Կենտրոնական կլինիկայում մահացած 18-ամյա զինծառայողը մեկ ամիս առաջ էր զորակոչվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2013 11:50

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 18-ամյա Արմենակ Մկրտչյանը, ով հունվարի 17-ին մահացել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում դեկտեմբերին էր զորակոչվել բանակ եւ վախենում էր մթությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սվարանց գյուղի գյուղապետ Արթուր Մարգարյանը:

Գյուղապետի փոխանցմամբ շուրջ 1.5 տարի է, ինչ նա մութն ընկնելուց հետո տանից դուրս չէր գալիս: «Արմենակի մոր պատմելով մի գիշեր շունը կտրել է Արմենակի ճանապարհը հաչացել, որից շատ ուժեղ վախեցել է»,- պատմեց գյուղապետը: Արթուր Մարգարյանը նշեց, որ Արմենակի ծառայության կարճ ժամանակահատվածում նույնիսկ զորամասից շնորհակալագիր են ստացել, որ նա շատ լավ ծառայող է: «Հունվարի 12-ին Արմենակի պրիսյագն էր: Սակայն մայրը գնացել է զորամաս, ասել են, որ նա կոմայի մեջ է: Այնինչ` Արմենակի մայրը հունվարի 9-ին հենց մեր տանից խոսեց Արմենչոյի հետ եւ պայմանավորվեցին, որ պրիսյագից հետո գնալու են Ջրառատ պրիսյագը հորաքրոջ տանը նշելու»,- պատմեց գյուղապետը:

Նրանից նաեւ տեղեկացանք, որ Արմենակի հայրը 5 տարի առաջ է մահացել: Ընտանիքում Արմենակը ունի իրենից մեծ 1 քույր, 1 եղբայր եւ տատիկ ու պապիկ: Իսկ Արմենակը ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար 8-րդ դարանից դպրոցից դուրս է եկել եւ մինչեւ ծառայության մեկնելը Երեւանում ավտոմեխանիկ է սովորել ու աշխատել: Գյուղապետը նշեց, որ Արմենակի տատին ու պապին մահվան լուրը դեռ չեն կարողացել հայտնել: 18-ամյա զինծառայողի դին գյուղ կտեղափոխեն դեկտեմբերի 18-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին, ժամը 05:30-ին, միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին Պաշտպանության նախարարությունից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: «ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմենակ Մանուչարի Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- հայտնել էին ՊՆ-ից:

NEWS.am

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply