպանության հետ: “

Հավանաբար կրակողը կամ զինվորական է , կամ էլ բիաթլոնիստ, որովհետև այդ հեռավորությունից համարյա թե անհնար է դիպչել մարդուն, եզրակացրել են փորձագետները:

Ողջույն Էմիրաթներից
Անցյալ տարի Ուսոյանը զգալի ավելացրեց իր թիկնապահների թիվը, պարզ էր որ նա վախենում էր իր կյանքի համար: Պարզվում է, որ քրեական խմբավորումների պատերազմի հետ կապված, շատերին էր ձեռնտու նրա մահը: Որոշ ԶԼՄ-ներում ենթադրություններ են հայտնվել, որ սպանության ետևում կանգնած են այն օրենքով գողերը, որոնք մի քանի տարի առաջ փոխադրվել են Արաբական էմիրություններ: Վերջին ժամանակները նրանք հազվադեպ էին երևում Ռուսաստանում, այդ պատճառով Դեդ Հասանը նրանց լուրջ չէր վերաբերում: Սակայն հատուկ ծառայությունների տվյալների համաձայն` հենց այդ մարդիկ էին 2012թ. վերջին Դուբայում կազմակերպել քրեական ամենաազդեցիկ հեղինակությունների գաղտնի հավաք: Այնտեղ հավաքվել էր  առնվազն 50 մարդ: Հավանաբար նրանք էլ որոշել են Ուսոյանի ճակատագիրը:

Տարվա սկզբին (դեպքերի բերումով) Մոսկվա են թռել այդ հատուկ հանդիպման մասնակիցներից մի քանիսը: Դեդ Հասանը ուժեղացրել էր իր պաշտպանությունը, բայց դա էլ նրան չփրկեց մարդասպանի փամփուշտից:

Այժմ շատ փորձագետներ կանխատեսումներ են անում խմբավորումների միջև կայանալիք նոր պատերազմների ալիքի և ազդեցությունների ոլորտների`թմրանյութերի և զենքի վաճառքից մինչև խոշոր ձեռնարկությունների վերահսկում, վերաբաշխման մասին: Այնպես որ, հնարավոր են նաև նոր աղմկոտ սպանություններ:

Ով  կզբաղեցնի Դեդ Հասանի “գահը”:

Համարվում է, որ Դեդ Հասանի քրեական “գահը” կզբաղեցնի նրա զարմիկ Դմիտրի Չանտուրիան (նա Միրոնն է): Բացի այդ, այս տարի իսպանական բանտից կարող է ազատվել Զաքարիա Կալաշովը` Շաքրո Կրտսերը: Նրանց ստեղծած ստվերային ֆինանսական կայսրությունը Ուսոյանի կլանի հիմքն է: Օպերատիվ տվյալների համաձայն հենց դա էլ եղել է քրեական աշխարհի կռվախնձորը:

Նույն օրվա երեկոյան, երբ կատարվեց Դեդ Հասանի դեմ մահափորձը և նա մահացավ, Մոսկվայի կենտրոնում հավաքվեցին քրեական հեղինակությունները: Հավանաբար նրանք ընտրեցին հանցագործ աշխարհի թագավորին փոխարինող:

Հավաքը տեղի ունեցավ հունվարի 16-ին, ժամը 22-ին Պրավդա փողոցում  գտնվող “Պորտո Մալտեզե” ռեստորանում: Բանակցություններին մասնակցում էին հանցագործ ընկերությունների առաջնորդները, որոշ տվյալների համաձայն,  նաև դեդ Հասանի զարմիկը, հաղորդում է  “Вести. Дежурная часть”-ը:

Հանդիպումը կարճ է տևել, մոտ 40 րոպե: Որից հետո հյուրերը Կալաշնիկով ավտոմատներով զինված թիկնապահների ուղեկցությամբ լքել են ռեստորանը, նստել ավտոմեքենաներն ու շարասյունով գնացել են այլ հանդիպման: Չի բացառվում, որ Ասլան Ուսոյանի փոխարինող ընտրվել է հենց նրա զարմիկը:

Ասլան Ուսոյանի հարազատները մտադիր են խնդրել Վրաստանի իշխանություններից թաղել նրան իր ծննդավայրում: Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների համաձայն , հինգշաբթի երեկոյան Ուսոյանի հարազատներին թույլ են տվել վերցնել հանգուցյալի մարմինը դիահերձարանից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ ասվում էր, որ Դեդ Հասանին ամենայն հավանականությամբ կթաղեն մայրաքաղաքի Դանիլովյան գերեզմանատանը, որտեղ հագչում են քրեական աշխարհի հետ առնչություն ունեցեղ շատ էթնիկ քրդեր: Ուսոյանի թաղման օրը դեռևս հայտնի չէ:


 

Դիտվել է 3239 անգամ:
Print Friendly

Leave a Reply